30.07.2015 14:31

Կադիրովը պատմել է, որ իրեն փորձել են պայթեցնել

Կադիրովը պատմել է, որ իրեն փորձել են պայթեցնել

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը РИА Новости-ին տված հարցազրույցում պատմել է իր դեմ մահափորձի մասին:

Նրա խոսքով՝ վերջին մահափորձը կատարվել է չորս ամիս առաջ Գրոզնիի Չեռնորեչյե շրջանում: Նա նշել է, որ  մահափորձի մասնակիցները գրոհայիններ էին, որոնք ենթարկվում էին բանդայի պարագլուխ Համզատ Բիտյուկաևին: «Բիտյուկաևսկին դեռ լակոտ է՝ ծիծաղելի, հետաքրքիր, շատ ջահել է: Նա հեռացել է անտառ, նրան առաջադրանք են տվել՝ գնալ Գրոզնի ու սպանել Կադիրովին: Նա պատրաստվում էր ինձ պայթեցնել: Մենք նրանց բոլորին ոչնչացրինք, միայն նա է մնացել»,- ասել է Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարը նշել է, որ դա վերջին ժամանակներն իր դեմ կազմակերպված միակ մահափորձը չէր: Ավելի վաղ իրեն փորձել են սպանել Դաղստանից ժամանած «ջահել լակոտներ», որոնց բռնել են: Կադիրովի խոսքով՝ այդ մահափորձի պատվիրատուն Բիտյուկաևներն ու Ումարովներն են եղել:

Համզատ Բիտյուկաևը Ռուսաստանում արգելված «Իմարաթ Կովկաս» ահաբեկչական կազմակերպության հանգուցյալ պարագլուխ Դոկու Ումարովի աջ ձեռք էր: ՌՔԿ-ի տվյալներով՝ նա էր պատրաստել  մահապարտին՝ 2011 թ. Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում պայթյուն կազմակերպելու համար, որի արդյունքում զոհվեց 37 մարդ, 170-ից ավելին վիրավորվեցին: Բիտյուկաևինն աև համարում են 2014 թ. դեկտեմբերին Գրոզնու վրա հարձակման կազմակերպիչներից մեկը, փոխանցում է lenta.ru-ն: