01.07.2015 13:36

Ռուս գրականության բազմաթիվ ստեղծագործություններ կթարգմանվեն անգլերեն

Ռուս գրականության բազմաթիվ ստեղծագործություններ կթարգմանվեն անգլերեն

Հունիսի 27-ին ռուս և ամերիկացի գիտնականները, հրատարակիչները և ռուսական կառավարության պաշտոնյաները հայտարարել են ռուս գրականության նոր թարգմանությունների շուրջ համագործակցելու մասին: Թարգմանությունների հրատարակիչը լինելու է Կոլումբիայի համալսարանի հրատարակչությունը:

Այս ծրագիրն իրականացնելու գաղափարը կոչվում է «Ռուսական գրադարան»: Այն նախատեսում է իրականացնել ռուս ժամանակակից և դասաական գրականության հարյուր և ավելի գրքերի թարգմանություն: Գրքերը կընտրի հրատարակիչը՝ ամերիկացի և ռուս գիտնականների կոմիտեի աջակցությամբ: «Ռուսական գրադարան»-ը հղացել են Պիտեր Կաուֆմանը և Վլադիմիր Գրիգորևը:

Կոնֆերանսի ընթացքում բավական երկար քննարկվել է գրքերն ընտրելու սկզբունքը: Կոլումբիայի համալսարանի հրատարակչության տնօրենի կարծիքով՝ թարգմանվող գրքերի ցանկում պետք է ընդգրկվեն թե՛ դասական գրողների այն ստեղծագործությունները, որոնք նոր թարգմանության կարիք ունեն, թե՛ հետսովետական և ժամանակակից գրողների գործեր: Գրիգորևն առաջարկել է կոնֆերանսի ընթացքում ընտրել 12 գիրք, սակայն կարծիքներն այնքան տարբեր են եղել, որ որոշում այդպես էլ չի կայացվել: Հայտնի է, որ առաջին թարգմանությունները լույս կտեսնեն 2017 թ.-ին:

Կոնֆերանսի կազմակերպիչը ամերիկյան «Read Russia» հասարակական կազմակերպությունն է, որը մասամբ հովանավորվում է Ռուսաստանի կառավարության կողմից: Վերջինս օգնում է այս ծրագրին նաև Գրական թարգմանության ինստիտուտի դրամաշնորհների միջոցով (ինստիտուտի նպատակն է տարածել ռուս գրականությունը): Հասարակական կազմակերպության տնօրեն Պիտեր Կաուֆմանն ասել է, որ նախաձեռնությունը կօգնի Ռուսաստանին ուղղել իր մշակույթը տարածելու գործում մինչ այդ եղած թերի կողմերը. որպես նմանատիպ նախաձեռնության օրինակ՝ Կաուֆմանը նշել է Իսպանիայի Սերվանտեսի ինստիտուտը:

Կոնֆերանսին մասնակցած գիտնականներն ասել են, որ համագործակցությունը քաղաքական առումով գերլարված ժամանակներում երկու պետությունների միջև հարաբերությունները բարելավելու հնարավորություն է տալիս: Կոնֆերանսի համար Մոսկվա մեկնած ամերիկացի գիտնականներից Ստեֆանի Սանդլերը, որ նաև Հարվարդի համալսարանի սլավոնական լեզուների ամբիոնի դասախոսներից է, ասել է. «Մեզնից շատերի համար այս նախագծին մասնակցելու և հենց այս անբարենպաստ, գերլարված քաղաքական ժամանակներում այն սկսելու պատճառն այն է, որ մենք կարող ենք սկսել կամուրջներ և երկխոսելու ուղիներ գտնել երկու մշակույթների միջև»:

Համագործակցության՝ մշակութային երկխոսություն ծավալելու դերի մասին խոսել է նաև Վլադիմիր Տոլստոյը՝ ռուս գրող Լև Տոլստոյի թոռան թոռը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդականն է մշակութային հարցերով: Նա մասնավորապես ասել է. «Գրականությունը լավագույն կամուրջն է մարդկանց փոխըմբռնման գործում. այն օգնում է հասկանալ՝ ինչով են ապրում մարդիկ, ինչ արժեքներ ունեն»:  Ծրագրի հաջողության դեպքում Տոլստոյը հույս ունի տեսնելու ամերիկյան և եվրոպական գրականության անթոլոգիաներ ռուսերենով: