16.06.2015 16:08

Այսօր նշում են Բլումսդեյը՝ Ջեյմս Ջոյսին նվիրված տոնը

Այսօր նշում են Բլումսդեյը՝ Ջեյմս Ջոյսին նվիրված տոնը

Բլումսդեյը (Bloomsday) իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսին նվիրված տոնն է: Ամեն տարի՝ հունիսի 16-ին, գրողին սիրող մարդիկ կազմակերպում և նշում են այս տոնը: Տոնի անունը առաջացել է «Ուլիսես» վեպի գլխավոր կերպար Լեոպոլդ Բլումի անունից (Բլումսդեյ-Բլումի օր): Տոնի օրվա ընտրությունը ևս կապ ունի «Ուլիսես» վեպի հետ. վեպում իրադարձությունները տեղի են ունենում են մեկ օրվա ընթացքում՝ 1904 թ. հունիսի 16-ին: Այդ օրը առաջին անգամ Ջոյսը հանդիպել է իր ապագա կնոջը՝ Նորա Բարնաքլին, ինչի պատճառով էլ որոշել է հենց այդ օրը հավերժացնել վեպում:

Տոնի մասին առաջին անգամ հիշատակվում է Ջեյմս Ջոյսի՝ 1924 թ. հունիսի 27-ին միսս Ուիվերին գրած նամակում. «Կա մարդկանց մի խումբ, որ հետևում է նրան, ինչ անվանում է Բլումի օր (հունիսի 16)»: Վեպի իրադարձությունների 50-րդ տարում նկարիչ Ջոն Ռայանը և գրող Բրայան օ Նոլանը (հայտնի է նաև որպես Ֆլան օ Բրիեն) Դուբլինում կազմակերպում են ուխտագնացություն՝ ըստ Լեոպոլդ Բլումի երթուղու: Նրանց միանում են նաև գրողներ Պատրիկ Կավանան, Էնթոնի Քրոնինը, Ջեյմս Ջոյսի զարմիկ Թոմ Ջոյսը և Թրինիթի քոլեջի աշխատակից Լևենթալը: Բրայանը վարձում է երկու կառք՝ նման նրանց, որոնցով «Ուլիսես»-ի հերոսները գնում են Փեդի Դիգնամի թաղմանը: Միջոցառման մասնակիցները միմյանց միջև բաշխել էին վեպի կերպարների դերերը և մտադիր էին շրջել քաղաքում ողջ օրվա ընթացքում, այցելել վեպում նշված վայրերը, սակայն նրանց պլանները խախտվում են, երբ ճանապարհի կեսին նրանք հարբում են Բրայանին պատկանող «Բեյլի» փաբում:

1982-ին՝ Ջոյսի ծննդյան հարյուրամյակին, Դուբլինում առաջին անգամ պաշտոնապես նշեցին Բլումսդեյը: Դրանից հետո տարեցտարի տոնը ավելի մեծ մասշտաբներ է ձեռք բերում: Դրա մասին է վկայում այն, որ այս տարի միջոցառումներ են անցկացվելու Իռլանդիայում, Խորվաթիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Չինաստանում, Կանադայում, Բրազիլիայում: Այս երկրներում անցկացվելիք տոնի մանրամասների մասին հայտնում է The Guardian-ը: Իհարկե, սա չի նշանակում, որ Բլումսդեյը տոնող պետությունների թիվը սահմանափակվում է այսքանով:

Այս տարի Բլումսդեյին Դուբլինում նախատեսվում է անցկացնել շուրջ քառասուն միջոցառում՝ սկսած զբոսանքներից, հանրային ընթերցանություններից՝ վերջացրած Բլումսդեյի նախաճաշերով (դրանք անց են կացվում ըստ վեպի սկզբի  նկարագրության) և դրան հաջորդող փարթիով:

Դուբլինի Ջեյմս Ջոյսի կենտրոնից The Guardian-ին հայտնել են. «Այս օրը դարձել է քաղաքի մշակութային ամբողջության մի մասը: Իհարկե, ներկա կլինեն թունդ ջոյսականներ՝ նրանք, ովքեր տարված են Ջոյսով, բայց Բլումսդեյը նաև լավ առիթ է յուրաքանչյուր մարդու մասնակցության համար»:

Հայաստանում Բլումսդեյը առաջին և դեռևս միակ անգամ նշել են 2011-ին՝ հայերեն թարգմանված «Ուլիսես»-ի շնորհանդեսի օրը: