22.07.2015 18:25

ԶԼՄ. НТВ-ի ղեկավարությունը փոխվում է

ԶԼՄ. НТВ-ի ղեկավարությունը փոխվում է

Ռուսաստանյան НТВ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուլիստիկովը հեռանալու է իր պաշտոնից, պնդում են ռուսաստանյան լրատվամիջոցների աղբյուրները: Կուլիստիկովի պաշտոնաթողության մասին միաժամանակ հաղորդել են  «Коммерсант»-ն ու «Ведомости»-ն՝ հղում անելով խոշոր հեռուստաալիքների և «Գազպրոմ-հոլդինգի» (որի կազմի մեջ է մտնում НТВ-ն) իրենց աղբյուրներին:

Լրատվամիջոցների աղբյուրների կարծիքով՝ Կուլիստիկովի պաշտոնանկության հնարավոր պատճառը հեռուստաալիքի ֆինանսական դժվարությունները կարող են լինել: Վերջին տարիներին հեռուստատեսությունը կորցնում է իր լսարանը, իսկ գովազդատուները՝ հետաքրքրությունը հեռուստաալիքի նկատմամբ:

Հեռուստատեսության մամլո ծառայությունում հրաժարվել են տեղեկատվություն հաղորդել Կուլիստիկովի պաշտոնանկության մասին, ինքը Կուլիստիկովը նույնպես հրաժարվել է մեկնաբանություններից: Իսկ «Գազպրոմ-մեդիայի» մամլո ծառայությունում ասել են, թե ոչինչ չգիտեն գլխավոր տնօրենի պաշտոնանկության մասին:

Վլադիմիր Կուլիստիկովը НТВ-ն ղեկավարում է 2004 թվականից: Նրա օրոք НТВ-ում միանգամից մի քանի քաղաքական ծրագրեր փակվեցին, որոնցում քննադատություն էր հնչում իշխանությունների հասցեին: Այնուհետև հեռուստաալիքը եթեր արձակեց ռուսաստանյան ընդդիմության գործունեության մասին մի քանի լրագրողական հետաքննություններ, որոնք ընդդիմադիրները կեղծիք անվանեցին: Այդ նյութերի հիման վրա ընդդիմության մի քանի գործիչների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին:

Ռուսաստանյան շատ հեռուստաալիքների ղեկավարներ նշել են, որ Վլադիմիր Կուլիստիկովը վայելում է Վլադիմիր Պուտինի բարեհաճությունը:

 Փոխանցում է euronews-ը: