13.07.2015 12:50

Գերման Ստերլիգովը պարզաբանել է, թե ինչու է որոշել տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ

Գերման Ստերլիգովը պարզաբանել է, թե ինչու է որոշել տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ

«Комсомольская правда»-ին տված հարցազրույցում գործարար Գերման Ստերլիգովը պատմել է, որ իր ընտանիքի հասցեին շարունակ սպառնալիքներ են հնչում: Նա ընդգծել է, որ «կան ոչնչացման բազմաթիվ տարբերակներ՝ սպանությունից մինչև ասեղի վրա նստեցնելը»:

Գործարարի խոսքով՝ սկզբում նա որոշել է տեղափոխվել ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետություն, բայց նայել է նրա ղեկավարությանը, և այն նրան դուր չի եկել՝ «այդ կարմիր դրոշներն ու նման բաները»,- նշել է ձեռներեցը: Ի վերջո՝ նա որոշել է կանգ առնել Շուշիից 27 կմ հեռավորութմաբ գտնվող բնակավայրում: «Ղարաբաղը նաև բացարձակապես մաքուր և էժան մթերքի աղբյուր է: Այստեղ այնքան բազմազան մրգեր ու բանջարեղեն կա, որոնք պետք է մշակել և տանել Ռուսաստան: Այստեղ կարելի է այնքան մաքուր և օգտակար հյութեր, կոմպոտներ, գինիներ արտադրել, որ եթե Մոսկվան այդ բոլորը փորձի, ապա կթքի շատ քիմիական բաների վրա, որ հիմա այնտեղ վաճառում են»,- համոզված է Ստերլիգովը:

Ուրբաթ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն Ստերլիգովին ընդգրկել է սև ցուցակի մեջ՝ Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատելու համար:

«Ռուսական կենսակերպ» ծայրահեղ աջ կազմակերպության առաջնորդ Իլյա Գորյաչովի փաստաբանի խոսքով՝ Ստերլիգովին պատրաստվում էին որպես վկա դատակոչել БОРН կազմակերպության («Ռուս ազգայնականների ռազմական կազմակերպություն») գործով: Սակայն գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովը այդ տեղեկությունը չի հաստատել:

Ձեռներեցի կինը՝ Ալյոնա Ստերլիգովան, իր կողմից՝ պարզաբանել է, որ իրենք ժամանել են Ղարաբաղ, քանի որ «այնտեղ պահպանվել են բարոյական հիմքերը, և մարդիկ էլ խոսում են ռուսերեն»: Փոխանցում է echo.msk.ru-ն: