25.06.2015 14:38

Ջոան Ռոուլինգը անդրադարձել է Փոթթերների և Դարսլիների հարաբերություններին

Ջոան Ռոուլինգը անդրադարձել է Փոթթերների և Դարսլիների հարաբերություններին

«Հարրի Փոթթեր»-ի հեղինակ Ջոան Ռոուլինգը Pottermore  կայքում անդրադարձել է վեպի սյուժետային որոշ հարցերի նախապատմությանը: Խոսքը հատկապես  Դարսլիների՝ Հարրի Փոթթերի նկատմամբ տածած ուժեղ ատելության մասին է: Ռոուլինգը նաև պարզաբանել է, թե ինչու վիպաշարի վերջին վեպում Փեթունիա Դարսլին հրաժեշտ է տալիս Հարրի Փոթթերին առանց որևէ խոսք ասելու: Անդրադառնալով այս հարցին՝ Ռոուլինգը նշել է, որ որոշ ընթերցողներ «այդ հրաժեշտի ընթացքում ավելին էին սպասում մորաքույր Փեթունիայից», այնինչ վերջինս ոչինչ չի ասում Հարրի Փոթթերին, միայն վերջին անգամ նայում է նրան: Գրքում Ռոուլինգը գրել է, որ «մի պահ Փոթթերը տարօրինակ զգացողություն ուներ. նրան թվաց, որ Փեթունիան ուզում է ինչ-որ բան ասել իրեն», սակայն նա անմիջապես դուրս է գալիս սենյակից ամուսնու և տղայի հետևից:  Կայքում կատարած գրառման մեջ «Հարրի Փոթթեր»-ի հեղինակը գրել է, որ հրաժեշտի այդ դրվագում մորաքույր Փեթունիայի մեջ ինչ-որ պայքար կար՝ կապված իր քրոջ՝ Լիլիի հանդեպ տածած, բայց երկար ժամանակ մոռացված սիրո և այն գիտակցության հետ, որ հնարավոր է՝ էլ երբեք չտեսնի Լիլիի աչքերը, սակայն «նա այդպես էլ չկարողացավ ընդունել դա կամ ցույց տալ երկար ժամանակ թաղված զգացմունքները»: Այնուամենայնիվ՝ Ռոուլինգը վստահ է, որ վերջին գրքում Փեթունիայի պահվածքը համապատասխան է նախորդ յոթ գրքերի նրա զգացմունքներին և մտքերին:

Նույն գրառման մեջ Ռոուլինգը Դարսլիներին անվանել է հետադեմ, նեղմիտ, տգետ, մոլեռանդ և նախապաշարված մարդիկ՝ ասելով, որ դրանք իր ամենաչսիրած հատկանիշներն են: Փեթունիայի և Վերնոնի դաժան վերաբերմունքը Հարրի Փոթթերի նկատմամբ Ռոուլինգը բացատրել է վերջիններիս նախանձով. Փեթունիան դեռ մանկուց նախանձում էր իր քրոջ՝ Լիլիի մոգական ունակություններին, իսկ Վերնոնը ատում էր այն ամենը, ինչ արտասովոր էր, անգամ մարդկանց, որոնք հագնում էին շագանակագույն կոշիկ սև կոստյումի հետ: Ռոուլինգը գրել է, որ երբ  Փեթունիան և Վերնոնը հանդիպում են Լիլիի ընկերոջը՝ Ջեյմսին, զույգերը վիճում են և այլևս չեն հաշտվում. հետագայում  Վերնոնը և Փեթունիան չեն մասնակցում Հարրի Փոթթերի ծնողների՝ Լիլիի և Ջեյմսի հարսանիքին:

Անդրադառնալով Դարսլիների՝ Հարրի Փոթթերի խնամքը ստանձնելուն՝ Ռոուլինգը գրել է, որ երբ Փեթունիան Դամբլդորից նամակ է ստանում Փոթթերների սպանության մասին, հասկանում է, որ այլ տարբերակ չունի, բայց այդ որոշումը կայացնում է այնքան մեծ դժկամությամբ, որ Փոթթերի մանկության ողջ ընթացքում պատժում է նրան հենց իր ընտրության համար: Ռուոլինգը նշել է նաև, որ Վերնոնի ատելությունը, ինչպես Սևերուս Սնեյփինը, մասամբ առաջացել է նրանից, որ Հարրին շատ  էր նման իր հորը, որին իրենք այդքան շատ չէին սիրում:

Ռոուլինգը անդրադարձել է կերպարների անունների ընտրությանը ևս՝ ասելով, որ Վերնոն անունը ինքը երբեք չի սիրել, իսկ Փեթունիան այն անուններից է, որոնց հետ փոքր ժամանակ քրոջ հետ խաղացած խաղերում ասոսացրել է կանանց վատ ու անդուր հատկանիշներ: