12.06.2015 16:16

Խուան Ֆելիպե Հեռերան՝ ԱՄՆ Պոետ մրցանակի դափնեկիր

 Խուան Ֆելիպե Հեռերան՝ ԱՄՆ Պոետ մրցանակի դափնեկիր

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ Խուան Ֆելիպե Հեռերան կդառնա ԱՄՆ Պոետ մրցանակի առաջին լատինաամերիկացի դափնեկիրը: Մրցանակը շնորհվում է 1936-ից. մինչև 1985-ը այն կոչվել է Կոնգրեսի գրադարանի պոեզիայի գծով պոետ-խորդհրդատու մրցանակի դափնեկիր, ապա Կոնգրեսի որոշմամբ ստացել է ներկայիս անվանումը:

Հեռերան ծնվել է Կալիֆոռնիայիում. նրա ծնողները Մեքսիկայից եկած միգրանտներ են: Նա սովորել է Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանում, ապա՝ Սթենֆորդի համալսարանում, մասնակցել է Այովայի գրողների աշխատանքային սեմինարին:

Հեռերան համարվում է արգասաբեր գրող. գրել է տասնյակ գրքեր (ըստ Կոնգրեսի գրադարանի՝ 28 գիրք)՝ բանաստեղծությունների ժողովածուներ, չափածո վեպեր, մանկական գրքեր: Բացի բազմաթիվ գրքեր գրելուց՝ Հեռերան Կալիֆոռնիայում աշխատել է նաև որպես պոետ՝ ստեղծագործական շարադրություն դասավանդելով բազմաթիվ ուսումնական և ոչ ուսումնական հաստատություններում՝ քոլեջներում, համալսարաններում, ավագ դպրոցներում, բանտերում, աշխատանքային ճամբարներում:

Անդրադառնալով այս մրցանակին արժանանալուն՝ Հեռերան նշել է, որ դա մեծ պատիվ է իր համար. «Այո, ես ԱՄՆ-ում Պոետ մրցանակի առաջին լատինաամերիկացի դափնեկիրն եմ, բայց ես այստեղ եմ նաև յուրաքանչյուրի համար և յուրաքանչյուրի կողմից: Իմ ձայնը բաղկացած է յուրաքանչյուրի ձայնից»:

Մրցանակի դափնեկրի մեկ տարվա ժամկետը ենթադրում է որոշ պարտավորություններ՝ հիմնականում միտված պոեզիայի լսարանը մեծացնելուն: Հեռերան մտածում է դափնեկիր լինելու իր ժամանակահատվածում Կոնգրեսի գրադարանի հետ անցկացնել ծրագիր, որ կոչում է «Գույների տուն»՝ ընդգրկելով տարբեր գույն ու մշակութային ետնապատկեր ունեցող մարդկանց: Գրողը ցանկանում է նաև ոգևորել լատինաամերիկացի ուսանողներին գրել, կարդալ և օգտվել Կոնգրեսի գրադարանի ռեսուրսներից: Նրա կարծիքով՝ թեպետ անընդհատ խոսվում է իրար հասկանալու, հաղորդակցվելու մասին, բայց դեռևս շատ անջրպետներ կան, և այդ անջրպետները կարելի է վերացնել գրականության, գրելու միջոցով. «Ես ուզում եմ, որ մեր լատինաամերիկացի աղջիկներն ու տղաները գրեն, արտահայտեն իրենց սրտի խոսքը և դրանով մեզ բոլորիս իրար լսելու հնարավորություն տան»:

Հեռերան դափնեկիր կդառնա սեպտեմբերին՝ Ազգային գրքի փառատոնի ընթացքում: