15.06.2015 16:59

«Հովվի թագը» կլինի Թերրի Փրաթչեթթի “Discworld” շարքի վերջին վեպը

«Հովվի թագը» կլինի Թերրի Փրաթչեթթի “Discworld” շարքի վերջին վեպը

Բրիտանացի հայտնի ֆանտաստ գրող Թերրի Փրաթչեթթի դուստրը՝ Ռիաննա Փրաթչեթթը, պատասխանել է ընթերցողներին հուզող այն հարցին, թե արդյոք կլինեն նոր գրքեր “Discworld” շարքում: Twitter-ում պատասխանելով Փրաթչեթթի երկրպագուներից մեկի հարցին՝ վիդեոխաղերի և կոմիքսների հեղինակ Ռիաննա Փրաթչեթթը գրել է, որ առաջիկայում հրատարակվելիք «Հովվի թագը» վեպը կլինի “Discworld” շարքի վերջին վեպը: Երկրպագուի հարցին ի պատասխան՝ նա բացառել է իր՝ գրքերի շարքը շարունակելու հնարավորությունը՝ ասելով, որ ինքը կաշխատի ադապտացիաների վրա, բայց՝ ոչ գրքերի, որոնք շատ թանկ էին իր հոր համար. «“Discworld”-ը նրա ժառանգությունն է. ես կստեղծեմ իմը»: Շարունակելով՝ Ռիաննա Փրաթչեթթը ասել է. «Կրկնե՞լ. ոչ: Ես մտադիր չեմ գրել վեպեր “Discworld”-ի համար, ինչպես նաև չեմ պատրաստվում որևէ մեկին նման թույլտվություն տալ»: Նա ասել է, որ խոսքը նաև Փրաթչեթթի ասիստենտ Ռոբ Վիլկինսի մասին է:

«Հովվի թագը», որ կհրատակարվի օգոստոսի 27-ին, “Discworld” շարքի քառասունմեկերորդ վեպն է: Արդեն հայտնի են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում լույս տեսնելիք գրքերի կազմերը:

Թերրի Փրաթչեթթի և Սթիվեն Բաքսթերի համատեղ գրած չորրորդ գիրքը՝ «Անսահման ուտոպիա»-ն, որ «Անսահման Երկիր» շարքից է, լույս կտեսնի հունիսի 18-ին: Մինչև մահանալը Փրաթչեթթը հասցրել էր ավարտել այս շարքի վերջին՝ հինգերորդ գիրքը: