13.06.2015 10:12

Վիլեն Գայֆեջյան. «SOS»-ը փորձում է ազատ խոսքի իրավունք սերմանել

Վիլեն Գայֆեջյան. «SOS»-ը փորձում է ազատ խոսքի իրավունք սերմանել

«Մենք հատուկ թիրախներ չունենք, եթե կա բռնություն, եթե կա մարդու իրավունքների խախտում, մենք դա ներկայացնում ենք հասարակությանը»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց «SOS» հաղորման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը: «Մենք եթե նկատենք մի բան, որը մեզ խանգարում է ապրել, որը մարդու իրավունքների խախտում է, մարդկանց դեմ բռնություն է, մենք այդ ամեն ինչի մասին բարձրաձայնելու ենք, սակայն, միանշանակ, օրենքի սահմաններում, ու եթե տեղեկատվությունը ճիշտ է»,- նշեց նա:

Վիլեն Գայֆեջյանի խոսքով՝ այն ժամանակ, երբ մարդիկ հասկանան, որ ունեն ձայնի իրավունք, ունեն օրենքներ, որոնք կարող են պաշտպանել, շատ բան կփոխվի երկրում: «Այսօր մարդիկ ուղղակի վախենում են ասել այն, ինչ ուզում են: Եթե կան 100 հոգի, ովքեր չեն վախենում՝ երեք միլիոնի մեջ, դա շատ քիչ է: Մենք փորձում ենք սերմանել ազատ խոսքի իրավունք եւ փորձում ենք ասել՝ մարդի՛կ, դուք ունեք իրավունք, որը կարող եք պաշտպանել»,- ասաց նա:

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին, որի մասին վերջինս բարձրաձայնել էր «SOS Գ/7» հաղորդման ժամանակ՝ Վիլեն Գայֆեջյանը նշեց, թե զոհված զինծառայողների մայրերի դեմ իրականացված բռնությունը առաջին դեպքը չէ. ոստիկանների կողմից բռնություններ իրականացվել են նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիաների մասնակիցների, Կոմիտաս 5-ի բնակիչների նկատմամբ եւ այլն: «Բռնությունը իրականացվել է բոլոր քաղաքացիների նկատմամբ: Անգամ, եթե ոստիկանները գործում են օրինական կամ հրաման են ստանում օրենքի սահմաններում, կարծում եմ, որ քաղաքացին, եթե չի խախտում օրենք, եթե վնաս չի տալիս, ապա իրավունք ունի իր  պահանջը արտահայտելու, ու դրա դեմ բռնություն կիրառելը օրենքի խախտում է ոստիկանության կողմից», - նշեց նա: Վերջինիս կարծիքով՝ ճնշումները գործադրվում են ակտիվ մարդկանց լռեցնելու նպատակով:

«Չեմ հավատում խաղաղ ճանապարհով հեղափոխությանը, որովհետեւ չեմ տեսել, միգուցե եղել է: Ես ոչ ոքի չեմ դրդում, ասում եմ այն, ինչ տեսել եմ, լսել եմ, կարդացել եմ: Այնուամենայնիվ, ես դեմ եմ բռնությանը, սակայն պետք է հաշվի առնել, որ հեղափոխությունից հետո պետությանը շատ երկար ժամանակ է պետք է ոտքի կանգնելու համար, ամենավառ օրինակը Ուկրաինան է»,- ասաց նա:

Վիլեն Գայֆեջյանի խոսքով՝ ժողովուրդը այսօր վճարունակ չի շատ հարցերում, մարդիկ չեն կարողանում ապրել, իրենց օրվա հացի կոպեկներն են վաստակում, եւ մարդկանց վիճակը շատ ծանր է: «Այսօր կարողանում է ապրել միայն հարուստների խավը, միջին ու ցածր խավը այսօր հնարավորություն չունի իր ուզածի պես ապրելու: Կարծում եմ, որ սա իշխանությունների մեղքն է: Պետք է այս ամեն ինչը չլիներ: Ամեն գնով անհրաժեշտ է ստեղծել աշխատատեղեր, ոչ թե, օրինակ, մի օր որոշվել ուղղակիորեն էլեկտրաէներգիայի գինը բարձրացնել: Դա իմ համար աբսուրդ է, մանավանդ՝ երբ չի ներկայացնում, թե ինչու»,- ընդգծեց Վիլեն Գայֆեջյանը:

Անդրադառնալով «SOS» հաղորդումին՝ նա նշեց, որ  տեսանյութների 50 տոկոսն է դիտվում Հայաստանում. մնացած դիտումները արտասահմանից են: «Մենք դեռ սահմանափակվում ենք «Youtube»-ով, բայց եթե լինեն ինչ-որ առաջարկներ հեռուստատեսություններից, հնարավոր է, որ համաձայնենք, բայց միայն այն պայմանով, որ մեզ վրա սահմանափակումներ չդրվեն, ինչը, կարծում եմ, որ քիչ հավանական է: Ես քաջատեղյակ եմ, որ բոլոր հեռուստատեսություններում կան սահամանափակումներ: Հենց այդ պատճառով էլ մեզ համար ինտերնետն այն տեղն է, որտեղ կարող ենք ազատ արտահայտվել, իսկ քննադատությանը մենք շատ նորմալ ենք վերաբերվում: Օրինակ՝ մեր առաջին հաղորդումներում մենք ցենզուրայից դուրս շատ արտահայտություններ ենք արել, որը շատ-շատերին դուր չի եկել եւ սահմանափակել է մեր լսարանը: Մարդիկ կան, որոնց համար տհաճ է դա, սակայն միջազգային պրակտիկայում դա նորմալ է: Մենք մեր լսարանը մեծացնելու համար արդեն փորձում ենք ավելի շատ ցենզուրայի սահմաններում գործել, վերջին հաղորդումներում մենք ընդհանրապես ցենզուրայից դուրս չենք եկել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակիցներից երեքը դատի են տվել «SOS»-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանին՝ պնդելով, որ վերջինս հրապարակայնորեն վիրավորանքներ է հասցրել ոստիկանների հասցեին` պահանջելով նրան ենթարկել քաղաքացիա-իրավական պատասխանատվության:  « Այս դատական գործը իսկապես ծիծաղելի է: Երբ կարդում ես, դեմքիդ ժպիտ է առաջանում: Չգիտեմ՝ սա ճնշելու միջոց է, թե ոչ, ամեն դեպքում ես պատրաստ եմ դրան: Ես կանգ չեմ առնելու, քանի որ ունեմ ազատ խոսքի իրավունք, եւ ես օրենք չեմ խախտել ու չեմ էլ խախտելու: Կանգնելու միտք չունեմ ընդհանրապես, իսկ այն օրը, երբ հանկարծ օրենք խախտեմ, պատրաստ կլինեմ պատասխանատվություն կրելու»,- նշեց նա:

Նշենք նաեւ, որ «SOS»-ի ստեղծագործական խմբի անդամները վերջերս ներողություն էին խնդրել հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանցից՝ այն պատճառով, որ «Գժանոց» անունը կրող վերջին թողարկումը վերաբերում էր հոգեկան հիվանդություններին: Շատերը պնդում էին, թե այդ հաղորդումը վիրավորում է հոգեկան հիվանդություն ունեցողների իրավունքները: Սակայն կան կարծիքներ, թե ներողություն խնդրելով՝ ստեղծագործական խմբի անդամները տեղի են տվել: Այս կապակցությամբ Վիլեն Գայֆեջյանը նշեց. «Ես չեմ  հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են, որ ներողություն խնդրելով՝ մենք տեղի ենք տվել: Նախ՝ մեզ տեղեկություն հասավ, որ շատ-շատ մարդիկ, ում հարազատները կամ իրենք ունեն հոգեկան խնդիրներ, վիրավորվել են մեզնից: Մենք խոսեցինք նրանց հետ, որից հետո որոշեցինք ներողություն խնդրել, քանի որ միտումնավոր վիրավորանք չկար ու չէր էլ կարող լիներ: Մենք մեր այս քայլով ցանկացանք բոլորի ուշադրությունը հրավիրել այդ մարդկանց վրա, ովքեր այժմ ստվերում են: Շատ քչերը գիտեն, թե ինչ վիճակում են այդ մարդիկ բուժումներ ստանում: Իսկ այս ամեն ինչից հետո արդեն լրագրողները սկսեցին հետաքրքրվել այդ մարդկանցով: Նպատակն այս մարդկանց վրա ուշադրություն հրավիրելն էր:

Ինչ վերաբերում է մեր նախորդ հանդիպումներին, ապա կասեմ, որ ամեն հաղորդումից էլ մարդիկ կարող են վիրավորվել, բայց՝ լրիվ անհիմն, որովհետեւ մենք ոչ ոքի անձնական վիրավորանք չենք հասցնում. հիմնականում դա իրենց մոտ ինքնաներշնչանք է: Մեր ամեն խոսքում մարդիկ կարող են շատ ենթատեքստեր տեսնել եւ վիրավորվել: Բայց այդքան պրիմիտիվ մի՛ եղեք:

Ներողություն խնդրելու գաղափարը հասունացավ այն ժամանակ, երբ ես ու Հայկ Բարսեղյանը տեսանք Սամվել Մարտիրոսյանի քննադատական գրառումը, որտեղ քննարկումներ էին ընթանում: Մարդիկ պաշտպանում էին հոգեկան խնդիրներ ունեցողներին, եւ մենք դիմեցինք իրենց՝ ասելով, որ ոչ ոքի չենք ցանկացել վիրավորել: Հենց այդ պատճաով էլ մենք հրապարակային ներողություն խնդրեցինք: Իսկ երբ մարդիկ, օրինակի համար, հարցնում են, թե չենք ուզում բուսակերներից ներողություն խնդրել կամ անչափահասներից՝ ո՛չ, մենք չենք ուզում, քանի որ մենք, նախ, չենք վիրավորել այդ մարդկանց, եւ երկրորդն էլ՝ խոսքը բոլոր անչափահասների կամ բուսակերների մասին չէ, որովհետեւ կան կոնկրետ  մարդիկ, ում մասին մենք խոսել ենք: Իսկ ոմանք դա  իրենց են վերագրում:

Բուսակերությունը խնդիր չի, քանի որ մարդն անձամբ է որոշում, իսկ անչափահաս բոլորս էլ եղել ենք, դրա համար ես չեմ կարծում, որ արժի նրանցից ներողություն խնդրել: Մեր ներողությունը ուղղված է այն մարդկանց, ովքեր ունեն խնդիրներ եւ ստվերի տակ են»,-նշեց Վիլեն Գայֆեջյանը:

Վերջինս հայտնեց նաեւ, որ իրենց վրա ներկայիս դրությամբ կան բացասական ճնշումներ, որոնք չցանկացավ կոնկրետացնել: «Հաղորդումից հետո մեր կյանքը փոխվեց: Այո՛, կան բացասական ճնշումներ, բայց մեզ ոչ ոք չի ահաբեկել, ոչ ոք չի ասել՝ մի՛ արեք, հատկապես իշխանությունները մեզ վրա որեւէ ազդեցություն չեն ունեցել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց համար այժմ շատ կարեւոր է հանրային աջակցությունը: «Այսօր շատ մարդիկ պատրաստ են մեր կողքը կանգնել, բայց մենք ամենավատին էլ ենք պատրաստ. հնարավոր է, որ մի օր գա, եւ ոչ ոք մեր կողքին չլինի»,- նշեց Վիլեն Գայֆեջյանը: 

Մարիամ Մուրադյան