07.09.2015 22:25

Եվրո-2016. Հայաստան-Դանիա խաղում գոլեր չարձանագրվեցին (տեսանյութ)

Եվրո-2016. Հայաստան-Դանիա խաղում գոլեր չարձանագրվեցին (տեսանյութ)

Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը երկրորդ ոչ-ոքին խաղաց: «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Դանիա խաղում գոլեր չարձանագրվեցին:

Խաղի արդեն երկրորդ րոպեին դանիացիներն իրացրին վտանգավոր տուգանային հարված, բայց Գեւորգ Կասպարովը փրկեց իր թիմին: Մեկնարկային րոպեներին հյուրերն ունեին տարածքային առավելություն եւ փորձում էին խփել արագ գոլ, իսկ Հայաստանի հավաքականը դժվարությամբ էր անցնում կենտրոնը: Դաշտի տերերն ակտիվացան 15-րդ րոպեից, երբ դանիացիների դարպասի մոտ լարվածությունը մեծացավ, սակայն գործն իրական գոլային պահերի չհասավ: Խաղի հաշիվը կարող էր բացվել 19-րդ րոպեին, երբ Գեւորգ Ղազարյանը հարմար դիրքից գլխով շեղ հարվածեց: Խաղակեսի միջնամասում խաղը հավասարվել էր, եւ անցնում էր առանց գոլային պահերի: Դանիացիները հաճախ էին ստանում անկյունային հարվածի իրավունք, բայց տանտերերը հաջող էին պաշտպանվում երկրորդ հարկում: Խաղակեսի վերջնամասում թիմերը վառ գործողություններով աչքի չընկան եւ ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ: Միայն հիշվեց տանտերերի գրոհներից մեկը, որի ժամանակ թե՛ Կամո Հովհաննիսյանի, թե՛ Հենրիխ Մխիթարյանի հարվածները չստացվեցին:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին դանիացիները, բայց Հայաստանի հավաքականը եւս պատասխանեց գրոհներով: Հյուրերը սկսեցին վերահսկել գնդակը եւ 58-րդ րոպեին ունեցան իրական գոլային պահ, որը չկարողացան օգտագործել արդյունավետ: Հայաստանի հավաքականի առջեւի գծում գրեթե աննկատ էր Յուրա Մովսիսյանը, որը 66-րդ րոպեին կորցրեց խաղի ամենաիրական գոլային պահը: Փոխարինման դուրս եկած Ռուսլան Կորյանի անցումից եւ հիանալի փոխանցումից հետո Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողը մեն-մենակ դուրս եկավ դանիացիների դարպասապահի դեմ, սակայն հարմար դիրքից շեղ հարվածեց: Քիչ անց վտանգավոր հարված կատարեց գերմանական «Վոլֆսբուրգի» հարձակվող Նիկլաս Բենդտները, բայց այս դեպքում էլ վստահ խաղաց Գեւորգ Կասպարովը: Հյուրերի տարածքային առավելությունը պահպանվում էր, իսկ Հայաստանի հավաքականի գործողություններից չէր նկատվում, որ թիմը խաղում է միայն հաղթանակի համար: Սարգիս Հովսեփյանը չէր շտապում կատարել երկրորդ եւ երրորդ փախարինումները, թեեւ նրա թիմին թարմություն հաղորդելու անհրաժեշտություն էր նկատվում: Վերջնամասում թիմերին արդեն խանգարում էր շտապողականությունը: Հայաստանի հավաքականը կաորղ էր հաղթանակ կորզել, բայց փոխարինման դուրս եկած Արտյոմ Սիմոնյանի հարվածը շեղ ստացվեց 88-րդ րոպեին: Վերջին րոպեներն անցան լարված պայքարում եւ տանտերեն անցկացրին մի քանի վտանգավոր հակագրոհներ, բայց գրանցվեց 0:0 հաշիվը:

Թեեւ Հայաստանի հավաքականը վերջապես կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը՝ ընդհատելով 17-խաղյա գոլային շարքը, սակայն ունի 2 միավոր եւ շարունակում է մնալ I խմբում հաղթանակ չունեցող միակ թիմը: Սարգիս Հովսեփյանի թիմը ընտրական վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 11՝ ընդունելով ալբանացիներին: Այդ հանդիպումից 3 օր առաջ Հայաստանի հավաքականը Նիցայում կհանդիպի Ֆրանսիային, որը Եվրո-2016-ը հյուրընկալող երկիրն է եւ ընկերական խաղեր է անցկացնում I խմբի թիմերի հետ:

Եվրո-2016, ընտրական մրցաշար
I խումբ, 8-րդ տուր

Հայաստան – Դանիա` 0:0