30.07.2015 16:32

ՄԱԿ-ի ԱԽ-ն քվեարկել է MH17-ի գործով տրիբունալի օգտին, ՌԴ-ն վետո է դրել

ՄԱԿ-ի ԱԽ-ն քվեարկել է MH17-ի գործով տրիբունալի օգտին, ՌԴ-ն վետո է դրել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվերակել է Ուկրաինայի արևելքում MH17 «Բոինգի» աղետի հետաքննության նպատակով միջազգայի տրիբունալ ստեղծելու մասին Մալայզիայի ներկայացրած բանաձևի օգտին: Սակայն Ռուսաստանն արգելափակել է փաստաթղթի ընդունումը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ օգտվելով իր վետոյի իրավունքից:

Բանաձևի օգտին քվեարկել է Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրներից 11-ը: Անգոլան, Չինաստանը և Վենեսուելան ձեռնպահ են քվեարկել:

«Ռուսաստանը կոպտորեն արհամարհեց այն երկրների վրդովմունքը, որոնց առնչվում է այդ ողբերգությունը»,- ասել է ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:

Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը, որը ներկա է եղել քվեարկությանը, Ռուսաստանի վետոն անվանել է « ծաղր՝ միջազգային պատասխանատվության  հարցում Ռուսաստանի պարտավորությունների նկատմամբ»:

Փաստաթղթի տեքստի համաձայն՝ տրիբունալի ստեղծման միակ նպատակը «քրեական պատասխանատվության ենթարկելն է այն անձանց, որոնք պատասխանատու են 2014 թ. հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում Malaysia Airlines-ի MH17 օդանավի ոչնչացման համար»:

Փոխանցում է BBC-ն: