21.08.2015 01:43

Երեկոյի քեմբեքը ավարտվեց Մխիթարյանի հաղթական գոլով (տեսանյութ)

Երեկոյի քեմբեքը ավարտվեց Մխիթարյանի հաղթական գոլով (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 2015-16թթ. խաղարկության փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» կամային հաղթանակ տոնեց նորվեգական «Օդդի» նկատմամբ: Նիենի «Սկանգերակ Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3:4 հաշվով:

2-րդ րոպեին Սամուելսենն առաջ մղեց դաշտի տերերին, 20-րդ րոպեին Նորդկվելեն կրկնապատկեց հաշվի առավելությունը, իսկ երկու րոպե անց Ռուդը խփեց «Օդդի» երրորդ գոլը: Նախքան ընդմիջման գնալը՝ 34-րդ րոպեին, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կրճատեց հաշվի տարբերությունը: 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Սինձի Կագավան խփեց «Բորուսիայի» երկրորդ գոլը: 76-րդ րոպեին Օբամեյանգը հավասարեցրեց հաշիվը՝ դառնալով դուբլի հեղինակ, իսկ դորտմունդցիների համար հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից: Այս գոլը Մխիթարյանի համար 7-րդն էր ընթացիկ մրցաշրջանի 4 պաշտոնական խաղերում: 

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթից: 

Եվրոպայի լիգա, փլեյ-օֆֆ, առաջին խաղ

«Օդդ» - «Բորուսիա»՝ 3:4
Գոլերը՝ Սամուելսեն 2՛, Նորդկվելե 20՛, Ռուդ 22՛ - Օբամեյանգ 34՛, 76՛, Կագավա 47՛, Մխիթարյան 84՛