18.09.2012 16:57

Էդուարդ Մունքի «Ճիչը» կտավի անանուն սեփականատերն այն կներկայացնի հանրությանը

Էդուարդ Մունքի «Ճիչը» կտավի անանուն սեփականատերն այն կներկայացնի հանրությանը

Հոկտեմբերի 24-ից նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդուարդ Մունքի «Ճիչը» կտավը կցուցադրվի Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, հաղորդում է The New York Times-ը:

Մի քանի տասնամյակ շարունակ այս կտավը, որն արվեստաբանները համարում են 20-րդ դարի մշակույթի խորհրդանիշը, գտնվում էր մասնավոր հավաքածուում և երբեք չի ցուցադրվել Նյու Յորքում:
Ըստ թանգարանի տնօրենի՝ միաժամանակ կներկայացվեն Մունքի մի քանի փորագրանկարներ, որոնք ստեղծվել են «Ճիչի» հետ միևնույն ժամանակաշրջանում: Ձեռք կառնվեն անվտանգության աննախադեպ միջոցառումներ, քանի որ աշխարհում ամենահայտնի այս կտավն անչափ հրապուրիչ է նաև գողերի համար:

««Ճիչը» ոչ միայն մտել է արվեստի պատմության մեջ՝ որպես էքսպրեսիոնիզմի գլուխգործոց, այլև՝ որպես իմրեսիոնիզմին և մոդեռնիզմին նվիրված աճուրդային վաճառքի ամենաթանկ նմուշ: Մայիսին կտավը Սոթբիի աճուրդում վաճառվել էր 120 միլիոն դոլարով: Այն ձեռք բերողի անունը մինչ օրս անհայտ է: Փորձագետները հակված են կարծելու, որ գնորդն ամերիկացի ֆինանսիստ և արվեստի գործերի հավաքորդ Լեոն Բլեքն է: