13.07.2015 13:37

iLur.am-ի խմբագրին մեղադրանք է առաջադրվել. Աղբյուրը չե՛նք բացահայտելու

iLur.am-ի խմբագրին մեղադրանք է առաջադրվել. Աղբյուրը չե՛նք բացահայտելու

Պետական մարմինները շարունակում են բոլոր հնարավոր միջոցներով սահմանափակել լրատվամիջոցների ազատ խոսքի իրավունքը: Վերջերս Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի 2-րդ մասով, որն է՝ «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը»: Այս գործով «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի (iLur.am) տնօրեն Քրիստինե Խանումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ այն պարագայում, երբ դատարանի որոշումը վերաբերվում է «իլուր.էյէմ» ոչ իրավաբանական անձին: Փաստացի` իրավապահները շարունակում են տեղի չտալ եւ գործը վերջնականապես կոծկելու համար ոչ թե իրենց բոլոր ռեսուրսները ներդնում են հանցագործությունը բացահայտելու համար, այլ ցանկանում են միայն իմանալ, թե ով է մեր կայքին ինֆորմացիա տրամադրած աղբյուրը: Այսինքն՝ կամ աղբյուրը, կամ էլ՝ գործը կոծկվում է, հույսով, թե լրատվամիջոցը ստիպված կլինի նշել, թե քանի որ երկար ժամանակ է անցել, աղբյուրի մասին արդեն որեւէ բան չեն հիշում: Գործը կկոծկվի, իսկ երբ հարցնեն, թե ինչո՞ւ այն չբացահայտեցիք, մեղքը կգցեն լրատվամիջոցների վրա, որ գրեցին, բայց հետո, երբ բացահայտման հետ դժվարություն ունեցանք ու խնդրեցինք մատնանշել աղբյուրը, նրանք ասացին, թե արդեն չեն հիշում՝ ով էր աղբյուրը, այսինքն, լրատվամիջոցներն են մեղավոր դառնալու չբացահայտման համար: Բայց՝ ոչ iLur.am-ի դեպքում: Որովհետեւ մենք մեր աղբյուրը չենք մոռացել, մենք իրավապահների հետ գործարքի չենք գնում եւ պարզ հայտարարում ենք՝ օրենքով մենք կարող ենք չբացահայտել աղբյուրը եւ չենք բացահայտում, քանի որ վստահ ենք, որ ցանկության ու քաղաքական կամքի առկայության պարագայում իշխանությունները մի քանի օրում գործն արդեն բացահայտած կլինեին:

Ինչեւէ, ներկայացնենք այս գործի նախապատմությունը:

2014 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել էր iLur.am-ի եւ «Հրապարակ» օրաթերթի բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը հրաժարվել էր բողոքը վարույթ ընդունել՝ այսպիսով ուժի մեջ թողնելով գործով առաջին ատյանի դատարանի վճիռը: Վերջիններս վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում էին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը, որով դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին: Նման որոշում լրատվամիջոցների դեմ Հայաստանում ընդունվել է առաջին անգամ: Խոսքը վերաբերում է գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնությանը, որի մասին տեղեկացրել էր մեր կայքը՝ նշելով, որ բռնության հեղինակը Շիրակի վարչության արդեն նախկին պետ Վարդան Նադարյանն էր, որն այժմ ազատված է աշխատանքից (դեպքի հետ առնչություն չունեցող պատճառներով):

Ավելի վաղ iLur.am-ը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում է. «Դատարանի որոշումը մարտահրավեր է ինչպես արդարադատությանը, այնպես էլ՝ անկախ լրատվությանն ընդհանրապես, ու ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին»: Լրատվամիջոցը հրաժարվել է բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Վերաքննիչ դատարանի վճիռը iLur.am-ը բողոքարկել է նաեւ Վճռաբեկ դատարանում, սակայն վերջինս բողոքը վարույթ չի ընդունել:

Դատարանի այս որոշման նկատմամբ իր մտահոգությունն է հայտնել ԵԱՀԿ-ն՝ հղում կատարելով ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հայտարարությանը: Հայտարարության մեջ Դունյա Միյատովիչը, մասնավորապես, նշում էր. «Ես մտահոգված եմ, որ այդ որոշումը կարող է բացասական ազդեցություն թողնել ԶԼՄ-ների վրա, քանի որ կարող է խանգարել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուսաբանմանը,- ապա հավելել էր. -Պետական եւ մասնավոր ինֆորմացիայի աղբյուրների հետ աշխատելիս լրագրողների մասնագիտական գաղտնիքի անհրաժեշտությունը պետք է ընդունվի»: Միյատովիչը նշել է, որ աղբյուրների ինքնությունը պաշտպանելու՝ լրագրողների իրավունքը առանցքային սկզբունք է հետաքննական լրագրության համար, եւ ԵԱՀԿ-ի կողմից մեկ անգամ չէ, որ  հայտարարվել է որպես ազատ կամարտահայտման համար հիմնական պահանջ»: Դատարանի որոշման կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել նաեւ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի հանձնակատարների կողմից հաստատվել են մի շարք դրույթներ, որոնց առկայության պարագայում միայն դատարանը կարող է պարտավորեցնել լրատվամիջոցին բացահայտելու աղբյուրը: Դրանք են՝ ծանր հանցագործության առկայություն, հանցագործություն, որը ուղղված է ազգային անվտանգության դեմ, առնչվում է հասարակության քրեաիրավական կենսական շահին, եւ սպառված են վարույթն իրականացնող մարմնի բոլոր հնարավորությունները: Նշենք, որ սույն գործում վերոնշյալ դրույթներից որեւէ մեկը առկա չէ:

Փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանը որոշումը կայացրել է նյութական եւ դատաիրավական իրավունքի ակնհայտ եւ կոպիտ խախտումներով: «ՀՀ Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Այս իրավունքի սահմանափակման հիմքերը նախատեսված են Սահմանադրության 43-րդ հոդվածով, որի համաձայն՝ այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման եւ այլ նպատակներով»,- ավելի վաղ հայտարարել է փաստաբանը՝ հավելելով, որ միջամտությունը սահմանված չէ օրենքով, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը չի պարունակում այնպիսի կարգավորումներ, որոնց հիման վրա դատարանը կարող էր պարտադրել լրագրողին եւ լրատվամիջոցին բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը:

Ըստ Տիգրան Եգորյանի՝ այս գործին ծանոթ որեւէ օբյեկտիվ կամ ողջամիտ դիտորդ այլ կարծիք չի ունանա, քան այն, որ սա հատուկ մշակված գործողությունների շղթա է, որի նպատակը Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության փլուզումն է: «Բնականաբար՝ սա չի բխում ժողովրդավարությունից, սա խախտում է սահմանադրությունը, վնասում խոսքի ազատությանը»,- ավելի վաղ հայտարարել է փաստաբանը:

Հավելենք, որ iLur.am-ը դատարանի՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին որոշումը արդեն իսկ բողոքարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: