19.06.2015 16:57

Բանաստեղծ Ջեյմս Ֆենթոնը արժանացել է «Փեն Փինթեր» 2015 մրցանակին

Բանաստեղծ Ջեյմս Ֆենթոնը արժանացել է «Փեն Փինթեր» 2015 մրցանակին

«Փեն Փինթեր» (PEN Pinter) մրցանակի 2015 թ.-ի հաղթող է ճանաչվել բրիտանացի բանաստեղծ և լրագրող Ջեյմս Ֆենթոնը՝ «իշխանությանը ճշմարտությունը համոզիչ, անվախ և  գեղեցիկ ասելու» համար: Այս մրցանակի չափանիշների հիմքում բրիտանացի գրող, դրամատուրգ Հարոլդ Փինթերի Նոբելյան ճառն է, որում նա ասել է, որ մեզ համար՝ որպես քաղաքացիների, պարտադիր է հաստատուն հայացք նետել աշխարհին և ցուցաբերել ուժեղ ինտելեկտուալ վճռականություն՝ մեր և մեր հասարակությունների կյանքի իրական ճշմարտությունը սահմանելու համար: «Եթե նման դիրքորորշումը չարտահայտվի մեր քաղաքական աշխարհընկալման մեջ, ապա մենք կարող ենք կորցնել այն, ինչ կոչվում է մարդու արժանապատվություն», - ասել է Փինթերը 2005 թ.-ին:

«Փեն Փինթեր» մրցանակը ստեղծվել է 2009 թ.-ին: Մրցանակի այս տարվա ժյուրիի կազմում են եղել Փինթերի այրի Անտոնիա Ֆրեյսերը, Սուսաննա Քլափը, Սեմ Լեյթը, Հիշամ Մաթարը և «Անգլիական գրիչ» (English Pen) կազմակերպության նախագահ Մաուրին Ֆրիլին: Մրցանակին նախկինում արժանացել են գրողներ Սալման Ռուշդին, Թոմ Սթոփարդը և Քերոլ Անն Դուֆֆին: Ժյուրին հատկապես բարձր է գնահատել Ֆենթոնի «Արյուն և արճիճ» պոեմը՝ նվիրված պատերազմին:

Ֆրեյսերը Ֆենթոնին անվանել է արժանի հաղթող: Նա ասել է նաև, որ Փինթերը շատ էր հավանում քաղաքական լրագրող և պատերազմի դաշտից թղթակից աշխատած Ֆենթոնին հատկապես նրա քաղաքական պոեզիայի համար. «Սա արվեստ է, որ շատ կարևոր էր Հարոլդի համար ոչ միայն պոեզիայի տեսանկյունից, այլև անվախ խոսելու կարևոր գործընթացի մաս լինելու տեսանկյունից, իսկ դա այն հիմքն է, որի վրա ստեղծվել է այս մրցանակը»:

Ֆրիլին, որ հանձնաժողովի նախագահն էր, ասել է, որ իր ողջ գործունեության ընթացքում Ֆենթոնը ասել է ճշմարտությունը համոզիչ, անվախ և գեղեցիկ:

 «Մեկուսացող արվեստի այս ժամանակներում գրողների համար գնալով հազվադեպ է դառնում հանրային պատասխանատվության այս աստիճանը պահպանելը, և սա մեկն է այն պատճառներից, ինչի համար մենք այդքան գոհ ենք, որ նրան ենք շնորհում այս մրցանակը: Սակայն գլխավոր պատճառն այն է, իհարկե, որ Ջեյմս Ֆենթոնը իր սերնդի լավագույն բանաստեղծներից մեկն է»:

Մրցանակը Ֆենթոնին հանձնելու արարողությունը տեղի կունենա հոկտեմբերին՝ Բրիտանական գրադարանում, որտեղ Ֆենթոնն իր հերթին կհայտարարի 2015 թ.-ի Համաշխարհային քաջ գրող մրցանակի հաղթողի անունը: Այս մրցանակը շնորհվում է գրողներին, որոնք ակտիվորեն պաշտպանել են ազատ խոսքը՝ իրենց անվտանգությունը ռիսկի ենթարկելու գնով: Մրցանակը նախկինում ստացել են Մազեն Դարվիշը, Ռոբերտո Սավիանոն և Լիզա Սաչոն: 

Անդրադառնալով իր մրցանակին՝ Ֆենթոնն ասել է, որ իր համար մեծ պատիվ է դրան արժանանալը. «Ես հատկապես երջանիկ եմ Հարոլդ Փինթերին հենց այս կերպ առնչվելու համար, քանի որ երկար ժամանակ հիացել եմ նրա գրածներով»: