27.07.2015 12:07

Գրանորություն. Լյուբկո Դերեշի «Խաղաղարարը»

Գրանորություն. Լյուբկո Դերեշի «Խաղաղարարը»

Իրադարձությունները «նիրհելու» հատկություն ունեն: Թվում է՝ ինչ կատարվել է, ընդամենը պատմություն է, գործող անձինք վաղուց չկան կամ եթե նույնիսկ կան, ապա ընդամենը՝ դասագրքային, բեղ-մորուքով, հնաոճ պերսոնաժներ են, որոնք ոչ մի իրական զգացմունք չեն արթնացնում, բացի թերևս իրենց դեմքերը գրիչով խզբզելու կամ «նկարազարդելու» անզուսպ պահանջից; Արդյունքում՝ դեպքերը և մարդիկ դառնում են կոմիքսատիպ պերսոնաժներ, որոնց հիմնական գործառույթը մեզ զվարճացնելն ու մեր միջև եղած ընդհանրությունները ժխտելն է: Այսինչ թվականին Այնինչը գնաց Այնտեղ ու հանդիպեց Մեկայլի հետ: Արդյունքում կատարվեց Այն Ինչը: Ու վե՞րջ... Իրադարձությունները, սակայն, «արթնանալու» հատկություն ունեն: Եվ գալիս է մի Այսինչ թվական, երբ Դու, հենց Դու ստիպված ես լինում գնալ Այնտեղ, հանդիպել Մեկայլի հետ ու նախկինում դասագրքային կոմիքս թվացող մարդկանց նման կանգնել իրականության չերևացող պատի առաջ՝ անհուսորեն տատանվելով երկու անդունդների՝ Խղճիդ և Պարտականությանդ միջև...

«Այնուամենայնիվ, օդում լռություն էր կախված: Արևը ծագում էր: Երբ միջուկային ամպը հասավ ամպերին, քամիները ուղղորդեցին տարբեր ուղղություններով՝ վերացնելով նրա հստակ ուրվագծերը: -Մենք արեցի՛նք դա,- կրկնեց ինչ-որ մեկը նրա թիկունքում: Օպպենհայմերին թվաց, թե ծանրություն իջավ իր վրա: Զգաց, որ հազիվ է ոտքի վրա կանգնում: Նա սկսեց պիջակի գրպաններում ծխախոտ փնտրել, գտավ տուփն ու դողդողացող ձեռքով մի գլանակ վառեց: Հենց որ հայտնվեց գեներալ Գրոուվզը, նա ազատ ձեռքը թաքցրեց գրպանում, որ գեներալը չնկատի ձեռքի դողը»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված՝ Լյուբկո Դերեշի «Խաղաղարարը» վիպակների ժողովածուն՝ ուկրաիներենից Անուշավան Մեսրոպյանի թարգմանությամբ և Արամ Պաչյանի առաջաբանով, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան