24.09.2015 12:21

Գրանորություն. Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը

Գրանորություն. Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը

Գալիս է օրը, երբ թռչում ես: Մի հեռավոր օվկիանոս՝ լցված մարդակային հոգեբանության սև խոռոչներով ու սպիտակ բծերով: Տիեզերական անընդգրկելիությո՜ւն... Չէ, ավելի ճիշտ՝ արտաքուստ բանալ թվացող հարաբերությունների տիեզերական անընդգրկելիություն: Եվ հոգեվերլուծությունը, փորձը, հազար տեսակի հնարքներն ու գիտությունը բախվում են ռեալ պատկերին, շփմանը, շփման խզմանը, մարդկանց, որոնք տեսանելի են, կան, բայց այդ տարածքում որևէ կերպ չէին կարող լինել: Օվկիանոսը, առանց ջրի, խորտակում է իրականության մասին քո բոլոր պատկերացումները: Եվ կյանքը թվում է իրադարձությունների ու հանդիպումների տարօրինակ շղթա: Դեպքեր, որոնք կյանքո՛ւմ, կյանքո՜ւմ չեն կարող պատահել, բայց զարմանալիորեն պատահում են...

«Մահճակալիս դեմ- դիմաց՝ կիսով չափ վարագուրված պատուհան, պատուհանի տակ թիկնաթոռ ու դրա մեջ ինչ-որ մեկը՝ լուսավորված արևի կարմիր շողերով։ Հարիեթն էր։ Ճերմակազգեստ, մի ոտքը դրած մյուսին, բոկոտն, մուգ մազերը ետ էին սանրված, կրծքի վրա նուրբ գործվածքը պրկվել էր, մինչև արմունկներն արևա- կեզ ձեռքերը կախել էր ներքև։ Սև թարթիչների տակից անշարժ հայացքը հառել էր ինձ։ Զննեցի նրան երկար ու միանգամայն հանգիստ։ «Ինչ լավ է, որ սա այն երազներից է, երբ գիտես, որ բոլոր տեսածդ երազ է»՝ եղավ իմ առաջին միտ-քը։ Այնուամենայնիվ, ես ցանկանում էի, որ Հարիեթն անհետանա։ Աչքերս փակեցի և ինքս ինձ ստիպեցի, որ շատ ուժեղ կամենամ դա, բայց երբ վերստին նայեցի նրա կողմը, Հարիեթն առաջվա նման նստած էր դիմացս։ Շրթունքներին տվել էր իրեն յուրահատուկ ձևը՝ հիմա ուր որ է սուլելու է, բայց աչքերն անժպիտ էին։ Միտքս եկավ այն բոլորը, ինչ նախորդ երեկոյան պառկելուց առաջ մտածել էի երազների մասին։ Հարիեթը ճիշտ այնպիսին էր, ինչպես որ վերջին անգամ տեսել էի նրան մահանալուց առաջ, բայց ախր այն ժամանակ նա միայն տասնինը տարեկան էր։ Հիմա նա քսանինը տարեկան կլիներ, բայց բնական է, որ ամենևին չէր փոխվել. մահացածները երիտասարդ են մնում»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով լույս ընծայված՝ Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը ՝ լեհերենից Մ. Գրոխոլսկայի և Վ. Վասիլյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան