29.09.2015 11:47

Ասադի դերակատարության հարցում Պուտինի և Օբամայի կարծիքները տարբեր են

Ասադի դերակատարության հարցում Պուտինի և Օբամայի կարծիքները տարբեր են
© EPA

Նյու Յորքում ավարտվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2013 թ. ամռանից ի վեր առաջին երկկողմ հանդիպումը: Ուշադրության կենտրոնում Սիրիայի և Ուկրաինայի հակամարտություններն են եղել: Դատելով հանդիպմանը հաջորդած հայտարարություններից՝ դիրքորոշումների տարբերություններն այդ հարցերում պահպանվում են:

Երկու երկրների առաջնորդների հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի գրասենյակում, Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Բանակցությունները տևել են նախատեսված 55 րոպեից ավելի:

Ամերիկյան կողմի ներկայացուցչի խոսքով՝ ժամանակի գրեթե կեսը կողմերը նվիրել են Ուկրաինայի իրադրությանը, մնացած մասը՝ սիրիական հակամարտությանը:

Ռուսաստանի նախագահը հանդիպումն անվանել է կառուցողական, օգտակար և անկեղծ, սակայն հավելել է, որ «կան նաև տարաձայնություններ»:

Ինչպես տեղեկացրել է Սպիտակ տան ներկայացուցիչը, Բարաք Օբաման Պուտինին ներկայացրել է իր անհանգստությունը Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների կատարման և, մասնավորապես՝ տեղական ընտրություններ անցկացնելու՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարության մտադրության առնչությամբ:

Ինչ վերաբերում է Սիրիայի իրավիճակին, ապա Պուտինը բանակցություններից հետո կրկին ասել է, որ սիրիացիներին իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը: Նա ևս մեկ անգամ բացառել է ռուսաստանյան զորքերի մասնակցության հնարավորությունը Սիրիայում ցամաքային գործողություններին, սակայն հաստատել է, որ քննարկվում է օդային գործողություններին մասնակցելու հնարավորությունը՝ ընդդեմ «Իսլամական պետության» գրոհայինների, ինչի համար, Պուտինի համոզմամբ, պետք է լինի Սիրիայի կառավարության համապատասխան միջնորդությունը: Փոխանցում է BBC-ն: