22.06.2015 12:42

Վլադիմիր Կարապետյան. ՄԻԵԴ վճռի քաղաքական հետևանքները

Վլադիմիր Կարապետյան. ՄԻԵԴ վճռի քաղաքական հետևանքները

ԼՂ հակամարտության առաջին իսկ ամիսներից սկսած՝ Ադրբեջանը ջանացել է ներկայացնել Հայաստանը որպես ագրեսոր պետություն, որը հավակնություններ ունի հարևանի տարածքի նկատմամբ: Ադրբեջանի նմանօրինակ պահվածքը հասկանալի է, քանզի եթե այդ պնդումները հաստատվեին, միջազգային հանրությունն իր հզոր, պարտադիր ուժ ունեցող գործիքներով (ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ, միջազգային այլ կազմակերպություններ) պետք է կիրառեր պատժամիջոցներ ագրեսորի նկատմամբ: Միջազգային իրավունքը նախատեսում է համապատասխան ընթացակարգեր՝ ագրեսորին այդ թվում ուժային միջոցներով պատժելու համար, կան նաև ուժի կիրառման բազմաթիվ օրինակներ:

Ընդսմին, ՀՀ դիվանագիտության հիմնական նպատակն էլ եղել է ներկայացնել ԼՂ հակամարտության իսկական բնույթը՝ ԵԱՀԿ Հելսինկյան ակտով նախատեսված՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի իրացման փաստը: Դրա վառ օրինակներից է այն, որ մինչև 1998թ. Լեռնային Ղղարաբաղը հանդիսացել է բանակցությունների կողմ, ԼՂ ներկայացուցիչը ստորագրել է հրադադարի համաձայնագիրը, ԼՂ իշխանությունները ստացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկությունները և գործնականում իրագործել են իրենց վետոյի իրավունքը (մասնավորապես՝ մերժել են 1997 վերջին ներկայացված՝ կարգավորման փուլային տարբերակը):

ԼՂ մասնակցությունը բանակցային գործընթացին հիմնական խոչընդոտն էր, որ Ադրբեջանը հասներ իր նպատակին՝ միջազգային ասպարեզում ճանաչեր Հայաստանը որպես բռնազավթիչ՝ ագրեսոր:

Հասնելու համար իր նպատակին Ադրբեջանը նախ դուրս մղեց ԼՂ-ը բանակցություններից, ապա նորանոր նախաձեռնություններ հանդես բերեց միջազգային կազմակերպություններում: Ի վերջո, 2000-ականներին, Ադրբեջանը հասավ նրան, որ Հայաստանի համաձայնությամբ համանախագահները այլևս իրենց նոր առաջարկությունները Ստեփանակերտ չէին տանում, ԼՂՀ-ն էլ կորցրեց երրորդ հակամարտող կողմի իր կարգավիճակը: Այսպիսով՝ Ադրբեջանը ստացավ դիրքային առավելություն՝ Հայաստանը ագրեսոր ճանաչելու հարցում հակագրոհի անցնելու համար: Մինչև 2008 թ. ձևավորված ուժերի բալանսը, միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագիտության արդյունավետ գործունեությունը Ադրբեջանին հնարավորություն չէին տալիս հաջողությունների հասնելու միջազգային ասպարեզում: Վերջինս ստիպված բավարարվեց Մադրիդյան փաստաթղթով (2007թ.), որով, ամրագրվեց ԼՂՀ խաղից դուրս կարգավիճակը: Ի տարբերություն ԼՂՀ կողմից մերժված 1997 թ. Փուլային փաստաթղթի՝ Մադրիդյանում ԼՂՀ-ին որևէ դերակատարություն չի վերապահված, այսինքն՝ փաստաթղթի կողմերը երկուսն են՝ Հայաստանն ու Ադրբեջանը:

2008 թվականից, օգտվելով Սերժ Սարգսյանի մի շարք ռազմավարական սխալներից (դրանցից էր նաև Ս. Սարգսյանի «հրավերը» Թուրքիային՝ մասնակցելու ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին, ինչպես նաև Ս. Սարգսյանի համաձայնությունը առանց ԼՂ մասնակցության 2008 թ. ստորագրել Մայնդորֆյան փաստաթուղթը) և ՀՀ դիվանագիտության բացթողումներից, Ադրբեջանը հաջողեցրեց մի շարք միջազգային կազմակերպություններում (ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով`2008թ. մարտի 14-ին, բանաձև 62/243, Եվրոպական խորհրդարան՝ երկու անգամ` 2010թ. մայիսի 20-ին  և 2012թ. ապրիլի 18-ին, ԵԽԽՎ-ն` 2008 թ. հունիսի 24-ին, ՆԱՏՕ՝ 2010թ. և 2012թ. գագաթնաժողովների հռչակագիր) անցկացնելու ադրբեջանանպաստ փաստաթղթեր, որոնցում կային հետևյալ ադրբեջանանպաստ դրույթները.

- ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում,

- բռնազավթած տարածքերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին:

Տարածքների զավթած լինելու դրույթը տեղ գտավ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների Մուսկոկայի 2010թ. հայտարարությունում (թերևս արժե հիշեցնել, որ Է. Նալբանդյանը ողջունել էր այդ հայտարարությունը):

ՄԻԵԴ վճիռը

Դրանով Ադրբեջանը ձևավորում էր անհրաժեշտ իրավական և քաղաքական հիմնավորումների փաթեթ՝ հետագայում օգտագործելու համար: Այս փաստաթղթերից առանձնանում է Ադրբեջանի նախաձեռնությունը՝ հեղինակավոր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), ուր Բաքուն անհատական հայցով (Չիրագով և մյուսներ) փորձեց ամրագրել  և իրավական հարթության վրա հաստատել տարածքների բռնազավթման փաստը Հայաստանի կողմից:

Զավեշտալի է ծանոթանալ դատավճռին, որը մերժել է հայկական կողմի բոլոր հիմնավորումներն ու փաստարկները և հանգել է ավելի քան վտանգավոր մի եզրակացության. խնդրո առարկա տարածքները վերահսկվում են Հայաստանի կողմից, հետևաբար՝ վերջինս պատասխանատու է հայցվորների առջև:

Դատավճռի իրավական կողմի վերլուծությունը թողենք իրավաբաններին: Հասկանալի է, որ Ադրբեջանի հիմնական ձեռքբերումը քաղաքական հարթության վրա է, և այդ իրողության գնահատմամբ է պայմանավորված ՀՀ ԱԳ նախարարի հազվադեպ մեկնաբանությունը: Վերջինս մեզանից ավելի լավ գիտի, թե ինչ հետևանքներ է ունենալու այս վճիռը, և շտապում է հավաստիացնել, որ այն չի ազդի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների վրա: Սա պարզ մանիպուլյացիա է՝ բնականաբար, այս վճիռը չի էլ կարող ազդել երկկողմ բանակցությունների վրա, ոչ ոք չի էլ ակնկալում դա այսօր: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը ձեռք բերեց մի հզոր քաղաքական-իրավական լծակ՝ Հայաստանը որպես ագրեսոր աշխարհին ներկայացնելու համար: Եթե նախկինում մենք կարողանում էինք մեր փաստարկներով  դիմագրավել ադրբեջական մեղադրանքներին, ապա այսօր մեր դեմ պայքարելու են ոչ միայն Բաքվի փաստարկները, այլև հեղանակավոր դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը: Ոչ ոք չի էլ դնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը հարցականի տակ, պարզապես միջազգային կազմակերպությունները մեկը մյուսի հետևից ընդունելու են բանաձևեր Հայաստանի դեմ՝ հիմք ընդունելով ՄԻԵԴ-ի որոշումը: Այդ բանաձևերի քանակը լրջագույն վտանգ է պարունակելու՝ վերածվելու որակի: Հենց այս հանգամանքով է պայմանավորված Ադրբեջանի շարունակական մերժումը Հայաստանի հետ բանակցային սեղանին նստելու. Բաքուն իմաստ չի տեսնում երկկողմ բանակցություններում՝ այնքան ժամանակ, մինչև  լիակատար դիվանագիտական շրջափակման հասցնի Հայաստանը: Ավելին, սպասելի է, որ Ադրբեջանը առհասարակ հրաժարվի երկկողմ բանակցություններից՝ առաջ քաշելով այնպիսի նախապայմաններ, որոնք բխում են ՄԻԵԴ վերոնշյալ որոշման համապատասխան դրույթներից:

Այդ ուղղությամբ առաջին հարվածը սպասվում է առաջիկա օրերին ՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում, ուր քննարկվելու է Ադրբեջանին վերաբերող բանաձև: ԵԽԽՎ քնարկումների արդյունքների ու ձևավորված պատկերի հիման վրա կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես են այլ միջազգային ատյաններում անցնելու Հայաստանի շահերին հակասող փաստաթղթերը:

Հ.Գ. ՄԻԵԴ-ի վճռում հատուկ նշվում է, որ կան բազմաթիվ վկայություններ, ինչպես նաև Հայաստանի կառավարության անդամների հրապարակային հայտարարություններ, որոնք հաստատում են, որ Հայաստանը, իր զինվորական ներկայությամբ, նշանակալի ներգրավվածություն ունի ԼՂ հակամարտության մեջ: (The Court noted in particular that numerous reports and public statements, including from members and former members of the Armenian Government, demonstrated that Armenia, through its military presence and by providing military equipment and expertise, had been significantly involved in the Nagorno-Karabakh conflict from an early date): Խոսքը Սերժ Սարգսյանի, վարչապետի, ՊՆ նախարարի՝ ԼՂ այն այցելությունների մասին է, որոնց ընթացքում ԼՂ պաշտպանության բանակի սպաները հրապարակային նրանց զեկուցում էին՝ որպես անմիջական հրամանատարների: Այդ բոլոր այցերն ու զեկույցները ներկայացրել է Ադրբեջանը՝ որպես Հայաստանի կողմից ԼՂՀ-ի և տարածքների նկատմամբ արդյունավետ վերահսկողության ապացույց: ՄԻԵԴ-ը այդ փաստերը համարել է արժանահավատ: