29.09.2015 15:59

Խմբագրական. Հիմարության շքահանդեսը շարունակվում է

Խմբագրական. Հիմարության շքահանդեսը շարունակվում է

Հասարակության մեծամասնությունը վաղուց արդեն չի զարմանում ու չի զայրանում իշխող կուսակցության ներկայացուցիչների՝ մեկը մյուսից անհեթեթ մեկնաբանությունները լսելիս կամ կարդալիս։ Մինչեւ ե՞րբ եւ ինչքա՞ն կարելի է զարմանալ կամ զայրանալ, եթե խելքից-մտքից դուրս բառակույտերը սելավի նման հոսում են այս մարդկանց բերաններից, եւ հիմարության այս շքահանդեսի սկզբի մասին մոռացել ենք արդեն, վերջն էլ դեռ չի երեւում։ Այս իրավիճակում հանրապետականների արտանետած «բոցերին» լավագույն արձագանքը զվարճանալն է (նաեւ առողջարար է), ինչն էլ շատ գունեղ ու համով-հոտով «գլուխ են բերում» նույնի՛սկ այս գաղջագույն մթնոլորտում համառորեն հումորի զգացումը չկորցնող Հայաստանի քաղաքացիները:

Բայց, ինչպես երեւում է՝ սահմանադրական «բարեփոխումներին» ընդառաջ՝ հանրապետականների մտքի գոհարները խամրելու են, որովհետեւ «բարեփոխումների» կողմնակից, Սերժիկ Սարգսյանի ձեռքսեղմման եւ «կզման» արարողակարգին մասնակցած այլեւայլ ուժերը հիմարության շքահանդեսի դրոշակակիրներին ձեռնոց են նետել, եւ բոլոր նախանշաններն արդեն կան, որ «աշակերտները» գերազանցելու են իրենց «ուսուցիչներին»։

Նախ՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը փայլատակեց. ըստ նրա՝ եթե հանրաքվեի ընթացքում ընտրախախտումներ արձանագրվեն, ուրեմն՝ դրա հեղինակները, ուշադրություն, «Ոչ»-ի ճակատից կլինեն։ Ճիշտ է, շատ ծերացած կուսակցության կարկառուն ներկայացուցիչը դեռեւս չի բացահայտել, թե ինչպես, ինչ հնարքով, ինչ մութ ուժերով են ընդդիմադիրներն իրականացնելու այդ ընտրախախտումներն՝ ընդդեմ Սերժիկ Սարգսյանի հանցախմբի կազմած ընտրացուցակների, որտեղ Հայաստանից բացակայողներն ու հանգուցյալներն ավելի շատ են, քան իրական, երկրում բնակվող ողջ-առողջ ՀՀ քաղաքացիները, եւ կամ՝ որտեղի՞ց են «ներմուծելու» այն հազարավոր կեղծ անձնագրերը, որ ընտրության օրը հայտնվում են բեմահարթակում, հետո՝ բարեհաջող անհետանում։ Ընկեր Արծվիկը նաեւ չի պարզաբանել, թե որտեղից է օրվա հացը մի կերպ վաստակող ՀՀ քաղաքացին հայթայթելու այն հինգհազարանոցները եւ բաժանելու օրվա հացի կարոտ այն քաղաքացիներին, որոնք մեկօրյա «կուշտ փորի» դիմաց վաճառում են իրենց ձայնը հենց նրանց, ում օրուգիշեր անիծում ու նզովում են իրենց բաժին հասած «քաղցր» կյանքի համար։ Չի ասել նաեւ, թե, օրինակ, ինչ ուժերով են ընդդիմադիրները ներխուժելու Հայոց բանակ եւ այլընտրանք չունեցող զինվորին ստիպելու, որ իր կամքին հակառակ ընտրություն կատարի։ Կամ՝ որտեղի՞ց են ընդդիմադիրները գտնելու այն ավազակախմբերին, որոնք ծեծուջարդ ու ահաբեկումներ են սանձազերծում ընտրությունների օրերին, եթե այդ ավազակախմբերը Սերժիկ Սարգսյանի որջից են «ծլարձակում»։ Բայց մի՞թե դա է կարեւորը։ Կարեւորն այն է, որ ընկեր Արծվիկի արտանետած անհեթեթությունը շատ դուր կգա իշխող կուսակցության նախագահին, ինչն էլ նշանակում է՝ Սերժիկ Սարգսյանը պաշտոններ բաժանելիս չի մոռանա դաշնակցությանը ու մի քանի պորտֆել էլ սրանց «փեշքեշ կանի»։ Եթե խաբի, ինչը, մեղմ ասած՝ խորթ չէ Բաղրամյան 26-ը զավթողի բնույթին, դե՝ ի՞նչ արած, դաշնակցությունը միառժամանակ բոցաշունչ ընդդիմադիր «կաշխատի»՝ մինչեւ հաջորդ «հուսո դռան» բացվելը։

Ընկեր Արծվիկից, բնականաբար, ետ չի մնում ընկեր Հրանտը։ ՀՅԴ բյուրոյի այս ներկայացուցիչն էլ հարցազրույց է տվել «tert.am»-ին եւ այնքան «անխոցելի» մտքեր է հայտնել, որ մեղքս ինչ թաքցնեմ՝ խճճվեցի ու չեմ կողմնորոշվում, թե որ մեջբերումից սկսեմ եւ որտեղ ավարտեմ։ Օրինակ, ընկեր Հրանտն ասում է. «Բնական է, նորմալ, որ քաղաքական դաշտը բաժանվել է «ոչ»-ի ու «այո»-ի, այլ կերպ լինել չէր կարող։ Տգեղը, ոչ նորմալն այն է, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ խորքային, բովանդակային քննարկում չի ընթանում, չի հիմնավորվում՝ ինչու «ոչ»։ Միակ բանը, որ ասվում է՝ այս նախագահից չի կարելի լավ բան սպասել, ուրեմն իր կողմից առաջարկված փոփոխությունը չի կարող դրական լինել։ Սա ճիշտ մոտեցում չէ, եւ ընդհանրապես ճշմարտությունը չէ»։

Անշուշտ, շնորհակալ ենք մեծահոգի  ընկեր Հրանտին՝ «բնական, նորմալ» համարելու համար քաղաքական դաշտում «ոչ»-ի ներկայությունը։ Կարող էր, չէ՞, ասել, որ պատերազմական իրավիճակ է Հայաստանում, եւ «ոչ» ասողները հայրենիքի դավաճաններ են, իսկ թե ինչպես է վարվում դաշնակցությունը դավաճանների հետ, բոլորս էլ գիտենք։ Եվ՝ ոչինչ, որ ընկեր Հրանտը ճիշտ չի ասում՝ մեղմ ասած, որ բովանդակային քննարկում չի ընթանում եւ չի հիմնավորվում՝ ինչու «ոչ»։ Անկախ այն անքննելի ճշմարտությունից, որ՝ այո՛, Սերժիկ Սարգսյանից չի կարելի լավ բան սպասել, ե՛ւ բովանդակային քննարկումներ են եղել ընդդիմադիր շրջանակներում ու լրատվամիջոցներում, ե՛ւ շատ ծանրակշիռ հիմնավորումներ են բերվել, թե ինչու չի կարելի «բարեփոխել» սահմանադրությունը։ Իսկ ա՛յ, որ ընկեր Հրանտը մեղադրում է «ոչ» ասողներին, թե ինչու են կարծում, որ Սերժիկ Սարգսյանից լավ բան չի կարելի սպասել, եւ ճարպկորեն խուսափում է «բովանդակային հիմնավորել», թե ինքն ինչու է կարծում, որ կարելի է Սերժիկ Սարգսյանից լավ բան սպասել, սա արդեն հեչ չի սազում ծերունազարդ կուսակցության հավատավոր ներկայացուցչին։ Մի թեթեւ հիմնավորեր՝ մենք էլ իմանայինք, մի բուռ ազգ ենք, իրարից ի՞նչ ունենք թաքցնելու։

Մտադիր էի հանգամանալից եւ «բովանդակային» անդրադառնալ Հրանտ Մարգարյանի վերոնշյալ հարցազրույցին, որովհետեւ հարգարժան ընկերը լիուլի եւ սիրով դրա հնարավորությունը տալիս է, բայց մեկ էլ «ճամփաս կտրեց» Սերժիկ Սարգսյանին կից հանրային խորհրդի «նախագա» Վազգեն Մանուկյանը՝ իր աննման «բոց»-ով։ Մինչ օրս անհասկանալի այս «կից»-ի ղեկավարն այնքան «բովանդակային է հիմնավորում» սահմանադրական «բարեփոխումների» անհրաժեշտությունը, որ գերբնական ջանքեր են պետք՝ ակնածանքից քարե արձան չդառնալու համար։ Ասում է («Ժամանակ» թերթ). «Ոմանք նվնվում են դրանից, բայց ես ասում եմ՝ նախորդ սահմանադրությունով դորդուբեշ էի՞ք անում, նախկին սահմանադրությունով ի՞նչ արդյունքների եք հասել...»։

Ընդդիմությանն է ասում։ Իր «բարձունքից»։ Ինքը վերեւն է, ընդդիմությունը՝ ներքեւը։ Ինքը ընդդիմադիր կարող է լինել, այն էլ՝ մոլեգին, այն էլ՝ մոլագար, եթե նպատակն ի՛ր «նախագա» դառնալն է։ Իսկ քանի որ ինքն այլեւս նման նպատակ եւ հույսի նշույլ չունի, հայտնի անեկդոտի ասած՝ մի պուճախում նստած մածուն է ուտում, ձեզ խանգարու՞մ է։ Մեկ-մեկ ա՛յ այսպիսի «գոհարներ» է շպրտում հասարակությանը, բայց եթե ուզում եք իմանալ՝ էս հասարակությանը էդ էլ է շատ։ Կարող էր, չէ՞, էս հասարակությունը նախորդ սահմանադրությունով դորդուբեշ անել, արդյունքների հասնել, բայց՝ չի արել, էլ ինչի՞ է նվնվում, ի՞նչ է ուզում իր «մածունը» ապահովող Սերժիկ Սարգսյանից, ի՞նչ կապ ունի էդ մարդը սահմանադրության հետ, դորդուբեշի հետ, արդյունքների հետ, ինքը մեղավո՞ր է, որ էս հասարակությունը էդ սահմանադրությունով չծաղկեցրեց Հայաստանը, արդարություն չհաստատեց երկրում, չկատարեց իր նախորդ նախագահական ընտրարշավի ժամանակ հնչեցրած բարեմաղթանքը, ըստ որի՝ ՀՀ բոլոր քաղաքացիները մի քանի տարի հետո կարող են ավտոմեքենա գնել, դղյակներ կառուցել ու կշտությունից բխկալ։ Ո՞վ է մեղավոր, որ Սերժիկի բարեմաղթանքին արձագանքեց միայն նրա մերձակա շրջապատը։ Մարդն ասել էր՝ անեիք, չեք արել՝ հիմա էլ նվնվում եք, որ ի՞նչ։

Վատ երա՞զ է։ Չէ, մեր իրականությունն է։ Սերժիկ Սարգսյանի, հանրապետականների ու սրանց հացկատակների՝ հասարակությանը մատուցած իրականությունը, որին «Ոչ» ասելը անբեկանելի է։

Լիզա Ճաղարյան