17.09.2015 16:51

Հեղաշրջում Բուրկինա-Ֆասոյում. զինվորականները լուծարել են իշխանական մարմինները

Հեղաշրջում Բուրկինա-Ֆասոյում. զինվորականները լուծարել են իշխանական մարմինները

Բուրկինա-Ֆասոյում զինվորականների ներկայացուցիչը հեռուստաուղերձով դիմել է հանրությանը և տեղեկացրել ժամանակավոր նախագահ Միշել Կաֆանդոյին պաշտոնանկ անելու և կառավարությունն արձակելու մասին: Դրանից առաջ նրանք ձերբակալել են պետության ղեկավարին:

Կաֆանդոն երկիրը ղեկավարել է անցյալ տարվա նոյեմբերից՝ Բլեզ Կամպաորեի վարչակարգը տապալելուց հետո: Նախատեսված էր, որ Կաֆանդոն կլքի պետության ժամանակավոր ղեկավարի պաշտոնը այս տարեվերջին՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք նախատեսված էին հոկտեմբերին:

Ներկա միջադեպը տեղի է ունեցել երկու օր անց այն բանից հետո, երբ ազգային հաշտության և բարեփոխումների հանձնաժողովն առաջարկել է լուծարել ազգային գվարդիան: Այդ ռազմական կառույցը նախկին նախագահ Կամպաորեի վարչակարգի հենասյունն էր, ով երկիրը ղեկավարել է 27 տարի: Կամպաորեն ստիպված էր լքել պաշտոնը ժողովրդական հուզումների արդյունքում, որոնք ծայր են առել սահմանադրությունում փոփոխություններ  կատարելու՝ նրա նախաձեռնության պատճառով, ինչի արդյունքում նա կարող էր վերընտրվել նոր ժամկետով:

Աֆրիկյան միությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ը պահանջել են վերականգնել երկրում սահմանադրական կարգը: Փոխանցում է euronews-ը: