10.08.2015 13:33

Գրանորություն. Արամ Պաչյանի «Օվկիանոս» պատմվածքների և էսսեների ժողովածուն

Գրանորություն. Արամ Պաչյանի «Օվկիանոս» պատմվածքների և էսսեների ժողովածուն

Ժեստ և ինտոնացիա: Տեսնել հնչյունը, լսել պատկերը, հետո երկարատև տարածության վրա զգացողությունները պրոյեկտելով՝ մոնտաժել: Մոնտաժել ու նոր օվկիանոս ստանալ: Կտրտել չափման բոլոր միավորները, այնպես, որ օվկիանոսը տեղավորվի եղունգներիդ վրա և միաժամանակ՝ մտքիդ մեջ: Բառերը ժեստերով և ինտոնացիաներով փոխարինել:  Բառերը ժեստերով և ինտոնացիաներով փոխարինե՞լ... Քնել... Քաղաքի, զորամասի, փակ պատի, առանց տարածության ինքնասպանության, պատնեշված ջրի մասին ՔՆԵԼ: Քնել, որ  երազում տեսնես անկողնուդ մեջ հասունացող, եփվող օվկիանոսը՝ նման մատնահետք ձայնի ու շառաչուն ժեստերի: Ինձ օվկիանոսը փրկեց, ինձ օվկիանոսը փրկե՞ց... Հետո՞... Արթնացումը շատ բառեր ունի...

Չէ...

Չէ...

Չէ...

Արթնա՛ցո՛ւմը շա՛տ բառե՛ր ունի...

«Չրկոյի հենակետը մեր հենակետին մոտ էր

գիշերը նրա հենակետից կրակոց լսվեց

չիկ-չոկ

բլինդաժում երեքով պառկած էինք, երբ ռազմական

ոստիկանությունը, գնդի սպաները ներս լցվեցին

զենքերը վերցրին, իջեցրին գումարտակ

մեքենայի մեջ ասացին, որ «Կարմիր քարեր» հենակետում

զինվոր է ինքնասպան եղել

շտաբը շրջապատել էին սիրենաներով մեքենաները

մեզ տարան կացարանի մեջտեղում դրված սեղանի մոտ

երեքով կանգնել նայում էինք սեղանին

վաշտի հրամանատարը հրաման տվեց՝

«Հա՛վսար-զգա՛ստ»

սեղանի գլխին կանգնած ոստիկանը ձեռքի կտրուկ

շարժումով քաշեց բրիզենտն ու գոռաց.

«Է՛ս բոզի տղուն ճանաչո՞ւմ եք»

Չէ

Չէ

Չէ»:

«Անտարես» հրատարակչության կողմից «XXL» մատենաշարով լույս ընծայված՝ Արամ Պաչյանի «Օվկիանոս» պատմվածքների և էսսեների ժողովածուն հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան: