28.08.2015 00:44

Գոլառատ երեկո «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ (տեսանյութ)

Գոլառատ երեկո «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ (տեսանյութ)

Րոպեներ առաջ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ավարտվեց «Բորուսիա»-«ՕԴԴ» հանդիպումը: Դորտմունցիները հաղթահարեցին Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի արգելքը և պայքարը շարունակելու հնարավորություն ստացան:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Բորուսիան» 4:3 հաշվով կամային հաղթանակ էր տոնել նորվեգական «ՕԴԴ»-ի նկատմամբ, իսկ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած պատասխան հանդիպումն առավել գոլառատ էր. Թոմաս Տուխելի թիմը 7:2 հաշվով հաղթանակ տոնեց:

Հանդիպման 19-րդ րոպեին Օլե Հալվորսենն առաջ մղեց հյուրերին, սակայն դաշտի տերերը կարողացան արագ պատասխանել: 25-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիանալի հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը: 27-րդ րոպեին Մարկո Ռոյսն առաջ մղեց դորտմունդցիներին, իսկ 4 րոպե անց Մխիթարյանի փոխանցումից հետո Ռոյսը դարձավ դուբլի հեղինակ: Նախքան ընդմիջման գնալը՝ 40-րդ րոպեին, Սինձի Կագավան խփեց իր թիմի չորրորդ գոլը: 

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, Իլկայ Գյունդողանն ավելի տպավորիչ դարձրեց «Բորուսիայի» առավելությունը, իսկ 6 րոպե անց կրկին Մխիթարյանի փոխանցումից հետո Մարկո Ռոյսը խփեց այս խաղում իր երրորդ գնդակը: «Բորուսսիայի» տեղատարափ գրոհներին «ՕԴԴ»-ի ֆուտբոլիստները կարողացան պատասխանել միայն մեկ գոլով. 64-րդ րոպեին Օլիվեր Բրեգը հաշիվը դարձրեց 6:2, սակայն խաղավարտին Կագավան վերականգնեց 5 գնդակի առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն, ով այս մրցաշրջանի 7 պաշտոնական խաղում խփել է 8 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում, «Բորուսսիայի» մեկնարկային կազմում էր, սակայն 65-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին: 

Այսպիսով, «Բորուսիան» երկու խաղում հաղթեց ընդհանուր 11:5 հաշվով և դուրս եկավ Եվրոպայի լիգայի խմբային փուլ, որի վիճակահանությունը կայանալու է օգոստոսի 28-ին:

Եվրոպայի լիգափլեյ-օֆֆպատասխան հանդիպում

«Բորուսիա Դորտմունդ» - «ՕԴԴ»՝ 7:2 / ընդհանուր 11:5
Գոլերը՝ Մխիթարյան 25՛, Ռոյս 27՛, 31՛, 57՛, Կագավա 40՛, 90՛, Գյունդողան -51՛  Հալվորսեն 19՛, Բերգ 64՛