10.09.2015 15:48

Բորիս Նեմցովին ԱՄՆ-ում հետմահու շնորհվել է «Ազատության մրցանակ»

Բորիս Նեմցովին ԱՄՆ-ում  հետմահու շնորհվել է «Ազատության մրցանակ»

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը հետմահու արժանացել է ամերիկյան «Ազատության մրցանակին» (Liberty Award), որն ամեն տարի շնորհում է Վաշինգտոնում  Միջազգային հանրապետական ինստիտուտը:

Նեմցովի մրցանակը հանձնվել է նրա զինակցին՝ ՊԱՌՆԱՍ կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերին:

«Որպես քաղաքական առաջնորդ՝ Բորիս Նեմցովը միշտ առանձնացել է, նա միշտ ասում էր այն, ինչին հավատում էր, անում այն, ինչ ասում էր: Նա երբեք չի դավաճանել ոչ իր սկզբունքներին, ոչ ընկերներին, երբեք իր շահերը հայրենիքի շահերից բարձր չի դասել»,- ասել է Կարա-Մուրզան իր ելույթում:

Մրցանակը հանձնել է ինստիտուտի տնօրենների խորհրդի ղեկավար, սենատոր Ջոն Մաքքեյնը, որը հայտնի է ռուսաստանյան իշխանությունների հասցեին իր կոշտ քննադատությամբ: Փոխանցում է BBC-ն: