15.07.2015 12:15

«Էլեկտրական» շարժումը լիցք է հաղորդել ժողովրդավարության համար պայքարին եւ կարող է ազդել սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետների որոշման վրա

«Էլեկտրական» շարժումը լիցք է հաղորդել ժողովրդավարության համար պայքարին եւ կարող է ազդել սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետների որոշման վրա

«ՉԻ» զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը

Հայաստանում մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման։ Ինչպե՞ս եք գնահատում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ծավալված այդ շարժումը։

- «Էլեկտրական Երեւան» շարժումը հակասական գնահատականների արժանացավ։ Ոմանց կարծիքով, հզոր եւ աննախադեպ մի պոռթկում էր, որին մասնակցեցին նոր որակի երիտասարդներ։ Ոմանք փորձեցին այն մատուցել որպես իշխանության կողմից բեմադրված «ընդվզում», որի նպատակն էր Ռուսաստանից զիջումներ կորզելը։ Ոմանք շարժման արդյունքները գնահատեցին որպես հաջողություն, այլք` նմանատիպ շարժումների  «հերթական տապալում»։ Ընկալումների այս հակասականությունն էլ ավելի կարեւոր է դարձնում ճշգրիտ գնահատականի փնտրտուքը։

Ի՞նչ է իրականում կատարվել։ Որեւէ կասկած չունեմ, որ շարժումը մեր ժողովրդի մի հատվածի, առավելապես՝ երիտասարդության անկեղծ պոռթկում էր։ Այդ պոռթկման կայացմանը մենք` Հայ Ազգային Կոնգրեսն ամեն բանով աջակցել է, նախ եւ առաջ` լինելով այդ շարժման մաս, կազմակերպելով բողոքի ակցիաներ  Հայաստանի 13 քաղաքներում, ինչը նպաստեց շարժման տարածմանը ամբողջ Հայաստանում, տրամադրելով նաեւ անհրաժեշտ տեխնիկական օգնություն։ Մենք Ազգային Ժողովում, ինչպես նաեւ հեռուստատեսությամբ ու լրատվական այլ միջոցներով հիմնավորեցինք, որ հոսանքի թանկացման հիմքում ընկած է կոռումպացված մի օղակ, որը միավորում է ե՛ւ «ՀԷՑ»-ին, ե՛ւ ՀԾԿՀ-ին, ե՛ւ հարկային տեսչությանը, ե՛ւ դատախազությանը, ե՛ւ վերջապես այս բոլորի հանցավոր համագործակցությունը ղեկավարող Սերժ Սարգսյանին։ Մենք կոչ արեցինք ժողովրդին դուրս գալ փողոց, քանի որ այլ կերպ իշխանությունները մեկ լումա անգամ չէին նահանջի։ Բայց նաեւ վստահ եմ, որ փողոց դուրս եկած եւ ընդվզած հատվածի մեծ մասը պայքարի դուրս եկան ոչ թե նրա համար, որ դժվարանում են լույսի համար 7 դրամ ավել վճարել։ Ո՛չ։ Մարդկանց առաջին հերթին հուզել է այն հանգամանքը, որ մեր հանրապետությունը եւ նրա տնտեսությունը պատանդ են դարձել իշխանությունը յուրացրած գողերի, թալանչիների ձեռքին։ Փողոց դուրս եկան ոչ թե աղքատները կամ թշվառները, որոնց համար 7 դրամ ավել վճարելն իսկապես խնդիր է, այլ մարդիկ, ովքեր իսկապես մտահոգված են, թե ինչ երկրում են ապրում եւ հետաքրքրված են հայոց պետության զարգացման հեռանկարով։

Ընդվզումն անսպասելի էր իշխանության համար։ Մինչեւ վերջին պահը նրանք վստահ էին, որ էլեկտրականության գների համար հազարավոր մարդիկ փողոց դուրս չեն գա։ Դա էր պատճառը, որ իշխանության առաջին բնազդը Բաղրամյանը «օկուպացրած» ցուցարարներին ցրելը եղավ։ Իշխանությունը սխալվեց. նա չհասկացավ, որ դժգոհությունը չի արտահայտվում միայն այդ մի քանի հազար հավաքված մարդկանցով, եւ խորապես արմատավորվել է ամբողջ հասարակության, անգամ հենց իրենց   քաղաքական հենարանի մեջ, պետական ապարատի մեջ, եւ անգամ ոստիկանության մեջ։ Հանրությունն ըստ էության համերաշխ էր ցուցարարների հետ, եւ բռնությունները տվեցին լրիվ հակառակ արդյունք` ավելացնելով դժգոհությունը հասարակության մեջ ու մարդկանց քանակը փողոցներում։ Այստեղ է, որ իշխանությունը հասկացավ, որ պետք է գնա լուրջ զիջումների, եւ չի կարող այլեւս անտեսել հանրային մեծ դժգոհությունը։

