24.06.2015 17:31

Իտալացի գրող Ելենա Ֆեռանտեի ով լինելը շարունակում է մնալ առեղծված

Իտալացի գրող Ելենա Ֆեռանտեի ով լինելը շարունակում է մնալ առեղծված

Ելենա Ֆեռանտեն Իտալիայի ամենահայտնի ժամանակակից գրողներից է: Նրա առաջին գիրքը հրատարակվել է 1992 թ.-ին. այդ ժամանակից ի վեր գրողը հանդես է գալիս կեղծանվամբ՝ այդպես էլ չբացահայտելով իր ինքնությունը: Անդրադառնալով չհանրայնացվելու մասին իր որոշմանը՝ նա ասել է. «Եթե գիրքն ինչ-որ բան արժե, ապա դա բավական է ինձ համար»:

Իտալացի լրագրող Ռոբերտո Սավիանոն այս տարի Ֆեռանտեին ներկայացրել է «Սթրեգա» մրցանակի անվանակարգում: Որոշումը կայացնելիս անգամ լրագրողն իմացել է, որ նույնիսկ նման պատվավոր մրցանակի արժանանալու դեպքում Ելենա Ֆեռանտեն չի հայտնվի հանրության առաջ: «Սթրեգա»-ն համարվում է Իտալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակը: Այն շնորհվում է  1948 թ.-ից՝ լավագույն արձակ ստեղծագործության համար:

Կարծիքներ կան, որ գրելու, իր ձայնը լսելի դարձնելու, սակայն միաժամանակ անտեսանելի մնալու ցանկությունը քչերը կարող էին ավելի լավ հասկանալ, քան Սավիանոն, որը ստիպված է եղել թաքնվել և այժմ էլ արդեն երկար ժամանակ ապրում է ոստիկանության պաշտպանության ներքո: Պատճառը նեապոլիտանական մաֆիայի մասին նրա հրատարակած գիրքն է: Սավիանոյի պաշտպանությունը անհրաժեշտ դարձավ հատկապես այն բանից հետո, երբ այս ամսվա սկզբում իր գրասենյակում սպանվեց մաֆիայի հայտնի քննադատ, բլոգեր Մարիո Պիկկոլինոն: 

Առաջադրելով Ելենա Ֆեռանտեին այս մրցանակի համար՝ լրագրող Ռոբերտո Սավիանոն հույս է ունեցել, որ դա կօգնի վերականգնել մրցանակի համբավը. նրա կարծիքով՝ վերջին տարիներին մրցանակը կորցրել էր իր հմայքը. «Ես հավատում եմ, որ քո ներկայությունը կօգնի մրցանակին նորից լինել կարևոր և իսկական, ոչ թե քվեների և համակրանքների փոխանակություն»:

Ֆեռանտեն եզրափակչում է հայտնվել «Կորած երեխայի պատմությունը» գրքի համար: Այս վեպը, որ անգլերեն կհրատարակվի սեպտեմբերի մեկին, հեղինակի նեապոլիտանական կվարտետի վերջին վեպն է: Գրքերը գրված են ապշեցուցիչ վավերականությամբ. քննադատների կարծիքով՝ անանուն մնալը անհրաժեշտ պաշտպանություն է հեղինակի համար:

Գրողի հրատարակիչ Սանդրո Ֆերրին, որ գրողին ճանաչող քիչ մարդկանցից է, ասել է, որ Ֆեռանտեն շատ ուրախ կլիներ այս մրցանակին արժանանալու համար՝ միաժամանակ հավելելով, որ այս մրցանակը ենթադրում է ինչ-որ դիրք, որ գրողը գիտակցաբար մերժել է. «Նա որոշել է գրական համայնքի մաս չլինել, իսկ «Սթրեգա»-ն խորհրդանշում է հենց դա: Ես զարմացած եմ, որ նա եզրափակիչ անցածների շարքում է: Անկեղծ ասած՝ ես չէի հավատա դրան»:

Ֆեռանտեի ընթերցողների՝ մրցանակի շնորհիվ իրենց սիրելի գրողի ով լինելը բացահայտելու հույսերը չեն արդարացել: Հրատարակիչը նշել է, որ նա հաստատ չի մասնակցի ճաշին:  

Անդրադառնալով անանունության վերաբերլյալ առկա ասեկոսեներին՝ Ֆերրին ասել է, որ դա հնարավորություն է տալիս Ֆեռանտեին շարունակել գրել ավելի անկեղծ և համարձակ:

Զուգահեռներ անցկացնելով իր և Ֆեռանտեի միջև՝ Ռոբերտո Սավիանոն ասել է, որ մարդու անունը դնել նրա տեքստի կողքին՝ նշանակում է նրա միսն ու արյունը տալ թշնամիներին. «Ես հասկացել եմ, որ կան բարդ ճշմարտություններ, որոնք պիտի գրվեն առանց անանուն լինելու, բայց հասկացել եմ նաև, որ կան ճշմարտություններ, որոնք ճիշտ կլինի գրել անանուն, քանի որ ասելիքն այնքան անձնական է, որ դրանց միս ու արյուն ավելացնելու դեպքում կա՛մ կկորցնես պատմության անկեղծությունը, կա՛մ կմեռնես դրանից»:

Paris Review-ին տված հարցազրույցում անդրադառնալով իր իրական անունը չհայտնելու որոշմանը՝ Ֆեռանտեն ասել է, որ նման որոշում կայացնելու պատճառն այն է, որ ինքը ևս ներկա է իր պատմություններում և շատ ավելի իրական, քան կարող էր լինել գրական փառատոնին մասնակցելու ինչ-որ լուսանկարում: Ֆեռանտեն ասել է նաև, որ խանդավառ ընթերցողին պիտի հնարավորություն տալ դուրս բերել գրողի դիմագծերը նրա յուրաքանչյուր բառից կամ քերականական սխալից: «Այսպիսով՝ գրելը ինտիմ է թե՛ նրա համար, ով գրում է, թե՛ նրա համար, ով վայելում է գրվածը»,- ասել է Ֆեռանտեն: