29.09.2015 22:47

Մարինե Պետրոսյան. 88-ի շարժման ուրացումը

Մարինե Պետրոսյան. 88-ի շարժման ուրացումը
© audisea

Հոդվածը տպագրվել է Մարինե Պետրոսյանի tret.am-ի բլոգում:

Էս վերջերս, տարբեր առիթներով, նկատեցի որ մարդիկ կան՝ 88-ը չեն հիշում։ Բայց ո՞նց ա հնարավոր 88-ը մոռանալ, զարմացել էի։ Հետո հիշեցի, որ 88-ից 27 տարի ա արդեն անցել, այսինքն ջահելներ կան, որ դեռ ծնված չեն  եղել էդ ժամակակ կամ շատ փոքր են եղել։ Իրանք ո՞նց են տեղեկանում 88-ի մասին։ Պատմելո՞վ։ Իրանց ո՞վ ա պատմում։ Իսկ մի քանի օր առաջ Աշոտ Սարգսյանի հոդվածաշարը կարդացի եւ հասկացա որ խնդիրը շատ լուրջ ա, իմ պատկերացրածից հազար անգամ լուրջ («Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը», մաս 1-5)։ Հայաստանի բուհական եւ դպրոցական դասագրքերում 88-ի շարժումն ու դրա արդյունքում ստեղծված Հայաստանի Հանրապետության պատմությունը կեղծված են։ Ինչո՞ւ։ Որովհետեւ տեղի ա ունեցել ռեւանշ։


Ես 88-ին չափահաս էի՝ համալսարանը նոր էի ավարտել, եւ 88-ը հիշում եմ։ Հիշում եմ ոնց սկսվեց, հիշում եմ ինչ եղավ հետո՝ ինչը փոխվեց եւ ինչ տվեց էդ փոփոխությունը։ Դեռ 88-ից տարիներ առաջ Ղարաբաղի հարցը Երեւանի օդում աղոտ կար՝ լուրեր էին շրջում ստորագրահավաքի մասին, հիշում եմ ասում էին Սերո Խանզադյանն ա Մոսկվա նամակ գրել, եւ նման բաներ։ Հետո հանրահավաքները սկսվեցին, նախ Ստեփանակերտում, որտեղ փետրվարի 20-ին ԼՂՀ մարզխորհուրդը արտակարգ նստաշրջան էր արել եւ դիմել էր Բաքվի ու Երեանի Գերագույն խորհուրդներին՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Հայաստանի կազմի մեջ ընդգրկվելու խնդրանքով։ Որպես պատասխան՝ Երեւանում բռնկեցին սոլիդարության հզոր ցույցեր՝ մարդիկ հեղեղել էին Բաղրամյան պողոտան, որի վրա Գերագույն խորհրդի շենքն էր (հիմա՝ նախագահական պալատը), հեղեղել էին Ազատության հրապարակն ու հարակից տարածքները՝ մի կողմից դեպի Կարապի լիճ, մյուս կողմից դեպի Բաղրամյան։ Բաղրամյանի վրա, հիշում եմ, սկզբում հիմնական հռետորներից մեկը Վաչե Սարուխանյան անունով մի մարդ էր, ասում էին դերասան ա, կարծեմ Ստեփանակերտից։ Լավ չեմ հիշում ինչ էր ասում, բայց հիշում եմ որ խոսում էր խառն ու պաթետիկ։ Ամենաառաջին օրերի պլակատներից տպավորվել ա հայտնի «Լենին, պարտիա, Գորբաչովը»՝ Գորբաչովի պերեստրոյկայի ժամանակներն էին, շատերը սկզբում հույս ունեին թե դրա շրջանակներում Ստեփանակերտի մարզխորհրդի որոշումը դրական պատասխան կստանա՝ Մոսկվան Ղարաբաղի հարցը կլուծի։ Բայց նման հույսերը շատ արագ հօդս ցնդեցին։ Փետրվարի 21-ին արդեն՝ «Վրեմյա» համասովետական լրատվական ծրագիրն ու «Պրավդա» կենտրոնական օրաթերթը Երեւանի փողոցները հեղեղած մարդկանց անվանեցին «մի խումբ էքստրեմիստներ»։ Փետրվարի 23-ին «Վրեմյան» հայտնեց քաղբյուրոյի որոշման մասին՝ սահմանների փոփոխություներն անընդունելի են։ Առաջին օրերի իդիլիական-ոգեւորված մթնոլորտին շատ արագ փոխարինելու եկավ հզոր ջղայնությունը։ Ցուցարարները «Պրավդայի» դագաղն էին սարքել, հանդիսավոր պտտում էին Երեւանի փողոցներով, հետո թաղեցին։  Փետրվարի 26-ին Սիլվա Կապուտիկյանն ու Զորի Բալայանը Մոսկվայում հանդիպեցին Գորբաչովի հետ։ Նույն օրը Գորբաչովը կոչով դիմաց «Հայ եւ ադրբեջանցի» ժողովուրդներին՝ ըստ էության չասելով ոչինչ։ Հաջորդ օրը՝ փետրվարի 27-ին, Ազատության հրապարակում հսկայածավալ հանրահավաք էր, որտեղ ելույթ ունենալով, Զորի Բալայանը, մեծ դժվարությամբ, բայց կարողացավ համոզել մարդկանց՝ ցրվել։ Այսպես ավարտվեց 88-ի շարժման առաջին փուլը, եւ ավարտվեց աղետով, որովհետեւ հենց հաջորդ օրը սկսվեցին սումգայիթյան ջարդերը, իսկ մարտին Երեւան զորք մտցվեց եւ հայտարարվեց արտակարգ դրություն։ Այսինքն եթե ողջ շարժումը սրանով ավարտվեր, ավարտվելու էր պարտությամբ։

Բայց առաջին փուլի ավարտով 88-ի շարժումը չավարտվեց, շուտով անցում կատարվեց նոր փուլի՝ նոր առաջնորդներով։ Մայիսից հանրահավաքները վերսկսվեցին եւ շարժումը, Իգոր Մուրադյանի կողմից ղեկավարվող հին Ղարաբաղ կոմիտեի փոխարեն, ղեկավարել սկսեց նոր Ղարաբաղ կոմիտեն (հայտնի 11 հոգին), որը հրաժարվեց պայքարի ավանդական-պահանջատիրական տրամաբանությունից եւ շարժումը մտցրեց ժողովրդավարացման եւ ինքնորոշման կոնտեքստ։ Ինքնորոշվողը նախ եւ առաջ իհարկե Ղարաբաղն էր, բայց Ղարաբաղի ինքնորոշման համար պայքարում նաեւ հայաստանցին էր ինքնորոշվում՝ սովորում էր վստահել սեփական ուժերին, սովորում էր կազմակերպվել, սովորում էր ինքնուրույն գործել։ Այսինքն 88-ի շարժումը, նոր Ղարաբաղ կոմիտեի առաջնորդությամբ, փաստացի դարձավ անկախացման շարժում, հակառակ որ «անկախություն» կարգախոսը սկզբում չկար, հարթակներից հնչել սկսեց բավական ուշ։ Որովհետեւ երկրի անկախացումը էն չի, երբ որ բոլորը անկախություն են գոռում, երկրի անկախացումը էն ա, երբ որ ձեւավորվում ա անկախ՝ սեփական հանրության վրա հենվող իշխանություն։ Իսկ նոր Ղարաբաղ կոմիտեն շուտով դարձավ հենց դա՝ փողոց դուրս եկած հանրության ուժի եւ վճռականության վրա հենվող փաստացի իշխանություն։ Սովետական Միությունում, հիշում եք երեւի, կար մեկ կուսակցություն, որին էլ, տասնամյակներ շարունակ, պատկանել էր իշխանությունը եւ մարդիկ մեծ գումարներ էին ծախսում, կաշառք էին տալիս՝ էդ կուսակցության անդամ դառնալու համար։ Այնինչ 88-ը ամեն ինչ շատ արագ փոխեց եւ շուտով Ազատության հրապարակում հայաստանցիք գալիս, բոլորի աչքի առաջ հանդիսավորապես պատռում էին կուսակցական տոմսերը, ինչը կատարված փաստացի իշխանափոխության վկայություններից մեկն էր։ Կուսակցական տոմսերը պատռելու ալիքը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, բարձրացավ գործադուլների օրերին։ Գործադուլների նպատակն էր՝ հասնել Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանի հրավիրմանը։ Նպատակը հաջողությամբ իրագործվեց՝ 1988 թվի հունիսի 15-ին նստաշրջանը հրավիրվեց եւ ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը հավանություն տվեց Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ ներառելու՝ ԼՂԻՄ մարզխորհրդի խնդրանքին։

Ի դեպ, 88-ի մասին վկայող հայտնի լուսանկարը, որտեղ տեսնում ենք, թե ոնց ցուցարարները ողողել են Բաղրամյան պողոտան ու Պռոշյան փողոցը, նույնիսկ բարձրացել են մեր  թիվ 19 փոստատան կտուրի վրա, պետք ա հենց էդ օրը արված լինի՝ հունիսի 15-ին։ Էսօրվա Ամերիկյան համալսարանն էն ժամանակ «Համագումարների պալատն» էր՝ Ստեփան Շահումյանի անվան քաղլուստունը, որտեղ էլ հենց տեղի էր ունենում նստաշրջանը։ Ջահելները, որոնք չեն տեսել, չեն պատկերացնում էդ ժամանակները, գուցե հարցնեն՝ լավ, Մոսկվան հասկացանք, բայց Հայաստանի Գերագույն խորհրդի՞ն էլ պետք էր գործադուլներով ստիպել, որ ԼՂԻՄ մարզխորհրդի խնդրանքին դրական պատասխանի։ Այո, պետք էր, ուրիշ կերպ հնարավոր չէր, առանց ստիպելու՝ Գերագույն խորհուրդը չէր գումարվի եւ նման որոշում չէր ընդունի։ Որովհետեւ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը Հայաստանինը չէր, ՀԽՍՀ կառավարությունը Հայաստանինը չէր, Հայաստանում լույս տեսնող մամուլը Հայաստանինը չէր, հեռուստատեսությունը Հայաստանինը չէր, դրանք բոլորը որպես հրահանգ էին ընդունել Վրեմյայի եւ Պրավդայի «մի խումբ էքստրեմիստներ» որակումը եւ գործում էին ըստ այդմ։ Հայաստանինը Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդն էր, որն ուզում էր ապրել նոր ձեւով եւ գործնականում ապացուցում էր, որ կարողանում ա ապրել նոր ձեւով։ Հենց էդ ժողովուրդն էր, նոր Ղարաբաղ կոմիտեի գլխավորությամբ, որ կարողացավ հասնել նոյեմբերի 22-ին  ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանի հրավիրմանը, իսկ դրա ընդհատումից հետո կարողացավ հասնել նրան, որ պատգամավորները գան Օպերա եւ նստաշրջանը շարունակվի Օպերայի դահլիճում։ Հենց Օպերայի դահլիճում էլ ընդունվեց աննախադեպ էն որոշումը, համաձայն որի Հայաստանում կարող էին կենսագործվել կենտրոնական իշխանության միայն էն որոշումները, որոնք հանրապետության Գերագույն խորհուրդը կհամարեր նպատակահարմար։ Սա մեծ ու ռեալ քայլ էր՝ անկախության ճանապարհին։

Երբ որ ասում եմ՝ ժողովուրդը հավաքված էր Ազատության հրապարակում, ի՞նչ նկատի ունեմ, որ Հայաստանի ամբողջ ժողովո՞ւրդն էր հավաքված, բոլոր հայաստանցինե՞րը։ Իհարկե ոչ, բոլորը չէին գալիս Ազատության հրապարակ։ Բայց 88-ին էն տպավորությունը կար (հետադարձ հայացքով հասկանում ես՝ չափազանցված տպավորությունը), թե չեկողների մեծամասնությունն էլ էր ցուցարարների կողմից։ Դեմ եղողները բարձրաձայն համարյա չէին արտահայտվում։ Բացի մամուլից եւ հեռուստատեսությունից, իհարկե, բայց դա ուրիշ պատմություն էր, սովետական մամուլն ու հեռուստատեսությունը հենց նրա համար էին որ ստեին, ու դրանցում գրող կամ ելույթ ունեցող մարդկանց մեծ մասը կադրից դուրս լրիվ ուրիշ բան էր խոսում, արդարանում էր թե՝ «աշխատանք ա, ստիպված եմ ստել»։ Էդ արդարացումը ընդունելի արդարացում չէր իհարկե, եւ մամուլն ու հեռուստատեսությունը արժանանում էին Ազատության հրապարակի դատապարտումին։ Ի վերջո էդ դատապարտումն իրա արդյունքները տվեց՝ լրագրողները կամաց կամաց համարձակություն ձեռք բերեցին եւ սկսեցին «բացվել»՝ սովետական ստանդարտից դուրս նյութեր հրապարակել նախ ոչ հեռավոր անցյալի մասին (դա համեմատաբար ավելի հեշտ էր), հետո՝ իրանց աչքի առաջ կատարվող դեպքերի։


Հետո գիտեք ինչ եղավ՝ Սովետական Միությունը փուլ եկավ։ Հայաստանը նաեւ դե յուրե անկախացավ եւ համարյա անմիջապես հայտնվեց շրջափակման մեջ։ Երկրի ոչ փոքր մասը երկրաշարժից ավերված էր։ Հետո պատերազմը սկսվեց։ Իսկ Հայաստանը բանակ չուներ, ընթացքում էր ստեղծում։ Եւ Ադրբեջանն ավելի շահեկան վիճակում էր՝ թե բնակչությունն ու տարածքն էին ավելի մեծ, թե ունեցած ռազմական տեխնիկան էր ավելի շատ։ Բայց Հայաստանը հաղթեց Ղարաբաղյան պատերազմում։ Հաղթեց, որովհետեւ վստահ էր սեփական արդարությանն ու սեփական ուժերին, որովհետեւ Ղարաբաղյան շարժման ընթացքում սովորել էր կազմակերպված պայքարել ու հաղթել։ Հայաստանը հաղթեց 88-ի շարժման առաջնորդների գլխավորությամբ, որովհետեւ հենց 88-ի շարժման առաջնորդներն էին եկել իշխանության։ Հաղթեց Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որովհետեւ Լեւոնն էր երկրի նախագահն ու բանակի գերագույն հրամանատարը։


Բայց հաղթած Հայաստանում առանձնապես հաղթական տրամադրություն չէր՝ տնտեսական վիճակը կտրուկ վատացել էր, սովետական սիստեմից բաց շուկայի անցնելը հեշտ ու հարթ չէր ընթանում, դժվարություններ կային, սխալներ կային, ու էս ֆոնին՝ ղարաբաղյան շարժման առաջնորդների մի մասը դուրս եկավ մյուսի դեմ՝ օգտագործելով զանգվածային դժգոհության աճող ալիքը։  Ես ինքս լսել եմ երկու կողմերի բացատրությունն էլ՝ էն մասին թե ոնց կատարվեց էդ տրոհումը, եւ երկու կողմն էլ հաճախ հիմնավոր բացատրություններ են բերում (մի քիչ պարզեցնում եմ ասելով երկու կողմ, իրականում կողմերը երկուսից ավելին էին): Եթե կողմերն իմանային, թե ինչ ա լինելու հետո, թե ի վերջո ինչի ենք հանգելու, գուցե կարողանային իրանց մեջ ո՞ւժ գտնել՝ կանխելու էդ տրոհումը, կամ առնվազն՝ էդքան կտրուկ դուրս չգային իրար դեմ։ Չգիտեմ։ Գուցե։ Բայց եղավ էն ինչ եղավ։ Եւ ի վերջո հասանք նրան, որ էսօր կարող ենք արձանագրել՝ Հայաստանում տեղի ա ունեցել ռեւանշ 88-ի շարժման նկատմամբ։ Էսօր Հայաստանում տերուտնօրեն ա մի խավ, որը ոչ մի կապ չունի 88-ի շարժման հետ, 88-ի շարժման բերած նոր Հայաստանի հետ, եթե կապ էլ ունի, ապա հակառակության սկզբունքով։  էդ հենց էն խավն ա՝ քաղքենիների ու հարմարվողների էն խավը, որը շարժման վերելքի օրերին լռում էր, սպասելով թե իրա օրը երբ ա նորից գալու։ Եւ հիմա համարում ա որ եկել ա էդ օրը, էնքան վստահ ա իրան զգում, որ քերում ա 88-ի շարժման պատմությունը՝ Հայաստանի Հանրապետության դասագրքերից։