- Սերժ Սարգսյանի առաջարկած լուծումը` «ՀԷՑ»-ում անցկացնել աուդիտ, մինչ այդ` թանկացման փոխհատուցման բեռը դնելով կառավարության վրա, արդյո՞ք հարցի բավարար լուծում էր։

- Բնականաբար, բավարար չէր, եւ Կոնգրեսը այդ առթիվ շատ հստակ դիրքորոշում հայտնեց։ Բայց Սերժ Սարգսյանի հղփացած ավազակապետական ռեժիմի համար սա նախկինում աներեւակայելի նահանջ էր։ Հոսանքի գների բարձրացման վերջնական որոշումը ըստ էության հետաձգվեց մի քանի ամսով։ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ իրավիճակը պայթունավտանգ է։ Որ նման վիճակում գների բարձրացման որոշման պարտադրումը կարող է նոր պայթյուն առաջացնել, միգուցե ավելի մասշտաբային։ Իսկ հանրությունը հասկանում է, որ Սերժ Սարգսյանն ուղղակի ժամանակ է ձգում  եւ փնտրում ուղիներ` նվազագույն զիջումների համար։ Նման վիճակում կարելի է ասել, որ կողմերից  որեւէ մեկը չհասավ վճռորոշ առավելության, եւ խաղը, կոպիտ ասած, փոխադրվել է երկրորդ ռաունդ։

- Այսինքն` սա չի՞ կարելի համարել էլեկտրական շարժման պարտություն։

- Ոչ մի դեպքում։ Նախեւառաջ` իշխանությունը պարտվեց, երբ փորձեց բռնություն կիրառել։ Երիտասարդությունը եւ նրան աջակցող հանրությունը լուրջ դաս տվեցին Հայաստանի բռնապետներին։ Հայաստանին մահակներով «սթափեցնողները» հասկացան, որ բռնությունն այլեւս չի հանդուրժվելու։ Երբ բռնությունը տապալվեց, իշխանությունն անցավ ավելի նուրբ՝ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների, փորձելով  շարժումն իրենով անել։ Հանկարծ պարզվեց, որ նրա հսկողության տակ գտնվող հեռուստատեսությունների համար շարժումը դարձավ «սիրելի բալա»։ Բաղրամյան պողոտայում հայտնվեցին պրոֆեսիոնալ երգող-պարողներ, սկսվեց «բարձր հովանու ներքո» սննդի մատակարարում, փողոցներում հայտնվեցին «գլամուրային» աղջիկներ ու պատանիներ։ Այս ամենն արվում էր մեկ նպատակով. խոսակցական լեզվով ասած` շարժմանը «վենա մտնելու» նպատակով եւ այն հետո անվտանգ ուղղությամբ ուղղորդելու։ Դրա գագաթնակետը դարձավ այսպես կոչված «կենդանի պատի» կազմակերպումը, որի նպատակը բնականաբար ոչ թե պետք է լիներ ոստիկանության գրոհը կանխելը (հետագա զարգացումները նույնպես պարզ ցույց տվեցին, որ ոստիկանությունը հարկ եղած ժամանակ մի կողմ էր դնում «պատը»), այլ իշխանության եւ փողոցում կանգնած ժողովրդի միջեւ կամուրջ ստեղծելը եւ նրան ավելի կառավարելի դարձնելը։  Պլանը իրագործում էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն իր վերահսկողության տակ գտնվող ԱԺ պատգամավորների կողմից, թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ նրա կազմակերպած պատում հայտնվեցին եւ բազմաթիվ անկեղծ  մարդիկ, նաեւ պատգամավորներ, որոնց մտքով անգամ չէր անցնում, որ օպերացիայի հետեւում կանգնած է իշխանությունը։ Պատի կազմակերպիչները, սակայն, գերագնահատեցին սեփական մանիպուլյացիոն տեխնոլոգիաների հզորությունը, ինչի լավագույն վկայությունն է պատի բացահայտ իշխանավոր ներկայացուցիչների` Սամվել Ֆարմանյանի ու Արմեն Աշոտյանի խայտառակ փախուստը ժողովրդի «անկեղծության տարափի» տակ։ Իսկ երբ Սերժ Սարգսյանն առաջարկեց ցուցարարներին իր «վերջնական» լուծումը, գործի դրվեց մանիպուլյացիոն տեխնոլոգիայի երկրորդ գլուխգործոցը` Բաղրամյան պողոտայից մարդկանց Ազատության հրապարակ ուղղորդելու օպերացիան։ Հանկարծ պարզվեց, որ նախաձեռնող խմբի որոշ տղաներ ինքնագլուխ որոշում էին ընդունել բողոքը տեղափոխել Ազատության հրապարակ։ 1998թ. ի վեր առաջին անգամ Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն պատրաստակամություն հայտնեցին ամեն ինչով աջակցել Ազատության հրապարակում անցկացվելիք ցույցին, ներառյալ` վրանային քաղաքի արտոնումը, հզորագույն ձայնային տեխնիկայի տրամադրումը եւ գիշերային հզոր լուսավորության մատակարարումը։ Մեկ ակնթարթում դադարեցվեցին բարձր հովանու ներքո տրվող սննդի մատակարարումը Բաղրամյանի ցուցարարներին, «անկախ, բայց պատասխանատու» լրատվամիջոցների կողմից Բաղրամյանի ցույցերի լուսաբանումը։ Բաղրամյան պողոտայից անհետացան երգի-պարի անսամբլները, շոու բիզնեսի ներկայացուցիչները, եւ գլամուրային աղջիկները։ Իհարկե, այս ակնհայտ մանիպուլյացիաները չէին կարող խաբել Բաղրամյանում հավաքված ժողովրդին, որն անմիջապես հասկացավ` ինչն ինչոց է, եւ մնաց պայքարելու Բաղրամյանում։ Բայց` այս ամենն ավելի նուրբ նպատակ էր հետապնդում, այն է` ստեղծել տպավորություն, որ շարժումը մարում է, մարդկանց քանակը եւ հետաքրքրությունը պակասում է։

- Կարելի՞ է ենթադրել, որ դա ըստ էության հաջողվեց իշխանություններին, եւ ի վերջո ոստիկանությունը կարողացավ մեղմ գործողություններով բացել Բաղրամյան պողոտան։

- Իհարկե, իշխանությունը հաջողեց պառակտել նախաձեռնող խումբը, սերմանել «չքաղաքականացնելու» կարգախոսը եւ խափանել շարժման հստակ ասելիքի ու գործողությունների կազմակերպումը, ինչի  արդյունքում էլ, ինչպես ասացի, խաղը տեղափոխվել է երկրորդ ռաունդ։ Բայց դրա համար իշխանությունը բավական լուրջ գին է վճարել։ Նախ, պարզվեց, որ բռնության ռեսուրսն ըստ էության սպառված է։ Իշխանությունը նաեւ արձանագրեց մանիպուլյացիոն տեխնոլոգիաների տապալումն այնպիսի դրվագներում, ինչպիսիք էին «կենդանի պատի» կառուցումը, եւ դրա միջոցով փողոց դուրս եկած զանգվածը իշխանության վերահսկողության տակ դնելու փորձը, եւ ժողովրդին Օպերա տանելու օպերացիան։  Բայց ավելի կարեւոր է այն, որ իշխանությունը ստիպված «լյուստրացիայի» ենթարկեց Հայաստանի քաղաքական եւ քաղաքացիական դաշտը, բացահայտելով իր հետ համագործակցողներին, ինչը էապես կթուլացնի նրա մանիպուլյացիայի հնարավորություններն ապագա ճակատամարտերում։ Պակաս կարեւոր չէ այն հանգամանքը, որ տարատեսակ սադրիչների միջոցով բողոքներին աշխարհաքաղաքական բնույթ հաղորդելու իշխանության բոլոր փորձերը տապալվեցին, ցույց տալով հավաքված ժողովրդի բավականին ուժեղ իմունիտետը ռեժիմի մանիպուլյացիաների դեմ։

- Այդ դեպքում ո՞րն է «էլեկտրական» այդ շարժմանը Ձեր ամփոփ գնահատականը։ Արդյոք այն ի վերջո դրակա՞ն էր Հայաստանում ժողովրդավարության համար  տարիներ շարունակ տարվող պայքարի տեսանկյունից, եւ ի՞նչ ազդեցություն դա կունենա հետագա քաղաքական գործընթացների վրա։

- Չնայած իշխանության որոշ տակտիկական հաջողություններին, այն, ինչ կատարվեց հունիս-հուլիսյան էլեկտրական շարժման օրերին, կարելի է համարել եթե ոչ հաղթանակ, ապա գոնե որպես շատ դրական գործընթաց, որը նպաստելու է ժողովրդավարության համար Հայաստանում ծավալվող ընդհանուր պայքարին։

Այսօր Սերժ Սարգսյանի վարչախմբի ամենակարեւոր խնդիրն է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել եւ հավերժացնել Սերժ Սարգսյանի անձնական իշխանության ռեժիմը` խորհրդարանական համակարգի անցման միջոցով։ Բազմիցս խոսել ենք այս մասին, եւ կրկնում եմ` Սերժ Սարգսյանի պլանն է` այդ նոր համակարգում պահպանելով իշխող կուսակցության ղեկավարի դիրքը եւ ստանձնելով ԱԺ նախագահի պաշտոնը, երկարաձգել իր իշխանությունը։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի վարչախմբի համար այդ խնդիրն իրականացնելն առավել դժվարանում է Հայաստանում ստեղծված սոցիալական ընդվզումների ֆոնի վրա։ «Էլեկտրական» շարժման գլխավոր նվաճումն այն է, որ ժողովրդի մի ակտիվ հատվածը մոբիլիզացվեց` հերքելով իշխող վերնախավի համոզմունքը, թե Հայաստանի ժողովուրդն այլեւս ի վիճակի չէ փողոց դուրս գալու եւ ընդվզելու իշխող ռեժիմի չարաշահումների դեմ։ Ժողովրդի, իսկ ավելի ճիշտ երիտասարդության մի ստվար զանգվածը մոբիլիզացվեց, ցույց տվեց իր ուժը, ստիպեց իշխանություններին որոշակի նահանջ կատարել։ Սա շատ լավ զարգացում էր, եւ այն ակտիվ քաղաքական պայքարի դաշտ բերեց իսկապես նոր որակի երիտասարդություն, որը մինչեւ վերջին դեպքերը միգուցե դեռ երբեք չէր դիմել քաղաքական հրապարակային պայքարի։ Ամենատպավորիչը ինձ համար այն զգացումն էր, որ Բաղրամյան պողոտայում հավաքվել են լուսավորյալ դեմքեր, իրենց քաղաքացիական իրավունքների վրա վստահ, կայացած անհատներ, ովքեր միշտ բարձր են դրել իրենց անհատական ազատությունն ու անկախությունը, բայց նաեւ, առանց վնասելու այդ անհատական անկախությունը, միավորվել էին զանգվածային հզոր գործողության մեջ։ Նրանք բարձրացրեցին ժողովրդի հավատը՝ հրապարակային ակտիվությամբ երկրում ինչ-որ բան փոխելու նկատմամբ։ Բնական է, որ այդ լիցքը չի կորելու եւ գումարվելու է  այն ընդհանուր պայքարին, որն արդեն տարիներ շարունակ տարվում է Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար։

Իշխանությունները հասկացել են սա։ Նրանք գիտեն, որ Սերժ Սարգսյանն ընդամենը ժամանակ է շահել, եւ որ իր առաջարկված աուդիտից հետո, երբ «պարզվի», որ էլեկտրականության գների բարձրացումն արդարացված է, սա նոր շոկ է առաջացնելու Հայաստանում, եւ հնարավոր է նորից ցասման հիմք դառնա։ Ահա դա է պատճառը, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն, իշխանությունները որոշել են Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման սահմանադրական հանրաքվեն անցկացնել այս աշնանը՝ մինչեւ աուդիտի ավարտը, եւ էլեկտրականության նոր գների վերջնական հաստատումը։ Նրանց հաշվարկով սահմանադրական հանրաքվեի կեղծումը հօգուտ ռեժիմի էապես կնպաստի ժողովրդի մեջ քաղաքական ապատիայի հաստատմանը, եւ կամրապնդի ռեժիմի դիրքերը։ Հետեւաբար, սահմանադրական հանրաքվեից հետո իշխանությունները կկարողանան առանց լուրջ ցնցումների բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։

Մեր` ռեժիմի դեմ պայքարող քաղաքական ուժերի եւ քաղաքացիական նախաձեռնությունների նպատակը, հետեւաբար, շատ պարզ է` ժողովրդի գիտակցությանը հասցնել, որ այդ հանրաքվեում ասված «Ոչ»-ը իրականում նշանակելու է «Ո՛չ Սերժ Սարգսյանի ռեժիմին», «Ո՛չ թալանի հավերժացմանը» եւ «Ո՛չ երկրի հնազանդեցմանը քրեաօլիգարխիկ ռեժիմին»։ Եթե սա ստացվի, Հայաստանում արդեն աշնանը կձեւավորվի ժողովրդի սահմանադրական ազատությունների եւ իրավունքների համար պայքարող եւ նրանց դեմ կատարվող բոլոր ոտնձգությունները մերժող «Ոչ»-ի մի հզոր ճակատ, որը կհամախմբի տարբեր գաղափարախոսական հոսանքների պատկանող եւ քաղաքական նպատակներ ունեցող ուժերին եւ լուրջ մարտահրավեր կնետի Սերժ Սարգսյանի ռեժիմին։

«Չորրորդ Իշխանություն»