13.08.2015 15:23

Վլադիմիր Կարապետյան. ՄԻԵԴ վճիռն ու յուր մեկնաբանները

Վլադիմիր Կարապետյան. ՄԻԵԴ վճիռն ու յուր մեկնաբանները

«Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» հայցը նախաձեռնելու հիմնական նպատակը՝ Հայաստանի կողմից ԼՂ և շուրջ տարածքներում վերահսկողության իրականացման փաստի ապացուցում/արձանագրումն էր: Իր այդ նպատակին հասնելու համար Ադրբեջանը բազմաթիվ ապարդյուն ջանքեր էր գործադրել նախկինում, սակայն Հայաստանը կարողանում էր դիմադրել և միջազգային հանրությանը ներկայացնել ԼՂ հակամարտության իրական պատկերը:

Հասկանալի է, որ նշված հայցով պահանջվող դրամական փոխատուցումը, ինչպես նաև՝ այլ խնդիրներ, Բաքվին իրականում չեն հետաքրքել. վերջինիս գործադրած ջանքերը, իրավաբանական ամենահեղինակավոր ընկերությունների ներգրավումն ու ծավալուն փաստական նյութերի հավաքումն ու դատարանին ներկայացնելը հենց օկուպացիայի փաստի արձանագրման համար է եղել:

Նշենք նաև, որ դրամական փոխհատուցման խնդիրը չեզոքացնելու համար ՄԻԵԴ դիմեցին ավելի քան 500 հայ հայցվոր (Շահումյանի բնակիչ Սարգսյան ընտանիքի հայցով վճիռը հրապարակվեց «Չիրագովի» վճռի հետ միասին): Հավասարակշռելով ադրբեջանցիների դրամական պահանջները՝ հայկական կողմը նույնպես կենտրոնացել էր Բաքվի մեղադրանքները հակադարձելու, քաղաքական վերահաս վտանգավոր հետևանքները չեզոքացնելու վրա:

Այդ իսկ նկատառումներից ելնելով՝ պաշտոնական Երևանի որոշամբ ՄԻԵԴ-ում 2005-2008թթ. պաշտպանության մարտավարությունը համակարգում էր ՀՀ ԱԳՆ-ն: Սակայն որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանի օգնական, իսկ այսօր արդեն՝ Գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը կարողացավ ՀՀ ԱԳՆ-ից վերցնել դատարանում հիմնական պատասխանող կողմի գործառույթը և մինչև դատավարության ավարտը գլխավորեց Հայաստանի իրավաբանական թիմը: Այսպիսով՝ կարելի է պնդել, որ հենց Գ. Կոստանյանն է կրում պատասխանատվություն ՄԻԵԴ-ի՝ նման անփառունակ որոշման համար: Սա, թերևս, անկախության տարիների ընթացքում Հայաստանին ու ԼՂ-ին հասցված ամենամեծ հարվածն էր, որի հետևանքները զգացվելու են առաջիկայում: Օրինաչափ է, որ վճիռը հրապարակելուց հետո էլ ՀՀ Գլխավոր դատախազը չի անդրադարձել վճռի մանրամասներին՝ մեկնաբանությունները թողնելով ՀՀ ԱԳՆ-ին:

Ահա օրերս էլ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի կենսական շահերի դեմ ուղղված վճիռը մեկնաբանել էր մինչև վերջերս ՄԻԵԴ-ի դատավոր Ալվինա Գյուլումյանը, որը օգոստոսի 8-ին Ազատությանը տված իր հարցազրույցում խոսել էր վճռի որոշ դրույթների մասին:

Մեկ անգամ առիթ ունեցել ենք նկատելու, որ Սերժ Սարգսյանի իշխանության հետ առնչություն ունեցողներից և ոչ մեկն ապահովված չէ՝ վերջինիս ապօրինություններն ու չարաշահումները, ձախողումներն ու ընտանիքի անդամների կողմից կոռուպցիոն

գործարքները քողարկելու նպատակով մասնագիտական հեղինակազրկումից ու անաչառ կեցվածքի ուրացումից:

Իրավացիորեն նկատելով, որ Հայաստանի հանրությանը պետք է ներկայացնել վճռի մանրամասները, տիկին Գյուլումյանը, աղավաղելով վճռի ամենակարևոր պնդումը, փորձում է ներկայացնել այն այնպես, ինչպես հայկական կողմն է ցանկացել ամրագրել վճռում, բայց չի կարողացել:

Եվ այսպես, խոսքը ՄԻԵԴ վճռի այն արձանագրման մասին է, որ Հայաստանը իրականացնում է արդյունավետ վերահսկողություն (effective control) ԼՂ և շրջապատող տարածքների նկատմամբ: 

Անտեսելով ակնհայտ այս փաստը, որին դատարանը հանգել է մի շարք հիմնավորումներով, ՄԻԵԴ-ի նախկին դատավոր Ա. Գյուլումյանը խոսում է «ԼՂ-ի վրա Հայաստանի ազդեցության մասին» և հղում կատարում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1993 թ. ընդունված բանաձևերին: Դրանցով Հայաստանին կոչ էր արվում «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884 բանաձևեր) հակամարտությունը դադարեցնելու համար (այստեղ նկատենք, որ Հայաստանը կատարել է այդ պահանջը, և նաև դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար): Այդ ձևակերպումը նաև հնարավորություն է տվել Հայաստանին տարիներ շարունակ որպես երրորդ կողմ՝ ԼՂՀ և Ադրբեջանի հետ միասին, մասնակցել ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններին: Միջազգային հանրությունն էլ հաշտվել էր այդ՝ պարտադիր ուժ ունեցող բանաձևի դրութների հետ և Հայաստանի հետ բանակցում էր՝ որպես ԼՂ վրա ազդեցություն ունեցող պետություն, ոչ ավելին: Մինչ այսօր Հայաստանը օգտվում էր այդ դրույթից (Սերժ Սարգսյանի ելույթը 2014 թ. Նյու-Յորքում գրեթե ամբողջությամբ նվիրված էր վերոհիշյալ բանաձևերին)՝ պնդելով, որ Հայաստանը որևէ առնչություն չունի տարածքների գրավման հետ:

Իսկ ահա ՄԻԵԴ վճիռը կտրուկ փոխել է վիճակը. որքան էլ ՀՀ ԱԳՆ պատասխանատուները ասեն, որ «Armenia exercised effective control over Nagorno-Karabakh and the surrounding territories» իրավական նշանակություն ունեցող եզրը չի ազդելու բանակցությունների վրա, այն հասատատվել է և օգտագործվելու է Ադրբեջանի կողմից՝ անմիջապես բանակցություններում, թե տարբեր միջազգային կազմակերպություններում (տես հունիսի 22-ին հրապարակած հոդվածը): Պնդելով այս ամենը՝ այստեղ զերծ կմնանք վճռի այլ ծալքերի մասին խոսելուց, հույսով, որ ՀՀ ԱԳՆ-ն գիտակցում է վիճակի բարդությունը և պատշաճ կերպով կնախապատրաստվի ադրբեջանական գրոհներին:

Տիկին Գյուլումյանը միտումնավոր փորձ է արել պարտակել ՀՀ իշխանությունների և, մասնավորապես՝ դատարանում Հայաստանի պատասխանատու Գ. Կոստանյանի ճակատագրական ձախողումը, և դա արել է՝ աղավաղելով փաստերը: Վստահ եմ, որ եթե Ա. Գյուլումյանի հարցազրույցը թարգմանվի, ապա ՄԻԵԴ-ի իր նախկին գործընկերների համար մեծ անակնկալ կլինեն հայ դատավորի մեկնաբանությունները: Սա է մեր իրականությունը, կարծես ամենահեղինակավոր ինստիտուտներում աշխատած, ամեն ինչով ապահովված և այսօր էլ Սահմանադրական՝ իշխանական մարմիններից անկախ դատարանի դատավորը չի կարողանում իր մեջ ուժ գտնել և կոչել իրերը իրենց անուններով:

Կարելի միայն պատկերացնել, թե որքան խորն է ՀՀ իշխանությունների մոտ ՄԻԵԴ վճռի վտանգավոր լինելու գիտակցությունը, որ նրանք կարողացան ապահովել բոլոր «ազատ և անաչառ» լրատվամիջոցների քար լռությունը հիմնախնդրի մասին:

Այս դասը պետք է ուսանելի լինի բոլորի համար. քանի դեռ Ս. Սարգսյանը իշխանության գլխին է՝ Հայաստանը ոչ միայն չունի զարգացման հեռանկար, այլև պետական համակարգում ցանկացած ոք կարող է ընկնել ստի ու կեղծիքի մեքենայի անիվների տակ: Թերևս օրինաչափ տրամաբանությամբ՝ հետդարձի ճանապարհը առաջինը կորցնում են իրավաբանները՝ բարձրաստիճան ոստիկաններից մինչև սահմանադրագետներ ու դատավորներ: