24.08.2015 10:54

ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ

ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ

Համաձայն ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության, հանգստյան օրերին  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային  (60, 82 և 120 մմ-ոց ականանետեր) և հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների: «Ըստ հավաստի աղբյուրների, տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ: ՊԲ դիրքապահ անձնակազմը շարունակում է աչալրջորեն վերահսկել ողջ առաջնագիծը և վստահորեն իրականացրել իր առջև դրված մարտական խնդիրը», - ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են միայն երեք վիրավորի մասին, փոխարենը նշելով, թե իբր հայկական կողմն է տվել 5 զոհ և 8 վիրավոր: