22.09.2015 11:30

Գրանորություն. Էռնեստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանի «Հինգ վիպակ» ժողովածուն

Գրանորություն. Էռնեստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանի «Հինգ վիպակ» ժողովածուն

Անունը առաջին հորինված իրականությունն է: Իրականություն, որը թեև սնվում է ռեալ պատկերից, բայց հաճախ բոլորովին այլ դիմագծեր է ստանում: Իսկ հորինված իրականությունը արժևորվեց, երբ առաջին անգամ ստեղծագործության գլխագրում հայտնվեց այս կամ այն «հորինողի» Անունը: Արդյունքում՝ հորինվածքների երկար-բարակ, ստվերոտ-պսպղուն շարքում Մարդը Անուն, հետևաբար՝ Իրականություն ընտրելու հնարավորություն ունեցավ: Հետո հորինված իրականության ձևերը շատացան: Հորինված իրականության վրա մեկ այլ իրականություն հորինվեց, հետո՝ երրորդը և այսպես շարունակ: Ստեղծվեց իրականությունների աջափսանդալ: Էլ սկիզբն ու վերջը կարևոր չէ: Շահում է էն իրականությունը, որն առավել տեսանելի-կերված-մարսված, ասել է թե՝ գովազդված է: Եվ մարդը տվյալ ստեղծագործության երրորդ, չորրորդ կամ տասներորդ իրականության հետ (իլյուստացիա, բեմականացում, էկրանացում) առնչվելուց հետո, երբ հանկարծակի պեղում է հիմքը՝ առաջին անուն—իրականությունը նրան հաճախ սառը-տխուր հորինվածք է թվում...

«Պանտալոնեն կատարեց մի քանի բացառիկ հերոսական հեծելազորային հարձակում և փառքով պսակեց իրեն: Սակայն մկների հրետանին Ֆրիցի հուսարների վրա թափել էր զզվելի, գարշահոտ կորիզներ, որոնք նրանց կարմիր համազգեստների վրա թողել էին սարսափելի կեղտաբծեր, որի պատճառով էլ հուսարներն առաջ չէին նետվում: Պանտալոնեն նրանց հրաման տվեց «Շրջվի՛ր ձախ» և զորահրամանատարի դերով ոգևորված՝ ինքը ևս շրջվեց ձախ, իսկ նրան հետևեցին կիրասիրներն ու դրագունները, և ամբողջ հեծելազորը շարժվեց դեպի տուն: Այժմ հրետանային մարտկոցի վիճակը, որը դիրքեր էր գրավել ոտքերի համար փոքրիկ նստարանի վրա, դարձավ սպառնալից: Երկար սպասելու հարկ չեղավ, երբ հեղեղվեցին գարշելի մկների հորդաները և նետվեցին հարձակման այնպես կատաղաբար, որ շրջեցին նստարանը թնդանոթների և թնդանոթաձիգների հետ միասին»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով լույս ընծայված Էռնեստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանի «Հինգ վիպակ» ժողովածուն՝ գերմաներենից Տա­թևիկ Սիմոնյա­նի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան