28.09.2015 12:10

Խմբագրական. Պատերազմի ուրվականը՝ Սերժիկ Սարգսյանի հանցագործ իշխանության ամրապնդման «բարեպատեհություն»

Խմբագրական. Պատերազմի ուրվականը՝ Սերժիկ Սարգսյանի հանցագործ իշխանության ամրապնդման «բարեպատեհություն»
Ադրբեջանի կողմից գնդակոծված Բերդավան գյուղը: © PAN Photo

Մենք վաղուց ի վեր «այս գիշերը խաղաղ էր» բարի լուրը միմյանց հաղորդում ենք այն օրերին, երբ զոհ չենք ունենում սահմանամերձ տարածքներում։ Մնացած օրերին էլ խաղաղ չի լինում, ոչ մի գիշեր կամ ցերեկ՝ չնչին բացառությամբ, կրակոցները չեն դադարում, բայց եթե զոհ չկա, ուրեմն՝ «խաղաղ է», ու փառք տիրոջը։ Սա ոչ մեկիս համար գաղտնիք չէ, եւ այս իրավիճակն արդեն տարիներ են ձգվում։

Գաղտնիք չէ նաեւ, որ իրավիճակի սրմանը զուգահեռ՝ հայտնվում են ինչ-ինչ «խաղաղության աղավնիներ» եւ սկսում մատ թափ տալ Հայաստանը հյուծող ապօրինությունների դեմ պայքարողներին՝ բոլորիս հայտնի մեղադրանքով. «Էնտեղ պատերազմ է, դուք էստեղ իրավիճակն եք ապակայունացնում»։ Ու «բնականաբար»՝ ջուր ենք լցնում թշնամու ջրաղացը։

Թե ինչու եւ ինչպես պատահեց, որ հարեւան պետությունն սկսեց օր օրի ավելի լկտիանալ, սա, իհարկե, էս «աղունիկների» ոչ խելքի բանն է, ոչ էլ՝ համապատասխան վայրից տրված հրահանգների ցուցակում կա։ Իրենց խնդիրը պատերազմի ուրվականին ըմբոստների քթի տակ թափահարելն է, իսկ գերխնդիրը՝ Սերժիկ Սարգսյանի ու նրա ավազակախմբի սանձարձակությունները անտեսելու «հայրենապաշտական առաքելությունը», որովհետեւ, հասկացաք, պատերազմական իրավիճակ է։

Դե, ոչինչ, որ այս պատերազմական իրավիճակը թալանչի հանրապետականների հրեշավոր չափերի հասնող ախորժակի վրա չի ազդում։ Ոչի՛նչ, որ պատերազմական իրավիճակում սրանք շարունակում են ապրել հարուստ, ծաղկող ու անհոգ երկրի «փադիշահների» նման, իսկ ժողովրդի թշվառացման գործընթացը ձգտում է անսահմանության։

Ոչի՛նչ, որ պատերազմական իրավիճակում այս հանցախմբի մտքով անցել է երկրի սահմանադրություն փոխել։ Ավելի՛ն, «աղունիկները» թափ են հավաքել եւ սկսել են մեղադրել «Ոչ»-ի ճակատին՝ ահա՛ այս պատերազմական իրավիճակում սահմանադրական «բարեփոխումների», իմա՝ Սերժիկ Սարգսյանի եւ նրա հանցախմբի վերարտադրման դեմ պայքարողներին։

Չեն էլ թաքցնում, պարզ, «բացճակատ», լկտի սառնասրտությամբ ասում են՝ «ոչ» ասողները որքան ակտիվանում են, այնքան՝ ադրբեջանցիներն ավելի ու ավելի են ոգեւորվում...

Եվ ո՛չ մի խոսք՝ պատերազմական իրավիճակում սահմանադրություն փոխող «քյանդրբազների» մասին։

Այսինքն, պատերազմական իրավիճակում չի՛ կարելի պայքարել ընդդեմ սահմանադրական «բարեփոխումների», իսկ սահմանադրություն փոխել՝ կարելի է։

«Երկաթյա» ՀՀԿ-ական տրամաբանություն։

Լիզա Ճաղարյան