31.07.2015 12:41

Գրանորություն. Արի Տուրունենի «Ինչ է, չգիտե՞ք՝ ես ով եմ. գոռոզամտության պատմություն»-ը

Գրանորություն. Արի Տուրունենի «Ինչ է, չգիտե՞ք՝ ես ով եմ. գոռոզամտության պատմություն»-ը

Առաջին քայլն արած մարդն արդեն իսկ բացառիկ է: Շարժվելու, զգալու, տեսնելու և արտահայտվելու ունակությունը ձեռք բերելով՝ մի կիսասիրուն օր հասկանում ես, որ և՛ հիմա, և՛ մանավանդ քեզնից առաջ շարժվող իրականության մեջ եղել են բազմաթիվ զգացող, տեսնող ու արտահայտվող մարդիկ: Զարմանալի փաստ: Ուսումնասիրելով անցած-գնացած, բայց չմոռացված բացառիկներին, նրանց վեկտորային թռիչքին զուգահեռ՝ հանկարծ նկատում ես վերջիններիս ուղղահայաց անկումը: Մեծամտություն, գոռոզություն, իրականությունից կտրված լինելու զգացողություն, մի խոսքով՝ համարյա ամպերին հասնող ոտքեր: Ու... չրմփոց՝ հանրային «ունիտազի» մեջ: Բայց էս ամենը կատարվել է ուրիշի՝ Մակեդոնացու, Լյուդովիկոս տասնչորսերորդի, Ջոն Լենոնի հետ, իսկ դու բացառիկ, որևէ մեկին չկրկնող տեսակ ես: Քեզ հետ երբեք չի կատարվի այն, ինչ եղավ ուրիշների, ուրիշների, ուրիշների հետ, իսկ դո՞ւ... Քեզ, միմիայն քեզ հետ, քեզ, քեզ, քեզ, մեկ էլ հոպ՝ հանրային «ունիտազի» մեջ տեսնում, զգում ես, որ ոտքերիդ ամպային հետքերից մենակ ճանճերն են մնացել...

«Դեռ 2200 տարի առաջ Անտիկ դարաշրջանի փիլիսոփա Արիստոն Քիոսացին նկատել է, որ մեծամտության ախտից կարելի է բուժվել, եթե մի քիչ խորհես այն մասին, թե ինչ է երջանկությունը կամ բախտը, քանի որ երջանկությունը, ինչպես և բախտը, անկանխատեսելի են և հարափոփոխ...»:

«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված Արի Տուրունենի «Ինչ է, չգիտե՞ք՝ ես ով եմ. գոռոզամտության պատմություն» գիրքը՝ ֆիններենից Սվետլանա Հագերտի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան: