13.06.2015 12:38

Հայաստան-Պորտուգալիա.խաղից առաջ

Հայաստան-Պորտուգալիա.խաղից առաջ

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ մենամարտում Պորտուգալիայի ազգային ընտրանին պետք է ջանքեր գործադրի առաջին հորիզոնականում իր տեղն ամրապնդելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հաղթի Հայաստանի հավաքականին: Եվրոպայի ուժեղ հավաքականներից մեկի համար սա այնքան էլ հեշտ լուծելի խնդիր չէ. պորտուգալացիները հայերին սեփական դաշտում չեն կարողանում հաղթել 2013 թվականի հոկտեմբեր ամսից ի վեր: 

Պատմությունից. Այս երկու հավաքականները միմյանց դեմ են դուրս եկել 5 անգամ: Վերջին երկու հանդիպումներում պորտուգալացիները  հաղթանակ են տոնել: Սակայն դեռևս ոչ մի անգամ նրանց չի հաջողվել հաղթել հայերին նրանց հարազատ պատերի ներքո:

1996 թվականին Հայաստանի հավաքականը մասնակցում էր իր պատմության մեջ երկրորդ ընտրական փուլին: Oգոստոսի 31-ին,Երևանում, «Հրազդան» մարզադաշտում, Խորեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ մեր ազգային թիմը հանդիպեց Պորտուգալիայի հավաքականի հետ: Մի հավաքական, որն համարվում էր 1996 թվականի Եվրոպայի առաջնության ֆավորիտներից մեկը: Այդ իսկ պատճառով Հայաստանի հետ խաղում ակնհայտ ֆավորիտը Պորտուգալիան էր, որի կազմում այդ ժամանակ փայլում էին Լուիշ Ֆիգուն, Ռույի Կոշտան, Վիտոր Բայան, Ֆերնանդո Կոուտուն, Սա Պինտուն, Բենտուն, ՍերժուԿոնսեյսաուն, Դիմաշը և շատ ուրիշներ: Իսկապես, դա Պորտուգալիայի հավաքականի ոսկե սերունդն էր, որը ժամանակին դարձել էր նաև Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող:

Այդ հանդիպումը հայերի համար նշանավորվեց թիմի ներկայիս ավագ Ռոման Բերեզովսկու և ֆրանսիական «Նանտի» ներկայիս մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի դեբյուտով: Ի դեպ, վերջինս մինչև վերջ չխաղաց.նրան փոխարինեց Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը: Հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով: Ռոման Բերեզովսկին իր «մկրտությունն» ստացավ  ահեղ մրցակցի հետ խաղում և «չոր» հանդիպում անցկացրեց:

 

Սետուբալում տեղի ունեցած պատասխան հանդիպման ժամանակ ևս Հայաստանի հավաքականը ոչ մի բանով չէր զիջում ահեղ պորտուգալացիներին, սակայն վերջիններիս բարձր կարգը և սեփական դաշտում հանդես գալը оգնեցին պորտուգալացի ֆուտբոլիստներին հաղթել հայերին` 3-1հաշվով:

Արդեն այդ ժամանակ պորտուգալացիները չէին թերագնահատում իրենց մրցակցին, և  նրանք շատ կարևոր միավորներ ձեռք բերեցին: Սակայն,պետք  նշել նաև այն,որ հենց Երևանում գրանցած ոչ ոքին թույլ չտվեց պորտուգալացիներին  խմբից դուրս գալ. գերմանացիները և ուկրաինացիները 19 միավորով առաջ անցան Պորտուգալիայից, իսկ հայերի թիմը` լեգենդար Խորեն Հովհաննիսյանի ղեկավարությամբ, խմբի ֆավորիտ համարվող Պորտուգալիայի հավաքականից անմիջապես հետո զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը` իր հետևում թողնելով Հյուսիսային իռլանդացիներին և ալբանացիներին:

11 տարի անց կրկին Պորտուգալիան հյուր եկավ Հայաստան և կրկին, ինչպես ևայսоր, Հայաստանի ազգային ընտրանու դարպասը պաշտպանում էր Ռոման Բերեզովսկին: Այդ ժամանակ Հայաստանի  հավաքականը վերածնունդ էր ապրում շնորհիվ շոտլանդացի խիզախ մարզիչ Յան Պորտերֆիլդի:

Շատերը գիտեն նրա հիվանդության պատմությունը,որը, դժբախտաբար, մահացու հզոր մարզչի համար:Պորտերֆիլդի ինքնանվիրումն ու քաջությունը հայ ֆուտբոլիստների մեջ մարզական կամք և պայքարի ոգի էր արթնացրել: Եվ հենց նրա օրոք էր, որ հայկական ֆուտբոլն ասես կրկին կենդանացել էր: Այդ ժամանակ հայերը հանդիպումների հիանալի շարք անցկացրին. կարողացան խմբի ուժեղագույն հակառակորդների` Սերբիայի, Լեհաստանի և Պորտուգալիայի հետ խաղերից ձեռք բերել  4 միավոր և ոչ մի անգամ չպարտվել, միևնույն ժամանակ արտագնա խաղում հաղթել Ղազախստանի  հավաքականին:

 2007թվականին, ինչպես այսоր, պատմությունը նույնն էր. կրկին Սերբիա ու Պորտուգալիա: Լեփլեցուն Հանրապետական մարզադաշտում հանդիսատեսն ականատեսը դարձավ «Մանչեսթր Յունայթեդի»այդ ժամանակ դեռ երիտասարդ տաղանդ Քրիստիանո Ռոնալդուի գոլին,սակայն հայերը դեռևս խաղի մեկնարկում առաջ անցան.ստանդարտ դիրքից գոլի հեղինակ դարձավ  երիտասարդ Ռոբերտ Արզումանյանը:

Այս հանդիպումը Յան Պորտերֆիլդի կյանքում վերջինն էր. նա 61 տարեկան էր, մարզիչ,որ ֆուտբոլին էր նվիրել իր կյանքի 28 տարիները, հեռացավ հպարտ,գլուխը բարձր: Այնուհետև Եվրո 2008-ի ընտրական փուլի պատասխան հանդիպմանը հայերը պարտվեցին նվազագույն` 1-0 հաշվով, բայց այդ ժամանակ արդեն Հայաստանի հավաքականի մարզիչը Վարդան Մինասյանն էր:

Հարկ  է նշել, որ այդ ժամանակներից կան փոքրաթիվ  ֆուտբոլիստներ,ովքեր այսօր էլ հանդես են գալիս:  Պորտուգալական կողմից նրանք 8 հոգի են` Ռոնալդու, Կուարժեմա, Բրունո Ալվեշ, Մոուտինյո, Պեպե, Նանի, Տյագո, Կարվալյո, հայկական կողմից 4-ը` Ռոման Բերեզովսկի, Ռոբերտ Արզումանյան, Գևորգ Ղազարյան, էդգար Մանուչարյան, Սարգիս Հովսեփյան (մարզիչը):

 

Ճանապարհ դեպի Երևան. Պորտուգալիայի հավաքականը հիանալի մարզավիճակով է մոտենում Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը. Թիմի բոլոր առաջատարները և հիմնական խաղացողները կազմ ու պատրաստ են, բացի Իսպանիայի առաջնության ժամանակ վնասվածք ստացած Պեպեից և Անդրե Գոմեշից: Հայաստանի հավաքականում վնասվածք ունի Յուրա Մովսիսիյանը, սակայն, ի տարբերություն նախորդ խաղերի, խաղադաշտում կլինի Արաս Oզբիլիսը, ում հայ Մեսսի են համարում: Հենց այս ֆուտբոլիստի խաղով շատ բան պայմանավորված կլինի Երևանում:

Հայաստանի հավաքականը միայն տեսականորեն հնարավորություն ունի դուրս գալու խմբից: Դրա համար նորանշանակ մարզիչը պետք է առավելագույն ջանքեր ներդնի: Առանց գլխավոր հարձակվողի, Սարգիս Հովսեփյանը պետք է ինչ-որ նոր բան մտածի, և, միևնույն ժամանակ, կարողանա  ամուր փակել Ռոնալդուին:

Զարմանալի է այն իրողությունը, որ ինչ-որ ժամանակ, հենց Սարգիս Հովսեփյանն էր եզրում փակում աստղային պորտուգալացուն: Հիմա նա գլխավոր մարզիչ է, իսկ Ռոնալդուն մնացել է նույն տեղում, միայն թե հիմա նա աստղ է ու նրա անունը ավելի հնչեղ է :

Պորտուգալացիները Երևան են եկել 3 միավոր ձեռք բերելու համար, որպեսզի խմբում իրենց  առավելությունն ավելի ամուր ու կայուն դարձնեն: Իսկ Հայաստանի հավաքականը փորձելու է չպարտվել: Դա հայերի համար պատվի խնդիր է: Հայերը կարողանում են սեփական դաշտում ուժեղ հակառակորդների հետ հանդիպումների ժամանակ արժանի խաղ ցույց տալ:

Հավանական կազմերը. Հարձակման գծում ավանդական խնդիրները և պաշտպանությունում անսպասելի կորուստները հաշվի առնելով, Սանտուշը հավաքական է հրավիրել մի քանի նորեկների: Նրանց շարքում է հարձակվող Էդերը: Միևնույն ժամանակ, ի տաբերություն առաջին հանդիպման, վերադարձել են ձախ եզրի կարևոր խաղացողնր Ֆաբիո Կուենտրաուն և Էլիզեուն: Վերջինս թեև կիսապաշտպան է համարվում, սակայն վերջին ժամանակներս ձախ եզրում կարևոր դեր է կատարում` այդ դիրքի պաշտպանի վնասվածքի պատճառով:

Պորտուգալիա. Ռույ Պատրիսիու, Կուենտրաու, Կարվալյո, Բ. Ալվեշ, Սեդրիկ Մուտինյո, Տյագու, Դանի, Նանի, Ռոնալդու-Վարելա.. 4-3-3

Բացառված չէ, որ Վարելայի փոխարեն խաղադաշտում կհայտնվի վառ արտահայտված  հենակետային, ինչպիսին оրինակ Վիլյամ Կարվալյուն:

Հայաստան.Բերեզովսկի, Հայրապետյան, Արզումանյան, Անդոնյան, Հովհաննիսյան-Մկրտչյան, Պիցելի, Оզբիլիս, Ղազարյան, Մխթարյան -Սարկիսով. 4-2-3-1;

Ամենայն հավանականությամբ, Սարգիս  Հովսեփյանը կհրաժարվի Բեռնար Շալանդի տակտիկայից և վա-բանկ կգնա: Այդ իսկ պատճառով կարելի է ենթադրել դասական դասավորվածություն` գնդակի պահումով և Oզբիլիսի տեխնիկայի և Ղազարյանի սուր հարռձակումների շնորհիվ եզրերից հարձակումներով:  Այս ամենը դաշտի կենտրոնում կղեկավարի Մխիթարյանը Պիզելիի հետ միասին: Այս երկուսը ամենայն հավանականությամբ, հերթով կоգնեն հենակետային տարածքում գտնվող Կառլեն Մկրտչյանին:

Երկրորդ խաղակեսում հնարավոր է խաղադաշտում տեսնենք Արտյոմ Սիմոնյանին և Ռուսլան Կորյանին, ովքեր կփոխարինեն Ղազարյանին և Սարկիսովին:

Նախապատրաստություն. Նախօրյակին Հայաստանի հավաքականը մի քանի փակ մարզումներ է անցկացրել առանց  լրագրողների և ֆոտոթղթակիցների: Ամեն ինչ այստեղ շատ պարզ է և հասկանալի:Հավանաբար, նոր մարզիչը կարողացել է թիմում կարգ ու կանոն հաստատել:   

Պորտուգալիայի հավաքականը, ընդհակառակը, բոլոր մարզումներն անցկացրել է ֆոտոլրագրողների նշանառության տակ,իսկ ֆուտբոլիստները ազատորեն հարցազրույցներեն տվել վրացի և պորտուգալացի լրագրողներին:

 

Հին պարտքեր. Հայաստանում Պորտուգալիայի հավաքականին մեծ անհամբերությամբ էին սպասում: Հանդիպման բոլոր տոմսերը սպառված են և մարզադաշտը լեփլեցուն կլինի: Երևանում չեն մոռացել, թե ինչպես են Պորտուգալիայում ընդունել Հայաստանի հավաքականին` 40 րոպե հայերի ավտոբուսը այս ու այն կողմ էր շարժվել` իբր վարորդը մոռացել է մարզադաշտ տանող ճանապարհը: «Ջերմ» ընդունելության մասին խոսել էր նաև նախկին մարզիչը.

 «Ես հարգում  եմ Պորտուգալիան,բայց,երբ մենք այստեղ եկանք,մեզ շատ վատ մարզադաշտ տրամադրվեց: Բացի դրանից, այսօրվա հանդիպմանը մենք հասանք ուշացումով, քանի որ ոստիկան ու ավտոբուսի վարորդը չգիտեին ճանապարհը:  40  րոպե մենք շրջում էինք քաղաքով մեկ: Ես շատ չարացած եմ: Այս ամենը պատիվ չի բերում Պորտուգալիային: Այդպսե չի կարելի», - ասել էր Բերնար Շալանդը: 

Իսկ խաղից հետո Պորտուգալիայի հավաքականի ավագը Հայաստանի հավաքականի հասցեին բավական սուր արտահայտություններ  էր թույլ տվել,ասելով, որ հայերի թիմը երկու ավտոբուս էր կանգնեցրել սեփական դարպասի առաջ: Պարտուգալացին մոռացել էր, որ հենց այդ նույն խաղում հայերը 8 հարված էին կատարել դարպասաձողին, այն դեպքում, երբ պորտուգալացիները ընդամենը 5 անգամ էին անհագստացրել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:

Եզրակացություն. ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում այս պահին Հայաստանը 84-րդն է, իսկ Պորտուգալիան՝ 7-րդը: Ընդ որում՝ եթե մեր թիմը նախորդ ամսվա համեմատ նահանջել է 7 հորիզոնականով, ապա պորտուգալացիների դիրքն անփոփոխ է: Հայաստանի հավաքականը իր գլխից բարձր պետք է թռչի: Թե իր կազմով, թե կարգով Պորտուգալիան առավել է Հայաստանից: Սակայն, այս մասին հարցրեք սլովակներին, դանիացիներին ու իտալացիներին, որոնցից հայերը միավորներ են խլել հենց նրանց դաշտում:

Չի կարելի միավորներ կորցնել, մանավանդ որ Պորտուգալիայում հաջողությունը մի փոքր երես թեքեց: Իհարկե, պորտուգալացիները ամեն ինչ  կանեն, որպեսզի հաղթեն և ավելի մոտենան Ֆրանսիային:

Երևանը անհամբերությամբ  է սպասում այս հանդիպմանը և չի վախենում Ռոնալդուից: Ոչինչ չի կարող փոխել հայերի հաղթանակի հասնելու կամքը և ձգտումը: Մնում է միայն հավատալ: