02.07.2015 16:59

Ադրբեջանը բողոք է հայտնել Մեծ Բրիտանիային՝ ԼՂՀ նախագահի այցի կապակցությամբ

Ադրբեջանը բողոք է հայտնել Մեծ Բրիտանիային՝ ԼՂՀ նախագահի այցի կապակցությամբ

Ադրբեջանը բողոք է հայտնել Մեծ Բրիտանիային՝ կապված այդ երկիր Լեռնային Ղարաբաղի ղեկավարի հնարավոր այցի հետ: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ փոխարտգործնախարար Խալիֆ Խալաֆովը վճռական բողոք է հայտնել Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի՝  Մեծ Բրիտանիա կատարելիք այցի  և Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի կազմակերպած միջոցառումներին մասնակցություն բերելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում փոխնախարարն ընդգծել է, որ նման գործողությունները չեն բխում  Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի բարեկամական և ռազմավարական հարաբերությունների ոգուց և գնահատվում են որպես մի քայլ, որն ուղղված է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ:

Բակո Սահակյանի այցը Լոնդոն նախատեսված է հուլիսի 8-ին:

Մեծ Բրիտանիայի դեսպանն, իր հերթին, նշել է, որ Մեծ Բրիտանիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի իշխանությունը և նրա հետ որևէ առնչություն չունի: Դիվանագետը խոստացել է Բրիտանիայի ԱԳՆ-ին փոխանցել ադրբեջանական կողմի մտահոգությունը: Փոխանցել է trend-ը: