14.09.2015 16:48

Մահացել է «ագրեսիվ-հնազանդ մեծամասնություն» արտահայտության հեղինակը` պատմաբան Յուրի Աֆանասևը

Մահացել է «ագրեսիվ-հնազանդ մեծամասնություն» արտահայտության հեղինակը` պատմաբան Յուրի Աֆանասևը

Մոսկվայում կյանքի 82-րդ տարում մահացել է սովետական և ռուսական պատմաբան, «Դեմոկրատական Ռուսաստան» շարժման հիմնադիր Յուրի Աֆանասևը: Այս մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Պատմաբանը մինչև 1993 թվականը զբաղվում էր քաղաքականությամբ, «Դեմոկրատական Ռուսաստան» շարժման համահիմնադիրներից էր, սակայն 1993 թ. հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին:

Նա 1986-1991 թ.թ. Մոսկվայի պետական պատմա-արխիվային ինստիտուտի ռեկտորն էր: 1991 թ. մարտին բուհի բազայի վրա հիմնել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանը և մինչև 2003 թ. ղեկավարել է այն:

Աֆանասևը պատմական գիտությունների դոկտոր էր, Ռուսաստանի բնական գիտությունների Ակադեմիայի լիիրավ անդամ:

Աֆանասևի կենսագրության ամենավառ էջերից էր նրա ելույթը ՍՍՀՄ ժողդեպուտատների 1-ին համագումարի ժամանակ` 1989 թվականի մայիսի 27-ին: Այդ ելույթի ժամանակ Աֆանասևը իր քաղաքական ընդդիմախոսներին անվանել է «ագրեսիվ-հնազանդ մեծամասնություն»: Այսպես էր Աֆանասևը բնութագրել այն պատգամավորներին, որոնք ելույթ չէին ունենում, սակայն ագրեսիվ արձագանքում էին ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում՝ Անդրեյ Սախարովի ելույթներին:

Աֆանասևի արտահայտությունը հետագայում ամրապնդվել է քաղաքական բառապաշարում և կիրառվում է քաղաքական այն մեծամասնության մասին, որը ընդդիմանում է բարեփոխումներին: