18.06.2015 16:35

«Ամերիկյան աստվածներ»-ի հեռուստատեսային տարբերակը փնտրում է գլխավոր կերպարի դերակատարին

«Ամերիկյան աստվածներ»-ի հեռուստատեսային տարբերակը փնտրում է գլխավոր կերպարի դերակատարին

Անգլիացի գրող Նիլ Գեյմանի ամենասիրված գործերից մեկի՝ «Ամերիկյան աստվածներ» վեպի հիման վրա հեռուստասերիալ կնկարահանվի: Վեպի հեռուստատեսային տարբերակի վրա 2014-ի սկզբին սկսել էր աշխատել HBO ամերիկյան հեռուստաընկերությունը, որը, սակայն, չշարունակեց պրոյեկտը և այն սկսեց իրականացնել Starz հեռուստաընկերությունը: Starz-ը այժմ քասթինգ է անցկացնում՝ գլխավոր կերպարի դերակատարին ընտրելու համար: Գեյմանն ասել է, որ ինքը «վստահ է` իր երեխան լավ ձեռքերում է»:

Սերիալի սցենարը գրում են Բրայան Ֆուլլերը (Hannibal) և Մայքլ Գրինը (Heroes): Վերջիններս հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասել են. «Մոտավորապես 15 տարի առաջ Նիլ Գեյմանը խաղալիքների արկղը լցրեց աստվածներով և կախարդանքով, և մենք ուրախ ենք, որ մենք վերջապես կարող ենք բացել այն և խաղալ»:

Անդրադառնալով գրքի հեռուստատարբերակի վրա աշխատող մարդկանց՝ Գեյմանն ասել է. «Թիմը, որ պատրաստվում է «Ամերիկյան աստվածներ»-ի աշխարհը բերել էկրան, հավաքվել է կրիմինալ ֆիլմի պրոֆեսիոնալ հանցագործների նման»:  Գրողը խոսել է նաև գրքի հեռուսատեսային տարբերակի ստեղծման հետ կապված իր զգացողությունների մասին. «Ես հուզված եմ, տագնապած, հիացած, անհանգիստ. կարծես մեծ սպասումների փունջ լինեմ»:

Գեյմանի “Anansi boys” ստեղծագործության հիման վրա ևս կնկարահանվի հեռուստասերիալ. BBC-ն արդեն աշխատում է գիրքը սերիաների վերածելու վրա: