11.08.2015 12:38

Արշակ Մուսախանյան. «Չե՛ք անցկացնի»-ն պատրաստվում է հասարակական լայն կոնսոլիդացիայի

Արշակ Մուսախանյան. «Չե՛ք անցկացնի»-ն պատրաստվում է հասարակական լայն կոնսոլիդացիայի

«Ոմանք պնդում են, որ Սահմանադրական փոփոխությունները Սարգսյանի կեղծ օրակարգն են, սակայն փաստացի նայելով փաստաթղթին՝ երեւում է, որ դա իր վերարտադրության ծրագիրն է»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը:

«Սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի կողմից որպես կեղծ օրակարգ որակողները շատ չեն: Ամեն դեպքում, նրանք հենվում են այն թեզի վրա, թե մինչ այժմ իշխանություններին հաջողվել է վերարտադրվել և մոնոպոլացնել քաղաքական դաշտը, ուստի սահմանադրությունը որևէ կարևոր դեր չի կարող խաղալ նաև հետայսու: Սա հասարակ մանիպուլյացիա է, որովհետև պարզ է, որ այսօրվա քաղաքական մոնոպոլիան ոչ թե սահմանադրական կամ դե յուրե մոնոպոլիա է, այլ դե ֆակտո: Դա նշանակում է, որ ցանկացած պահի ընդդիմությունը կարող է ջարդել դե ֆակտո գոյություն ունեցող մոնոպոլիան, ձևավորել լուրջ հակակշիռ և վերականգնել սահմանադրական կարգը երկրում»,- ընդգծեց Արշակ Մուսախանյանը՝ հավելելով, որ սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական մոնոպոլիան կդառնա սահմանադրական իրողություն, որն անշրջելի կլինի:

«Կան դրույթներ, որոնք ակնհայտ են դարձնում իշխանությունների վերարտադրության մտադրությունը: Դրանք կապված են ԱԺ նախագահին տրվող աննախադեպ լիազորությունների, ընտրությունների երկրորդ փուլի, կայուն մեծամասնության, գործադիր և դատական ճյուղերի ձևավորման մեջ ԱԺ-ում առկա մեծամասնության և նրա կողմից ընտրված ԱԺ նախագահի լայն լիազորությունների դրույթների հետ: Իշխանությունների կողմից կատարված այս քայլն, իհարկե, կիրառելի չէ ժողովրդավարական հասարակություններում: Դա կիրառվում է կիսաավտորիտար ռեժիմներում, որի նպատակն է սուպեր-ավտորիտար ռեժիմի հաստատումը և քաղաքականության իսպառ վերացումը երկրում»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները տապալելու հարցում հասարակական մեծ մոբիլիզացիա ապահովելու ռեսուրս կա: «Շատերն են հասկանում, որ սա նշանակելու է ժողովրդավարության վերջնական տապալումը Հայաստանում, իսկ լայն հանրության համար ռեժիմի երկարաձգման հնարավորությունն ուղղակի անտանելի տեսլական է,- նշեց Արշակ Մուսախանյանը՝ հավելելով. - «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հիմնական նպատակն է ապահովել քաղաքացիական դաշտում գործող միավորների մոբիլիզացիան և համագործակցությունը՝ ի նպաստ սահմանադրական փոփոխությունների տապալման: Մենք պարզ հայտարարում ենք, որ դրված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համագործակցել քաղաքական ուժերի հետ: Մենք պետք է ջարդենք իշխանության կողմից ներդրված քաղաքական-քաղաքացիական արհեստական բաժանումը և նպաստենք հասարակական լայն կոնսոլիդացիային: Դա է հաջողության հասնելու միակ տարբերակը: Այս նպատակով արդեն հանդիպել ենք Հայ Ազգային Կոնգրեսի և Հիմնադիր խորհրդարանի հետ և արդեն ունենք որոշակի պայմանավորվածություններ: Այդ կոնսուլտացիաները քաղաքական ուժերի հետ կշարունակվեն»: