02.07.2015 14:43

Արգենտինայում լույս է տեսել Մարինե Պետրոսյանի «Զենքը կրակեց» գիրքը

Արգենտինայում լույս է տեսել Մարինե Պետրոսյանի «Զենքը կրակեց» գիրքը

Օրերս Արգենտինայում հրատարակվեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանի «Զենքը կրակեց» (“DISPARÓ EL ARMA”) գիրքը, որում ընդգրկված են հեղինակի վերջին երկու՝ «Սալաթ կրակոցներով» և «Ատրճանակը կրակեց» գրքերի բանաստեղծությունները: Մեզ հետ զրույցում Մարինե Պետրոսյանը նշեց, որ բանաստեղծությունների ընտրությունն իրենն է. «Բանաստեղծությունները գրքի համար ես ինքս եմ ընտրել։ Եւ ընտրել եմ վերջին երկու գրքերիցս, որովհետեւ կարծում եմ որ դրանք են իմ առավել հասուն գործերը»:

Բանաստեղծությունները թարգմանել է Ալիս Տեր-Ղևոնդյանը, իսկ գրքի առաջաբանը գրել է իսպանագիր արգենտինահայ գրող Աննա Արզումանյանը: Գիրքը հրատարակել է «Audisea» հրատարակչությունը: Խոսելով հրատարակչության մասին՝ Մարինե Պետրոսյանը նշեց, որ որքան հասկացել է, այդտեղ հիմնականում երիտասարդ բանաստեղծներ են հավաքված եւ հրատարակում են բացառապես թարգմանական պոեզիա:
Մեր հարցին ի պատասխան, թե ինչպես ստացվեց, որ հրատարակչությունն առաջարկեց տպել իր գիրքը, Մարինե Պետրոսյանն ասաց, որ արգենտինացի ընթերցողի հետ իր առաջին հանդիպումը կայացել էր դեռ 2013 թվականին, երբ Բուենոս Այրեսում, Աննա Արզումանյանի նախաձեռնությամբ եւ Ալիս Տեր-Ղեւոնդյանի թարգմանությամբ, հրատարակվեց ժամանակակից հայ բանաստեղծների անթոլոգիան։ Այդ ժամանակ, սակայն, բանաստեղծը չի կարողացել մեկնել Արգենտինա. «Ես այն ժամանակ Արգենտինա գնալ չկարողացա (թե ինչու չկարողացա, դրա մասին պատմվածք եմ գրել՝ «Արգենտինա, Արգենտինա»), բայց հեռվից էլ նկատելի էր, որ բանաստեղծություններս սիրվել են, քանի որ արգենտինացիները դնում էին դրանք իրենց բլոգներում»: Անթոլոգիայի հրատարակվելուց մեկ տարի անց Աննա Արզումանյանը Մարինե Պետրոսյանին հայտնում է հաճելի լուրն այն մասին, որ  «Audisea» հրատարակչությունը ցանկանում է հրատարակել նրա բանաստեղծությունները առանձին գրքով։

Հիշեցնենք, որ 2013 թ.-ին Մարինե Պետրոսյանը գրել էր «Մանիֆեստ աշխարհականության»-ը, որում նշել էր աշխարհի գրականության մեջ իր տեղը գտնելու նպատակի մասին: Մեր հարցին, թե այդ տեսանկյունից ինչ դեր ու նշանակություն կարող է ունենալ այս գիրքը, բանաստեղծը պատասխանեց. «Իսպաներենը 19 պետությունների պաշտոնական լեզուն է, դրանով խոսում է կես միլիարդ մարդ՝ երկրագնդի մի քանի մայրցամաքներում։ Կարծեմ տպավորիչ թվեր են։ Բայց աշխարհի գրականություն մտնելու տեսանկյունից երեւի ընթերցողից ավելի կարեւորը քննադատներն են։ Էս առումով, անկեղծ ասած, տեղյակ չեմ՝ ինչպիսին է վիճակը Արգենտինայում եւ մյուս իսպանախոս երկրներում»։

Գարնանը Մարինե Պետրոսյանը  եղել է Ամերիկայում՝ Նյու Յորքի նահանգում գտնվող Omi Writers գրական կացատանը, որտեղ իր բանաստեղծությունները ամերիկացիների համար կարդալու առիթ է եղել. «Լսարանը շատ մեծ չէր, բայց բազմաշերտ էր, ու ես երջանիկ էի տեսնել, որ ամերիկացիները սիրեցին իմ բանաստեղծությունները՝ հենց իմ իսկ թարգմանությամբ»։
Գրողը նշեց նաև, որ այլ լեզուներով հրատարակվելու ուրիշ շատ ծրագրեր կան, բայց դրանց մասին երեւի իմաստ կունենա խոսել, երբ որ արդեն իրականացման փուլ մտած լինեն։