18.09.2012 14:57

Բնապահպանության նախարարությունը զեկույցում թվարկում է հանքարդյունաբերության հասցրած վնասները

Բնապահպանության նախարարությունը զեկույցում թվարկում է հանքարդյունաբերության հասցրած վնասները

Լեռնահանքային ձեռնարկություններին հանձնված հողերի ընդհանուր տարածությունը Հայաստանում կազմում է 9700 հա, որից՝ 8725 հա-ն խախտված է, իսկ 1400 հա-ն գտնվում է պոչամբարների տակ: Այդ մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարի 2007-11 թթ. նախարարական զեկույցում:

Պոչամբարներում կուտակված են շուրջ 220 մլն մետր խորանարդ պոչանքներ, որը հանգեցնում է լանդշաֆտի ու կենսաբազմազանության դեգրադացմանը: Բացի այդ՝ բացհանքերը հիմնովին խախտում են բնական լանդշաֆտն ու էկոհամակարգերը, եւ դարձյալ հանգեցնում լանդշաֆտի դեգրադացմանը: Առկա է նաեւ ստորգետնյա ջրերի ջրաբանական ռեժիմի եւ ֆիզիկական ու քիմիական բաղադրությունների փոփոխություն:

Կան ջրավազաններ (օրինակ` Դեբեդ գետի ստորին հոսանք, Ողջի գետի ավազան), որոնց ֆլորան եւ ֆաունան խիստ աղքատացել են կամ նկատելի փոփոխվել գետը թափվող արդյունաբերական ջրերի եւ աղտոտված տիղմի պատճառով:

Բնորոշ է նաեւ այն, որ լեռնահանքային ձեռնարկությունների մի մասը, գտնվելով բարձր տեղանքներում (օրինակ` Քաջարանի կոմբինատը ավելի քան 2000 մ ծովի մակարդակից բարձր է), իրենց պոչամբարների եւ լցակույտերի արտահոսքերով մեծ վնաս են հասցնում ավելի ցած գտնվող լանդշաֆտներին:

Լեռնահանքային արդյունաբերության անմիջական ազդեցությունը դրսեւորվում է հողային ծածկույթի վրա: Սա այն ակտիվ գործոններից մեկն է, որը նպաստում է Հայաստանում անապատացման տարածմանը, որն ըստ զեկույցում տեղ գտած գնահաականի, ներկայում ընդգրկում է հանրապետության հողային ծածկույթի 85%-ը: