13.06.2015 22:14

Հայաստանի հավաքականը 2:3 հաշվով պարտվեց պորտուգալացիներին (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը 2:3 հաշվով պարտվեց պորտուգալացիներին (տեսանյութ)
Լուսանկարը`Ֆոտոլուրի

Հայաստանի ազգային հավաքականը այս անգամ ևս պարտություն կրեց ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարում: Հայաստանի թիմը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 2:3 հաշվով պարտվեց պորտուգալացիներին: Հյուրերի բոլոր գոլերը խփեց Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ում հայ երկրպագուները սուլոցներով ու հայհոյանքներով էին դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը փոխել էր թիմի տակտիկան՝ հրաժարվելով 5 պաշտպաններով սխեմայից: Հայաստանի թիմը հանդես էր գալիս 4-4-1-1 տակտիկական սխեմայով եւ սկզբնամասում բավական վստահ տեսք ուներ պաշտպանությունում:

Խաղի առաջին իրական գոլային պահը եղավ չորրորդ րոպեին, երբ Գեւորգ Ղազարյանը չկարողացավ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո ընդունել գնդակը եւ հայտնվել հարմար դիրքում: Պորտուգալացիների գրոհները վտանգավոր չէին, իսկ դաշտի տերերն աստիճանաբար հասկացան, որ կարելի է ավելի ագրեսիվ խաղալ այս մրցակցի դեմ: 14-րդ րոպեին հյուրերի դարպասի մոտ նշանակվեց տուգանային հարված, որն արտակարգ հարվածով գոլի վերածեց ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Բաց թողած գոլից հետո էլ պորտուգալացիները չէին կարողանում լրջորեն անհանգստացնել Ռոման Բերեզովսկուն, թեեւ հաճախ էին գրոհում: Առաջին խաղակեսի միջնամասում վնասվածք ստացավ Կառլեն Մկրտչյանը, եւ մինչեւ մարզիչները ցանկանում էին փոխարինել նրան, Հայաստանի հավաքականը գոլ բաց թողեց 10 հոգով: Կենտրոնական գոտում գնդակի կորուստից հետո տանտերերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որը վստահորեն իրացրեց Քրիստիանո Ռոնալդուն:

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի գրեթե բոլոր վտանգավոր գրոհները կազմակերպում էր Հենրիխ Մխիթարյանը, ով 2 հենակետային կիսապաշտպաններից մեկն էր և կատարում էր հսկայական աշխատանք: Խաղը մի պահ հանգստացել էր, բայց պորտուգալացին մեծ աշխատանք էր ման գնալուց վայրկյաններ առաջ կատարեցին մեկ վտանգավոր հարված, որից հետո Բերեզովսկին հաջող խաղաց:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեց Հայաստանի հավաքականը, որը տարբեր ուղիներ էր փնտրում դեպի մրցակցի դարպասը: Ամեն ինչ փոխվեց 55-րդ րոպեին, երբ Ռոնալդուն օգտվեց Ռոբերտ Արզումանյանի եւ Ռոման Բերեզովսկու անհամաձայնեցված գործողություններից եւ առաջ մղեց պորտուգալացիներին: Հայաստանի թիմը դեռ ուշքի չէր եկել տեղի ունեցածից, երբ Պորտուգալիայի հավաքականի ավագը 58-րդ րոպեին գեղեցիկ հարվածով դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Քիչ անց տանտերերի կազմում փոխարինման դուրս եկավ ծանր վնասվածքից ապաքինված Արաս Օզբիլիսը, իսկ հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով: Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Տիագու Մենդեշը 62-րդ րոպեին զգուշացվեց երկրորդ անգամ եւ լքեց խաղադաշտը: Կարմիր քարտից հետո պորտուգալացիները կարծես վերահսկում էին խաղը, իսկ Հայաստանի թիմի գրոհները վտանգավոր չէին ստացվում: Տանտերերը մի պահ մեծացրին ճնշումը եւ կրճատեցին հաշիվը: Անկյունայինի խաղարկման արդյունքում 71-րդ րոպեին աչքի ընկավ իրանական «Էսթեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանը: Խաղի վերջնամասում դաշտի տերերն ունեին նկատելի առավելութոյւն, սակայն մեծ ուժեր չէին կենտրոնացնում առջեւի գծում, եւ պարտությունից խուսափել չհաջողվեց:

Պորտուգալացիները 12 միավորով I խմբի առաջատարն են, իսկ Հայաստանն ունի մեկ միավոր եւ վերջինն է: Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 4-ին՝ Բելգրադում հյուրընկալվելով սերբերին, որոնց դեմ երեւանյան հանդիպումն ավարտել է 1:1 հաշվով:

ՀԱՅԱՍՏԱՆ – ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ 2-3 (1-1) MC
1-0՝ Մարկոս Պիցելի 14՛, 1-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 29՛ (11մ), 1-2՝ Կրիշտիանու Ռոնալդու 55՛, 1-3՝ Կրիշտիանու Ռոնալդու 58՛, 2-3՝ Հրայր Մկոյան 71՛
ՀԱՅԱՍՏԱՆ. 1.Ռոման Բերեզովսկի, 2.Գաել Անդոնյան, 5.Ռոբերտ Արզումանյան, 13.Կամո Հովհաննիսյան (23.Արաս Օզբիլիս, 60), 15.Հրայր Մկոյան, 20.Լեւոն Հայրապետյան, 6.Կառլեն Մկրտչյան (7.Ռումյան Հովսեփյան, 28), 8.Մարկոս Պիցելի, 18.Հենրիխ Մխիթարյան, 10.Գեւորգ Ղազարյան, 11.Արթուր Սարկիսով (9.Ռուսլան Կորյան, 73)
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ. 1.Ռուի Պատրիսիու, 2.Բրունու Ալվեշ, 5.Ֆաբիու Կոենտրան (15.Բերնարդու Սիլվա, 72), 6.Ռիկարդու Կարվալյու (4.Ժոզե Ֆոնտե, 78), 23.Էլիզեու, 8.Ժոաու Մոուտինյու, 10.Դանի (14.Վիլիամ Կարվալյու, 63), 11.Վիերինյա, 17.Նանի, 19.Տյագու, 7.Կրիշտիանու Ռոնալդու
Զգուշացում՝ Ռումյան Հովսեփյան 84՛ (Հ), Տյագու 33՛ (Պ)
Հեռացում՝ Տյագու 62՛ (Պ)
Մրցավար՝ Սերժ Գումյենի (Բելգիա)
     
10 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 8 (4)
19 ՏՈՒԳԱՆՔ 13
3 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 6
2 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 1