26.06.2015 21:13

Արցախում 4-րդ անգամ կկազմակերպվի դասական երաժշտության «Տնջրե» միջազգային փառատոնը

Արցախում 4-րդ անգամ կկազմակերպվի դասական երաժշտության «Տնջրե» միջազգային փառատոնը

2015թ. հունիսի 28-ից հուլիսի 5-ը Արցախում 4-րդ անգամ կկազմակերպվի դասական երաժշտության «Տնջրե» միջազգային փառատոնը, որին կմասնակցեն պատանի կատարողներ աշխարհի 11 երկրներից` Իտալիայից, Սլովենիայից, Բոսնիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Լիտվայից, Սինգապուրից, Նիդեռլանդներից, Հայաստանի Հանրապետությունից ու Արցախից: Հայտնում են ԼՂՀ մշակույթի նախարարությունից:

Փառատոնի շրջանակներում մասնակիցները հանդես կգան անհատ կատարումներով, անսամբլներում  և  նվագախմբի հետ: Փառատոնային համերգները կկազմակերպվեն Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Բերձոր, Ճարտար քաղաքներում:

Փառատոնի օրերին Ֆինլանդիայից ու Նիդեռլանդներից հրավիրված ճանաչված դասատուների կողմից կտրվեն դաշնամուրի, ջութակի և կլառնետի վարպետության դասեր:

«Տնջրե» փառատոնի նպատակն է՝ խթանել Արցախում դասական երաժշտարվեստի զարգացումը, արցախցի երիտասարդ երաժիշտներին հաղորդակից դարձնել համաշխարհային կատարողական արվեստի լավագույն ավանդույթներին, նպաստել տարբեր երկրների երաժիշտների հետ մշակութային կապերի հաստատմանը:

«Տնջրե» փառատոնի խորհրդանիշը Արցախի Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում գտնվող պատմական սոսի /ղրբ. բարբառով՝տնջրե/ 2000-ամյա  ծառն է:

«Տնջրե» փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2010թ-ին, այնուհետև՝ 2011, 2013թթ.: Փառատոնի կազմակերպիչն է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

«Տնջրե» 4-րդ միջազգային փառատոնի հովանավորներն են «Բեյզ Մեթըլս», «Վալլեքս», «Ֆլորենս», «Ռեյփսիդ», «Ռոսիա» և «Արարար-Գոհար» ընկերությունները: