10.09.2015 11:02

Վ. Կարապետյան. Մոսկովյան հանդիպում. ինչ է մնացել պաշտոնական հաղորդագրությունից դուրս

Վ. Կարապետյան. Մոսկովյան հանդիպում. ինչ է մնացել պաշտոնական հաղորդագրությունից դուրս

Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի՝ հանրության համար տեսանելի արդյունքները վկայում են, որ այցը նախապատրաստվում էր մի քանի ամիս: Նախագահականի կողմից տարածած մամլո հաղորդագրությունում մատնանշված արդյունքները պետք է ազդարարեին այցի հաջողությունը և հանրությանը ներկայացվեին որպես մեծ ձեռքբերում: Այնինչ՝ Բաղրամյան պողոտայում հունիսին ընթացող հանրահավաքների պատճառով պաշտոնական Երևանը շտապել էր հայտարարել թե՛ զենքի ձեռքբերման համար 200 մլն. դոլարի վարկի մասին, թե՛ Պերմյակովի գործի փոխանցումը հայ իրավապահներին և թե՛ ամիսներ առաջ հայտարարված գազի գնի իջեցման ու ռուսաստանյան Ռոսատոմի մասնագետների օգնությամբ Հայկական ատոմակայանի արդիականացման ծրագրի մեկնարկի մասին: Այս ամբողջը զետեղված է դեռևս հունիսի 26-ին՝ ՌԴ տրանսպորտի նախարար և հայ-ռուսական առևտրատնտեսական միջպետական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման մամլո հաղորդագրությունում: Հետաքրքիր է, որ Սարգսյան-Պուտին հանդիպման պաշտոնական հաղորդագրությունը կարծես ամիսներ առաջ ՌԴ տրանսպորտի նախարարի հաղորդագրության կրճատ տարբերակը լինի:

Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ հունիսից ի վեր կողմերը չեն կարողացել ձեռք բերել նոր պայմանավորվածություններ, հռչակել այնպիսի նոր ծրագրեր, որոնք այնուհետև պետք է ներկայացվեին հանրությանը որպես բարձր մակարդակի հանդիպման ձեռքբերում:

Հարց է առաջանում, թե իրականում ինչի՞ մասին են խոսել Մոսկվայում: Ակնհայտ է, որ Ս. Սարգսյանը պետք է ներկայացներ Վ. Պուտինին Սահմանադրության փոփոխության վերաբերյալ իր մոտեցումը: Այս թեման մեծապես հետաքրքրում է ՌԴ-ին, որը չի կարող անտեսել իր բնույթով հեղափոխական մի իրադարձություն ԵԱՏՄ դաշնակից պետությունում:

Կարծում ենք, որ այս հարցը զբաղեցրել է երկկողմ զրույցի առյուծի բաժինը, և Ս. Սարգսյանը պարզաբանումներ է տվել մի շարք խնդիրների մասին, որոնք առաջ են գալու հանրաքվեի հաջորդ օրվանից սկսված: Մեր կարծիքով՝ դրանց մի մասը վերաբերում է ԼՂ հիմնախնդրին. եթե Սահմանադրության փոփոխության Ս. Սարգսյանի ծրագիրը ձախողվում է, ապա դա լուրջ հարված է վերջինիս հեղինակությանը և ունենալու է քաղաքական հետևանքներ: Ս. Սարգսյանի ծրագրի անցկացման դեպքում էլ մի քանի տարով (առնվազն մինչ 2018 թվականի մայիս-հունիս) վտանգի տակ է դրվում ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը, և այդ վտանգը միանգամայն իրատեսական է: Մանրամասնելու համար այս պնդումը նշենք, որ ՀՀ-Ադրբեջան բանակցությունները վարվում են բարձագույն մակարդակով, և դրանք կարող են արդյունավետ լինել միայն մասնակիցների անբեկանելի մանդատի առկայության դեպքում: Միջնորնդները նույնպես գործ ունեն այնպիսի իրավիճակի հետ, երբ կա պատասխանատու անձ, ով ի զորու է երաշխավորել բոլոր պայմանավորվածությունների իրագործումը:

Սահմանադրության փոփոխության գործընթացը հարցականներ է առաջացնում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր կողմերի մոտ: Թեև Ս. Սարգսյանի լիազորությունները չեն սահմանափակվում մինչ 2018թ., դրսից դիտորդի/միջնորդի հայացքով երկրում կարող է ստեղծվել այնպիսի մի իրավիճակ, երբ Ս. Սարգսյանը կդադարի լինել միայնակ որոշումներ կայացնողը:

Վստահությամբ կարելի է պնդել, որ Ադրբեջանը փորձելու է օգտվել այս իրավիճակից և ձախողել երկկողմ բանակցությունները ՝ հավասարազոր գործընկեր չունենալու պատճառաբանությամբ: Նույնիսկ այսօր միջնորդները չեն կարողանում հասնել կողմերի համաձայնությանը՝ հանդիպելու սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: Կարծում ենք՝ մերժողը Ադրբեջանն է եղել, սակայն Ս. Սարգսյանն էլ մեծ ձգտում չի ունեցել բանակցել իր համար ոչ շահեկան մի խնդրի շուրջ: Կողմերի նման պահվածքը առաջիկայում նորանոր դրսևորումներ է ունենալու, և, ամենայն հավանականությամբ, մենք մտնում ենք բանակցություններում դադարի մի տևական շրջան:

Խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում սպասվում են այս տարվա նոյեմբերին: Ավելորդ է խոսել բանակցային լուրջ առաջխաղացման մասին Հայաստանում 2017 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ և, հատկապես՝ հետո: Հայաստանում կլինի նոր վարչապետ, որը մի քանի ամիս անց պետք է ստանձնի պետության ղեկավարի պարտականությունները: Այս պայմաններում Ս. Սարգսյանի հետ բանակցություններ անցկացնելը պարզապես անիմաստ կլինի: Հաշվի առնելով Ս. Սարգսյանի հրապարակային խոստումը՝ չզբաղեցնել վարչապետի պաշտոնը, շատերի, այդ թվում միջնորդների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Ս. Սարգսյանը  այսօրվանից պարզապես դուրս է գալիս բանակցություններից՝ չցանկանալով կրել պատասխանատվություն հնարավոր (փոխ)զիջումների համար: Մեր կարծիքով՝ Սահմանադրության փոփոխության՝ Ս. Սարգսյանի նախաձեռնության պատճառներից մեկը վերջինիս ձգտումն է աստիճանաբար դուրս գալ բանակցություններից՝ պատասխանատվության բեռը դնելով այլոց վրա:

Կարծում ենք՝ Սահմանադրության փոփոխության հարցն է եղել կարևորներից մեկը, որի մասին խոսել է, իսկ ավելի ճիշտ, դատելով մեկ րոպեանոց հրապարակային խոսքում 5 անգամ հնչող «շնորհակալություններից» , պարզաբանումներ է տվել Ս. Սարգսյանը: Ռուսական մամուլի առաջիկա շաբաթների հրապարակումներից հնարավոր կլինի պատկերացում կազմել Հայաստանում Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ռուսաստանում գերիշխող տրամադրությունների մասին:

Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ սաստկացող պատժամիջոցների պատերազմը, վստահաբար, լրացուցիչ զրույցի կետեր է ավելացրել Ս. Սարգսյան - Վ. Պուտին  հանդիպման օրակարգում: Հաշվի առնելով հարցի յուրահատկությունը՝ այդ մասին հրապարակային չի խոսվել: Այնուամենայնիվ, առաջիկայում ի հայտ կարող են գալ ՀՀ արտաքին քաղաքական որոշ գործողություններ, որոնք է՛լ ավելի կհեռացնեն մեզ հավասարակշռված քաղաքականություն վարելու ռազմավարությունից: