02.07.2015 17:19

Ֆրանց Կաֆկայի ձեռագրերը կհանձնեն Իսրայելի ազգային գրադարանին

Ֆրանց Կաֆկայի ձեռագրերը կհանձնեն Իսրայելի ազգային գրադարանին

Իսրայելի դատարանը վճիռ է կայացրել գրող Ֆրանց Կաֆկայի ձեռագրերի սեփականության հարցով: Վճիռը պարտավորեցնում է Թել Ավիվի բնակիչ Եվա Հոֆֆին իր տիրապետության ներքո գտնվող բոլոր ձեռագրերը հանձնել Իսրայելի ազգային գրադարանին:

Կաֆկայի ստեղծագործությունները հիմնականում հրատարակվել են նրա մահից հետո: Հայտնի է, որ գրողը իր ձեռագրերը տվել էր իր ընկերոջը՝ գրող, փիլիսոփա, հրապարակախոս և լրագրող Մաքս Բրոդին՝ պատվիրելով դրանք այրել իր մահից հետո, սակայն Բրոդը չի կատարել Կաֆկայի ցանկությունը և 1939 թ.-ին ձեռագրերն իր հետ տարել է Պաղեստին: Մահից առաջ Մաքս Բրոդը Կաֆկայի արխիվը կտակել է իր քարտուղար Էսթեր Հոֆֆին: Դատավարության ընթացքում պարզվել է, որ ըստ Բրոդի կամքի՝ Հոֆֆը Կաֆկայի արխիվը պիտի հանձներ Իսրայելի կամ այլ պետության որևէ հաստատության՝ այն պահպանելու նպատակով: Սակայն Հոֆֆը ոչ միայն չի կատարել Բրոդի ցանկությունը, այլև 1973 թ.-ին վաճառել է Կաֆկայի ձեռագրերի մի մասը: Իմանալով սրա մասին՝ Իսրայելի գլխավոր դատախազը զգուշացրել է Էսթեր Հոֆֆին, որ ըստ Բրոդի ցանկության՝ նա չպիտի ազատվեր այդ արխիվի որևէ նյութից:

Էսթեր Հոֆֆի մահից հետո Կաֆկայի ձեռագրերն անցնել  են նրա դուստրերին: 2008 թ.-ին նրանք հայց են ներկայացրել դատարան՝ նշելով, որ ձեռագրերը պատկանում են իրենց: (Քույրերից մեկը մահացել է նախքան դատարանի վճիռ կայացնելը:) 2012 թ.-ին դատարանը մերժել է բողոքը, իսկ այս շաբաթվա վճռով ուժի մեջ է թողել նախկին որոշումը՝ մերժելով ողջ մնացած քրոջ՝ Եվա Հոֆֆի հայցը:

Իսրայելի ազգային գրադարանից հայտնել են, որ Կաֆկայի ձեռագրերը կթվայնացվեն և հասանելի կլինեն առցանց: