25.09.2015 14:55

Խմբագրական. Փչացած համակարգի էությունը

Խմբագրական. Փչացած համակարգի էությունը

 

 

Շատերս ենք՝ հետեւելով մեր հանրային կյանքի անցուդարձին, բավականին ծանր մտորումներ ունենում՝ արդյո՞ք այդքան փչացած է մեր հասարակությունը, արդյո՞ք մարդիկ, որոնց մի մասին վստահել ենք, համակրել ենք, որոնք հիմար չեն, փաստորեն զուրկ են բարոյական արժանիքներից: Հատկապես վերջին շրջանում, երբ ընդդիմադիր համարվող գործիչների ահագին մասն՝ իրար տեղ չտալով, շտապեցին Բաղրամյան 26, եւ սրան էլ ավելացավ անհամեմատ ավելի ստորացուցիչ՝ իրեն քաղաքացիական ակտիվիստ հռչակած մեկի Բաքու փախչելու դեպքը, ծանր նստվածք են թողնում: Ի՞նչ է ստացվում. արդյո՞ք մարդիկ իրենց բնույթով փչացած ու դավաճան են: Բաքու փախչելու դեպքն այս պահին մի կողմ դնենք ու փորձենք հասկանալ ներքաղաքական «փչացման» հիթ շքերթը:

Առաջին հայացքից՝ ստացվում է, որ մարդիկ պարզապես բացահայտում են իրենց իրական բնույթը, դեմքը, որը երկար տարիներ խնամքով թաքցրել են, մենք էլ իմանում եւ հիասթափվում ենք: Իրականում խնդիրն ավելի խորն է: Այս կամ այն մարդու բնույթը՝  բնատուր անհատական հատկությունները, իհարկե, կարեւոր են, բայց հասարակական կյանքում ավելի կարեւոր է մարդը՝ որպես տվյալ ժամանակի եւ տվյալ համակարգի մաս: Պարզաբանեմ: Հնուց հայտնի է կառավարման երկու տեսակ: Մեկը կառավարում եւ իշխում է՝ բարձրացնելով մարդկանց, մյուսը՝ փչացնելով: Մարդկանցից ոչ մեկն ինքն իրենով ոչ բացարձակ չար է, ոչ էլ բացարձակ բարի՝ սատանա կամ հրեշտակ չէ: Միայն շատ փոքր խումբ են նրանք, ովքեր ի զորու են, անկախ հանգամանքներից, մնալ իրենց ներքին որոշմամբ ընտրված սկզբունքային դիրքերում: Այդպիսի փոքրամասնությամբ հնարավոր չէ կառուցել մեծ հասարակական համակարգ՝ լինի դա զանգվածային ընդդիմադիր շարժում, թե երկրի կառավարություն: Պետք է գործ ունենալ մեծամասնության հետ, որը, կախված հանգամանքներից՝ դրսեւորում է իր դրականը կամ բացասականը: Կառավարել փչացնելով, նշանակում է՝ շեշտը դնել, հիմնվել ցանկացած մարդու մեջ առկա բացասական գծերի վրա: Հակառակը՝ մարդուն բարձրացնելով՝ կառավարման համակարգում հնարավորինս չեզոքացվում է բացասականը, բացվում է դրականը, որը նույնպես մարդկանց ճնշող մեծամասնության մեջ կա: Տվյալ դեպքում «դրական» ասելով՝ նկատի ունեմ հասարակության տեսակետից օգտակարը, իսկ բացասականը՝ հասարակության տեսակետից վնասակարը, այլ ոչ թե ընդհանրապես դրականն ու բացասականը: Իհարկե, սրանք վերացական, իդեալական տիպեր են՝ իրականության մեջ հանդիպում են ոչ թե մաքուր ձեւով, այլ դեպի այս կամ այն կողմը միտմամբ: Այն, որ սա հեքիաթ չէ՝ իրականություն է, կարող եք համոզվել ինքներդ՝ վերհիշելով հենց նույն վերջին շրջանի Սերժ Սարգսյանի այցելուներից ոմանց ու համեմատելով, թե ո՛վ են իրենք եղել՝ հայտնվելով տարբեր համակարգերում, իրենց «բնույթի» ո՛ր կողմերն են բացահայտել, ի՛նչ ներուժ են ցուցաբերել: Դրա համար էլ ասում ենք՝ հանրային կյանքում բնույթն ինքն իրենով առաջնային չէ, կառավարման խնդիրը հենց «բնույթի» մշակումն է, ինչպես որ, ասենք, արվեստում նկարիչը կամ քանդակագործը մշակում է հումքը՝ ստանալով կամ չստանալով իր ուզած ձեւը:

Խնդիրն, ուրեմն, ոչ թե մարդիկ են, եւ ոչ էլ այն, որ մենք՝ հայաստանցիներս, բնությամբ իբր  փչացած ու դավաճան ենք, այլ կառավարման մեթոդը: Սա, ի դեպ, նշանակում է, որ նաեւ մարդիկ, որոնք այսօրվա իշխող համակարգում երեւում են իրենց փչացած կողմով, մեկ այլ համակարգում լրիվ այլ կողմերից կարող էին դրսեւորվել: Չափից ավելի հաճախ ենք օգտագործում «կոռուպցիա», «կոռումպացված» ֆիրմա բառերը՝ շատ էլ չխորանալով դրանց իմաստի մեջ: Իսկ կոռուպցիան բառացի նշանակում է հենց փչացածություն, կոռումպացված՝ փչացած: Բնական է, որ կոռումպացված՝ փչացած համակարգը, նախ՝ մարդուն փչացնելով, նրա բացասական, թույլ կողմերը բացահայտելով ու զարգացնելով է աշխատում: Առաջին հայացքից կարող է թվալ, որ Սերժ Սարգսյանը ստեղծել է բավականին ճկուն ու բազմաբեւեռ համակարգ, որի էությունն այն է, որ միավորված են անհամատեղելի հակադրությունները, ընդ որում, այսպես ասած՝ ցանցային, ապակենտրոնացված սկզբունքով: Իրոք, Սերժի տապանում կա մի զույգ ամեն գազանից: Կրկին անուններ չենք տալիս, բայց այստեղ գտնում ենք, մի կողմից՝ անհատներ ու խմբեր, որոնք, օրինակ, Հայաստանի անկախության արժեքը գրեթե ժխտելու գնով «ռուսամետ» են, եւ մյուս կողմից՝ անհատներ ու խմբեր, որոնք առողջ բանականությունն ու Հայաստանի անվտանգության արժեքն իսկ ժխտելու գնով «արեւմտամետ» են: Գտնում ենք նացիզմի սահմանին մոտեցող ազգայնականների ու պետության անհրաժեշտության ժխտման սահմանին մոտեցող ազատականների եւ այլն, եւ այլն: Եվ ամեն երկու ծայրահեղ բեւեռի արանքում էլ ավելացրեք բոլոր հնարավոր երանգները: Նույնիսկ ընդդիմադիր խոսքն այսօր, մեծավ մասամբ, վերահսկելի է եւ ձեւավորվում է իշխանական այլեւայլ խմբերի կողմից: Այս բազմաճյուղ, բարդ համակարգի կենտրոնն ինքը Սարգսյանն է՝ անհամատեղելի հակադրությունների հավասարակշռության կետը: Ընդ որում, նրա կառավարման ոճը ստվերային է՝ նա շատ քիչ է խոսում, արտաքուստ քիչ է խառնվում, ընդհանրապես քիչ է երեւում: Կարծես՝ նա չկա, այսինքն՝ այս իմաստով էլ համակարգը բավականին բարդ ու ճկուն է: Բացի այդ, այս համակարգում բոլորը փչացնում են բոլորին, բոլորը պայքարում են միմյանց դեմ, բոլորն ատում են բոլորին, եւ մանր միավորների, խմբակների թիվը բավականին մեծ է: Զարմանալիորեն ամենից շատ հասնում է, ի դեպ, Սերժի համակարգի արտաքին, առավել երեւացող հենարանին՝ ՀՀԿ-ին: Իշխող ուժին անխնա փչացնելով են զբաղված Սերժի համակարգի հակադիր բոլոր բեւեռները, թե՛ «գժական» ռուսամետը, թե՛ «գժական» արեւմտամետը, «ֆաշիստն» ու «լիբերալը»: Ցավոք, ի դեպ, շատերս դեռ մինչեւ հիմա չենք ընկալել համակարգի այս բարդ, բազմաշերտ էությունը: Հասարակության ընդդիմադիր տրամադրված հատվածը նույնպես ընկած է հիմնականում դրա միայն արտաքուստ առավել երեւացող, կենտրոնական հատվածի հետեւից, բայց չի նկատում «ճյուղերը», որոնք ավելի էական են ու ավելին են պատմում ՀՀԿ առաջնորդի իրական քաղաքականության մասին, քան մազոխիստ «մահապարտի» դեր ստանձնած հանրապետականները:

Այս համակարգն, ի դեպ, կարող էր ինքն իրենով վատն ու բացասականը չլինել երկրի շահերի տեսակետից: Իրոք, եթե վերցնենք միայն դրա ճկունությունն ու բազմաշերտությունը, ապա դա ինքնին դրական էլ կարելի է համարել: Նման բազմաբեւեռությունը տեսականորեն կարող է միավորել երկրի ողջ առկա ներուժը՝ կառավարելի դարձնելով եւ զսպելով նույնիսկ ծայրահեղ հակադրությունները: Բայց խնդիր կա, որովհետեւ տվյալ դեպքում համակարգը բացահայտում է հասարակության ոչ թե դրական, այլ բացասական ներուժը, քանի որ միավորման հիմքը հենց բազմակողմանի փչանալն է: Փչանալն այն գինն է, որը ցանկացած ոք վճարում է այս համակարգի մասը դառնալու համար: Իսկ դա չի կարող դրական վերջնարդյունք տալ երկրի համար: Ասում են, թե Սերժը սանիտարի դեր է կատարում՝ ցույց տալով յուրաքանչյուրի իրական գինը: Բայց դա կեղծ մոտեցում է, որովհետեւ բարդ բան չէ բացահայտել յուրաքանչյուր մարդու միջի եղած բացասականը եւ ցույց տալ, որ մարդկանց մեծ մասն ունեն թույլ կետեր, որոնց խփելով կարելի է նրանց փչացնել ու կառավարելի դարձնել: Յուրաքանչյուր դպրոցական, եթե անցնի այդ «արվեստի» թեթեւակի դասընթացը, կարող է այն կիրառել կյանքում: Անձնական իշխանությունն ամրապնդելու համար սա աշխատող տարբերակ է, թեեւ հեռանկարում՝ նույնիսկ անձնականի համար կարող է կործանարար լինել, որովհետեւ ստորացվածներն ու փչացածներն առիթի դեպքում լինելու են առաջին վրիժառուները: Այդ հիմա են նրանք խոսում «ատելության», «սեւ ու սպիտակի» բաժանման անթույլատրելիության մասին: Նման դատողություններն ընդամենը նվաստացած թուլությունից, այլ ոչ թե իրական վեհանձնությունից են արտասանվում, հետեւաբար արժեք չունեն՝ «չատողները» վաղվա հում-հում ուտողների առաջին շարքում են լինելու՝ ապշած թողնելով «ատողներին»:

Իսկ երկիր կառավարելու տեսակետից, փչացման հիմունքով ստեղծված եւ մեկը մյուսին փչացնելը հիմնական գործելաոճ դարձրած ցանցային համակարգը, մեղմ ասած, փակուղային է, եթե չասենք՝ նմանվում է «քաղցկեղային» բջիջների արհեստական աճեցմանը (քաղցկեղային բջիջները հո օրգանիզմի նույն բջիջներն են, որոնք այլ պայմաններում պետք է լինեին առողջ եւ օգտակար): Կարելի է ասել, թե մարդը համակարգ է ստեղծում նրանից, ինչ ունի ձեռքի տակ, բա ի՞նչ անի՝ նոր մարդկային նյութ ստեղծելը կամ ներմուծելը հնարավոր չէ: Բայց այս առարկության մեջ կեղծիք կա: Ոչ թե մարդիկ են ստեղծում համակարգերը, այլ համակարգերն են ձեւավորում մարդկանց:

Հայաստանը փչացածների ու դավաճանների երկիր չէ: Հայաստանում ապրում են սովորական, նորմալ «երկոտանիներ», որոնց կարելի է առաջնորդել բարձրացնելով կամ տիրել՝ ստորացնելով: Անշուշտ, ներկայիս փչացման համակարգը միայն անձնական քմահաճույքով չէ, որ ստեղծվել է եւ միայն մեկ անձի առանձնահատկություններով չէ պայմանավորված: Այն բխում է համակարգային գլխավոր խնդրից՝ օրինակարգության պակասից, եւ իր հերթին էլ ամեն օր մեծացնում է հասարակական հիմնարար՝ անվստահության խնդիրը: Պետության լավ առաջնորդը, լավ կառավարությունը տարբերվում է վատից՝ երկրի եւ ժողովրդի դրական ներուժի բացահայտման կարողությամբ, թեկուզ անձնական իշխանության ամրապնդմանը զուգահեռ: Իսկ որեւէ երկիր ու որեւէ ժողովուրդ ունեն թե՛ դրական, թե՛ բացասական ներուժ: