29.07.2015 13:40

Գրանորություն. «7 անուն վրացական արդի պոեզիա» բանաստեղծությունների ժողովածուն

Գրանորություն. «7 անուն վրացական արդի պոեզիա» բանաստեղծությունների ժողովածուն

Հարևանի լեզուն միշտ անսովոր է: Քո տան հնչյունները քոնն են, հորինած բառերը ևս, որոնք որևէ արմատով կամ իմաստով չեն համընկնում դրսի, փողոցի, հեռուստացույցի ու գրքի լեզվին: Արդյունքում գոյանում է աներևույթ բառահնչյունազտիչ. հնչյուններդ, արտասանությունդ մնում են տանը, իսկ դրսի լեզուն ներսը չի գրավում: Կարծում եմ՝ ավելորդ է նշել, որ սեփական բառերդ տանդ մեջ, չստացված ձկների նման ճեմում են, նույնիսկ՝ ինքնաբավ են: Ավելին՝ որպես օրիգինալ մի քիչ էլ վերևից են նայում հարևանի կիսագեղո անցուդարձին: Բայց հանկարծ մի օր, մեծ, շատ մեծ զարմանքով հասկանում ես, որ հարևանն էլ իր տան մեջ հնչյուններ ու բառեր ունի: Անսովոր բառեր, որոնց իմաստը չհասկանալու չափ գրավիչ է...

«Մենք նմանվել ենք անթերի

կլոնների,

իսկ դու վերևում երևի արդեն

չես էլ կարողանում միմյանցից

տարբերել

մահամերձներին և

նորածիններին...»:

Ալեքսանդրե Լորթքիբանիձե

«...ասե՛մ ձեզ, ճշմարի՛տ,

ճշմարի՛տ ասեմ,

 որ հանդերձապահարանը ոչ

այլ ինչ է,

եթե ոչ դագաղ,

որտեղ փակում ու թաղում ենք

անցած գույներն օրերի, բույրերն ու

թույրերը,

փակում ենք, որ հանկարծ...

չխեղդվե՜նք...»:

Սալոմե Բենիձե

«Մենք փոխեցինք մեր

սենյակները, որոնք երբեք

չէինք կարողանում միմյանց

հարմարեցնել,

չէինք կարողանում իրար

միացնել...»:

Նինո Սադղոբելաշվիլի

«Հիշում ենք տները նաև՝

սպասումնալի երեխաներով

լցված:

-Դո՜ւրս արի Աստվա՛ծ,

այսպես է վերջանում իմ

աղոթքը»:

Գիորգի Արաբուլի

«...Պատերա՜զմ է մայր հողի

բոլոր անկյուններում...»:

Գվանցա Ջոբավա

«Իմ անսահման

վրացիությունը

երերում է կարծես

ծննդյան օրվա համար

զարդարված այս փողոցից

և տոնական

զգացողության հետ մեկտեղ

ինձ համակում է

կարոտի զգացողություն.

Հայրենիքի՛ կարոտի»:

Սոսո Միշվելիանի

«...և սակայն փիրուզագույն

ծածկոցի տակ

առաջին քարը նետվելուց

առաջ

այնուամենայնիվ,

դո՛ւ ինձ ծածկեցիր քեզնով...»:

Նուկրի Բերեթելի

«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված «7 անուն վրացական արդի պոեզիա» բանաստեղծությունների ժողովածուն՝ Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան: