19.09.2015 13:33

Սերժ Սարգսյանի ՀԱՊԿ-ում արված առաջարկն ու դրա հետևանքները

Սերժ Սարգսյանի ՀԱՊԿ-ում արված առաջարկն ու դրա հետևանքները

Ելույթ ունենալով ՀԱՊԿ գագաթնաժողովում, Ս. Սարգսյանը հանդես է եկել առաջարկությամբ՝ ուժեղացնել «կազմակերպության խաղաղապահ բաղադրիչը և ստեղծել ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման բազային կազմակերպություն»:

Այս գաղափարը նաև ամրագրվել է եզրափակիչ հայտարարությունում, ինչը վկայում է, որ հարցը նախապես էր համաձայնեցվել:

Այստեղ հարց է առաջանում, թե որտե՞ղ են տեղակայվելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը: Հայտնի է, որ խաղաղապահ գործողությունները հիմնականում իրականացվում են ՄԱԿ-ի շրջանակներում, Հայաստանը նույնպես ունի ստորաբաժանում, որն օգտագործվում է ՄԱԿ-ի կողմից խաղաղապահ գործողություններում, և այս կապակցությամբ ծագում է նաև մեկ այլ հարց, թե նման պայմաններում ո՞րն է ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանման ստեղծման և օգտագործման նպատակը: Նկատենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունները նույնպես ՄԱԿ-ի հետ են կարգավորում իրենց խաղաղապահներին առնչվող հարցերը: 

Խաղաղապահ գործողության հաջողությունը մեծապես պայմանավորված է մանդատով, որն օժտում է միջազգային անվերապահ հեղինակություն վայելող կազմակերպությունը: Ցանկացած խաղաղապահ գործողության համար ցանկալի է ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) համապատասխան բանաձևը, որը լրացուցիչ քաղաքական լեգիտիմություն կհաղորդի գործողությանը: Սա կարևոր է նաև հաշվի առնելով խաղաղապահ գործողության անվտանգությունը. հարձակումը խաղաղապահների դեմ ՄԱԿ-ի ԱԽ անդամները կարող են համարել ոտնձգություն իրենց կայացրած որոշման վրա, հետևաբար՝ պատժիչ քայլերը երկար սպասել չեն տա:

Ս. Սարգսյանի հնչեցրած նախաձեռնության կապակցությամբ հարկավոր է պատասխանել հետևյալ հարցերին.

-         Ո՞վ է լիազորելու ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունը;

-         Ո՞րտեղ կարող են տեղակայվել ՀԱՊԿ խաղաղապահները;

-         Ինչո՞ւ այս առաջարկությունը հնչեցրեց հենց Ս. Սարգսյանը

Բացի բուն ՀԱՊԿ-ից, այլ կազմակերպություն հազիվ թե ապահովի մանդատով վերջինիս հնարավոր խաղաղապահ գործողությունը: ՌԴ-Արևմուտք հարաբերությունների այսօրվա մակարդակի պայմաններում ՄԱԿ-ի ԱԽ մանդատ ստանալը գրեթե անհնարին է: Ինչ վերաբերում է խաղաղապահների տեղակայման վայրին` ապա միակ հնարավոր կիրառումը կազմակերպության ներսում է` զրոյին է հավասարվում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կազմակերպության սահմաններից դուրս տեղակայելու հնարավորությունը:

Ամենադժվարը երրորդ հարցի պատասխանն է. Սերժ Սարգսյանը չէր կարող չիմանալ վերոհիշյալ երկու հարցերի պատասխանը, բայցեւ՝ անում է մի առաջարկություն, որի կիրառման աշխարհագրությունն ավելի քան սահմանափակ է` ՀԱՊԿ խաղաղապահները այսօր այլ տեղ, բացի ԼՂ-ից՝ չեն կարող տեղակայվել: Ս. Սարգսյանի առաջարկությունը ավելի քան տարօրինակ է՝ հաշվի առնելով մեկ այլ նրբություն. համաձայն Ս. Սարգսյանի առաջարկի` խաղաղապահների կազմակերպությունը ստեղծվելու է խաղաղապահ ջոկատների պատրաստման Հայկական կենտրոնի հիման վրա: Նկատենք, որ այդ կենտրոնը հիմնադրվել է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի գործուն աջակցությամբ, համագործակցության հարցերը ներառված են եղել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրում, իսկ ԱՄՆ-ն շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի տարբեր տեսակի օժանդակություն է տրամադրել Կենտրոնին: Մեր խաղաղապահներն էլ իրենց առաքելությունն են իրականացրել ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողության շրջանակներում Կոսովոյում (2004 թ.), ապա Իրաքում և Աֆղանստանում: Անցած տարվանից խաղաղապահ բրիգադը արդեն ՄԱԿ խաղաղապահ զորքերի շրջանակներում տեղակայվել է Լիբանանում: 2013 թվականից էլ Հայաստանը միացել է ԱՄՆ Կառավարության խաղաղապահ նախաձեռնություններին աջակցող ծրագրին: Այսօր արդեն մեծապես ԱՄՆ կողմից ֆինանսավորվող խաղաղապահ Կենտրոնը առաջարկվում է տրամադրել ՀԱՊԿ խաղաղապահ նախաձեռնություններին:

Ս. Սարգսյանի նախաձեռնությանը զուգահեռ, ՌԴ-ն ակտիվ խորհրդակցություններ է անցկացնում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջնային շահագրգռություն ունեցողների հետ` նախ տեղի ունեցավ Լավրովի այցը Բաքու, ապա Ս. Սարգսյանի հանդիպումը Պուտինի հետ, երկու օր առաջ Լավրովն արդեն հանդիպում էր Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ, որը Սոչի էր ժամանել Բաքու կատարած այցից հետո: Հենց այս ֆոնին է Ս. Սարգսյանը հանդես բերում ՀԱՊԿ խաղաղապահ «բաղադրիչի» նախաձեռնությունը:

Փորձենք վերլուծել նախաձեռնության պատճառը և դիտարկել շահագրգիռ կողմերի մոտեցումները.

-         ՌԴ-ն ավելի քան շահագրգիռ է Ս. Սարգսյանի նախաձեռնության կյանքի կոչմամբ, քանի որ ՀԱՊԿ խաղաղապահ ցանկացած գործողության առանցքում հենց ռուսական խաղաղապահները պետք է լինեն: Հարավային Կովկասում ամրապնդվելու համար Ռուսաստանի համար սա պատեհ հնարավորություն է;

-         Ադրբեջանին նույնպես որոշ պայմաններում կարող է ձեռնտու լինել խաղաղապահների ներկայությունը հակամարտության գոտում, սակայն այդ պայմանները ենթադրում են այսօրվա ստատուս-քվոյի փոփոխություն: Չի բացառվում, որ հենց այդ փոփոխության հետ կապված խնդիրներն է առաջ քաշում Ադրբեջանը վերոհիշյալ հանդիպումներում;

-         Մեր շահերից նույնպես կարող է բխել խաղաղապահ գործողությունը, եթե դա չի ենթադրում որևէ փոփոխություն ուժերի դասավորության մեջ: Միևնույն ժամանակ, կարծում ենք, Ս. Սարգսյանը չէ, որ պետք է առաջինը խոսեր ՀԱՊԿ խաղաղապահ բաղադրիչի մասին, այն թողնելով «շահագրգիռ» կողմերին:

-         ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ և Ֆրանսիա. ԱՄՆ-ն առնվազն երկու անգամ` պետքարտուղարության և համանախագահի դեսպանի մակարդակով անդրադարձավ լարվածության աճին և կոչ արեց կողմերին ձեռնպահ մնալ մարտական գործողությունների ծավալումից: Վստահաբար, համանախագահները հետևում են զարգացումներին և իրենց խոսքը հրապարակային կդարձնեն հաջորդ շաբաթ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո;

-         Ս. Սարգսյանի թեթև ձեռքով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում գործոն դարձած  Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին: Մեծ հաշվով ՌԴ դիրքերի ամրապնդումը Հարավային Կովկասում չպետք է բխի Թուրքիայի շահերից:

Առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, թե որքան է կարևորում ՌԴ-ն այս ծրագրի իրագործումը, հետևաբար՝ որքան ընկալունակ կլինի Ադրբեջանի պահանջների նկատմամբ: Տեսնելով Հայաստանում շարունակվող արտագաղթը, տնտեսական անկումը, Ս. Սարգսյանի խորացող արտաքին մեկուսացումը, Ադրբեջանը, կարծես, հակված է լինելու կամ մերժելու այս նախաձեռնությունը, կամ (Ռուսաստանից) մեծ գին պահանջելու: Թվում է՝ այսօր հենց այդ գործընթացն է ընթանում:

Խնդիրը բարդացնում է բանակցային սեղանին փաստաթղթի բացակայությունը` 2011 թվականից Մադրիդյան փաստաթղթի աուտենտիկ տարբերակը գոյություն չունի որպես բանակցային փաստաթուղթ, այսպես ասած՝ նորացված տարբերակն էլ չի ճանաչում Հայաստանը: Այս իրավիճակում չափազանց դժվար է ճեղքում ապահովել բանակցություններում, որը կարող է տեղի ունենալ միայն աննախադեպ ճնշումներով: Մենք ուշի ուշով պետք է հետևենք զարգացումներին, իշխանությունների հռետորաբանությանն ու պահվածքին` առաջիկա զարգացումներին ժամանակին արձագանքելու համար: 

Վլադիմիր Կարապետյան