06.08.2015 16:50

Ավետիսյանների սպանությունից հետո ստեղծված իրավիճակը հարուցել է Պուտինի դժգոհությունը - РБК

Ավետիսյանների սպանությունից հետո ստեղծված իրավիճակը հարուցել է Պուտինի դժգոհությունը - РБК

«Ռոսնանո»-ի գործի քննության ակտիվացումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր դժգոհությունն արտահայտեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության քննության հարցում ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի գործողություններից, փոխանցում է РБК-ն:

Լրատվամիջոցի աղբյուրները տեղեկացրել են, որ Ավետիսյանների սպանությունների մասով գործի քննությունն առանձնացվել է դեռեւս հուլիսի 13-ին: Հուլիսի 18-ին ՀՀ Քննչական կոմիտեն Ռուսաստանից ստացել է քրեական գործի 9 հատորները (Պերմյակովին ՀՀ-ին հանձնելու մասին Հայաստանում հայտնի դարձավ հունիսի 26-ին-խմբ.):

«Այն բանից հետո, երբ ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան կայազորային դատարանն իր մասով դատավճիռ կկայացնի Պերմյակովի նկատմամբ, նրան կհանձնեն Հայաստանին՝ սպանության գործի քննության համար», նշում է աղբյուրը: Օգոստոսի 12-ին Գյումրիի կայազորային դատարանը բաց մեղադրանքով կքննի դասալքությանը, զենքի հափշտակմանն ու կրելուն վերաբերող գործը: Ըստ РБК-ի, հուլիսի 18-ին Պերմյակովին վերաբող հարցով սկսել է զբաղվել անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, քանի որ ոչ մի բարձրաստիճան ուժային պաշտոնյա չի կարողացել «գործը գլուխ բերել»:

Ըստ աղբյուրի` ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի վրա է դրվել պատասխանատվությունն այն բանի համար, որ նա չի կարողացել «բոլորին ձեռ տվող» պարզաբանումներ ներկայացնել եւ դիրքորոշում որդեգրել Ավետիսյանների սպանությունից հետո, ինչն էլ հանգեցրել է Գյումրիում ու Երեւանում զանգվածային բողոքի ակցիաների: Նրա աշխատանքը «կացնային» են որակել: Բաստրիկինի հետ հանդիպման ժամանակ Պուտինն իր դժգոհությունն է արտահայտել Գյումրիում կատարած գործողությունների, այլ հանրային հնչեղություն ստացած գործերի եւ հակակոռուպցիոն հետաքննությունների վերաբերյալ: Դրանից հետո Բաստրիկինն իր ղեկավարած գերատեսչությունում փակ նիստի ժամանակ կարգադրել է նոր թափ հաղորդել նախկինում բացված գործերին եւ ավարտին հասցնել դրանք:

Այդ խորհրդակցությունից հետո էլ հարուցվել են գործեր Դաղստանի կենսաթոշակային հիմնադրամի ղեկավար Մուրթազալիեւի եւ «Ռոսնանո» ընկերության ղեկավար Լեոնիդ Մելամեդի դեմ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, լքելով զորամասը, մուտք է գործել Ավետիսյանների տուն եւ սպանել է ընտանիքի վեց անդամներին, այդ թվում՝ 2-ամյա երեխային: Դրանից 7 օր անց ստացված վնասվածքներից մահացավ ամենակրտսեր Ավետիսյանը՝ 6 ամսական Սերյոժան: Հունվարի 13-ին Գյումրիում հզոր բողոքի ցույցեր մեկնարկեցին՝ Պերմյակովին ՀՀ իրավազորությանը հանձնելու պահանջով: Սպանությունից օրեր անց ՀՀ ժամանեց ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը: