24.09.2015 12:11

Խմբագրական. Արմենչիկացավ. Ձին սենատում տեղ ունի, ուղղակի ձի էլ կա, ձի էլ

Խմբագրական. Արմենչիկացավ. Ձին սենատում տեղ ունի, ուղղակի ձի էլ կա, ձի էլ

«Արվեստագետներն ու մտավորականները» վրդովված են: Արմեն Հաբեդի Գոնդրաչյանին, (օն ժե՝ Արմենչիկ) վաստակավոր արտիստի կոչում են տվել: Ասում են, «ի՜նչ ամոթ է, վա՜յ, բա մեր ազգն էս ի՞նչ օրի հասավ, վա՜յ, բա ինչի՞ վերցրեց էդ կոչումը, ինչի՞ տեղում չհրաժարվեց՝ գիտակցելով, որ ինքն արժանի չի այդ կոչմանը, ամա՜ն, ամա՜ն, Արմենչիկի վաստակավոր լինելուց վատ բա՞ն»:

Ու էս ամբողջ սուգ ու շիվանի մեջ պարզվում է՝ միակ մեղավորը էդ խեղճ ռաբիս երգիչ Արմենչիկն է, որին անհայտ անձինք վաստակավորի կոչում են տվել, ինքն էլ անամոթաբար վերցրել է այն: Թո՛ւ մեր նամուսին, մեր ազգի նամուսին, հազար անգամ թո՛ւ, թո՛ւ թո՛ւ թո՛ւ: Մի քննադատում են, մի փնովում են, մի զզվում են էդ տղայից, մի նզովում են, մի թաղել են թաղում մեր մշակույթն այդ իրադարձության ֆոնին, վկաներ են բերում՝ է՛լ Կոմիտասին, է՛լ Սոս Սարգսյանին: Մի խոսքով, մշակութային հուղարկավորության մեջ են:

Ու ոչ մի կերպ էդ մտավորականություն կոչվածը չի հասկանում կամ չի ցանկանում հասկանալ, կամ ձեւացնում է, թե չի հասկանում, որ քանի դեռ Արմենչիկին այդ կոչումը, ըստ իրենց, տվել են անհայտ անձինք, քանի դեռ իրենց քննադատության թիրախն ուղղված է ստացողներին, ոչ թե տվողներին, քանի դեռ իրենք վախենում են խոսել, քանի դեռ իրենք էլ թաքուն երազում են լինել Արմենչիկի տեղում, Արմենչիկի փոխարեն իրենք են ցանկանում ստացած լինել էդ կոչումը, էդ նույն անհայտ անձի կողմից, ուրեմն՝ իրենց հասնում է: Չէ, իրենց չի հասնում: Իրենց դա դեռ քիչ է: Իրերը պետք է իրենց անուններով կոչել, ու դա սովարաբար անում են նրանք, ովքեր իրենց «մտավորական» են կոչում: Բայց սրանք վախենում են խոսել: Սրանց «դուխը» հազիվ հերիքում է Արմենչիկին քննադատել, որովհետեւ Արմենչիկն իր համար ամերիկա տեղ «լռված է», իրենց չի պատասխանում, իրենց մի փոր հացից չի զրկելու, իրենց դեմ քաղաքական, տնտեսական պատժամիջոցներ չի կիրառելու, հետապնդում չի իրականացնելու, իրենց օդերը չի փակելու: Արմենչիկն անշառ է իրենց համար: Դրա համար էլ նրան են կտցահարում: Իսկ «անհայտ անձը», որ Արմենչիկին այդ կոչումը շնորհել է, պիտի քննադատության թիրախ չդառնա: Հակառակ դեպքում՝ նա իրենց հում-հում կուտի, օդերը կփակի բոլոր խոսողների, ֆինանսավորումներից կզրկի, իրենց էլ կոչումներ չի տա, մի փոր հացից կկտրի, վաղը-մյուս օր պետք եղած դեպքում նրանց ծանոթ բարեկամներին բանակներից ու դատարանների դռներից չի ազատի, հակառակ դեպքում՝ պետության փողերին էլ մոտ չի թողնի, տված երկու կոպեկից կզրկի, եթերի մասին կսկսեն միայն երազել, ունեցած-չունեցած բիզնեսների վրա հարկայինին քսի կտա, ու իրենք կմնան սոված, մերկ ու անտեր: Իսկ իրենք սոված լինել չեն ուզում, աղքատ լինել չեն ուզում, մերկ լինել չեն ուզում, անտեր լինել չեն ուզում: Ու ջհանդամ թե երկրի բնակչության կեսն, ըստ վիճակագրության՝ աղքատ է: Պլեբսը պետք է միշտ էլ աղքատ լինի, իրավունքներից զրկված: Իսկ իրենք հո պլեբս չե՞ն, իրենք արտոնյալներ են, իրենք համարյա Կալիգուլայի ձիու կարգավիճակում են, իրենց մի օր դարձրել են Հռոմի քաղաքացի (Երեւանի պատվավոր քաղաքացի՝ օրինակ), մի օր էլ սենատոր կդառնան, եթե բախտները բերի:

Եւ հետեւաբար՝ Ինցիտատը չի կարող ընդվզել Կալիգուլայի դեմ: Ինքն ընդամենը ձի է, որին մարդատեղ են դրել: Ինքը գոնե այդպես է ընկալում: Պարզապես խանդում է, որ մեկ այլ՝ իր կարծիքով «ձիու», իր կարծիքով՝ ավելի անարժանին, ավելի ցածր խավից, բերեցին Սենատ: Թե չէ՝ իրենք հո դեմ չեն ձիերին Սենատ բերելուն: Պարզապես՝ ձի էլ կա, ձի էլ:

Եւ ուրեմն, քանի դեռ էս ամբողջ մտավորական խավը այնքան քաջություն չունի իրենց պապային թթու խոսք ասելու, ուրեմն՝ Արմենչիկն իրենցից ավելի արժանի է էդ կոչմանը: Որովհետեւ նա գոնե իրենց պես ձեւականությունների հետեւից չի ընկել, չի ընկնում, իրեն թույն մտավորականի տեղ չի դրել, ինքն իր ռաբիսը երգում է, իր գումարն աշխատում է, տժժում է:

Հ.Գ. Ի դեպ, նույն այդ քննադատողներին: Եթե Սերժ Սարգսյանը կարող է լինել նախագահ, եւ իրենք իրենց դրանից վատ չեն զգում, չեն ամաչում, եթե Մուկը կարող է լինել վարչապետ, ու իրենք էլի դրանից ոչ ամաչում են, ոչ էլ՝ վատ զգում, եթե Գալուստ Սահակյանի ԱԺ նախագահ լինելուց գետինը չեն մտնում, էլ ինչի՞ են ամաչում, որ նույն Սերժ Սարգսյանը Արմենչիկին վաստակավորի կոչում է տվել: Լավ է արել: Ձեզ հասնում է: