30.09.2015 17:25

Ուկրաինացի ազգայնականը Չեչնիայում դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

Ուկրաինացի ազգայնականը Չեչնիայում դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

Չեչնիայի դատարանը Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Մալոֆեևին դատապարտել է 24,5 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, ինչպես նաև՝ 41 մլրդ ռուբլու տուգանքի՝ 1994-1995 և 2000 թթ. չեչեն անջատականների կողմում ռազմական գործողություններին  մասնակցելու համար:

Մալոֆեևը, որ 2009 թվականից Ռուսաստանում իր 23-ամյա կալանքն է կրում ավազակության և երկու կանանց սպանության համար, հայտարարել է, որ եղել է ուկրաինական ազգայնական УНА-УНСО կազմակերպության անդամ (որը Ռուսաստանում ծայրահեղական կազմակերպություն է ճանաչվել, և նրա գործունեությունը ՌԴ տարածքում արգելված է), և ռուսաստանցի զինվորականների վրա զինված հարձակումներ գործելու հարցում լիովին ընդունել է իր մեղքը: Նա մինչդատական համաձայնություն է ձեռք բերել հետաքննության հետ և համաձայնել է ցուցմունքներ տալ Ուկրաինայի այլ քաղաքացիների վերաբերյալ ևս:

Մասնավորապես՝ նա պատմել է, որ չեչենական առաջին կամպանիայի ժամանակ ինքը կամավոր կերպով անդամագրվել է «Վիքինգ» ջոկատին և УНА-УНСО-ի մյուս գրոհայինների հետ միասին Վրաստանով անցել է Չեչնիա: Իր ցուցմունքներում Մալոֆեևը հայտարարել է, որ լինելով դիպուկահար՝ անձամբ գնդակահարել է ռուսաստանցի հինգ զինվորների:

Ջոկատի կազմում, ի թիվս մի քանի մարդու, Մալոֆեևը նշել է նաև Տյագնիբոկ եղբայրների և Ուկրաինայի գործող վարչապետ Արսենի Յացենյուկի անունները. ըստ Մալոֆեևի ցուցմունքների՝  նրանք բոլորը մասնակցել են ռուսաստանցի զինվորականների խոշտանգումներին ու սպանություններին: Հետաքննության ընթացքում հնչել է նաև «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշի անունը:

Փոխանցում է BBC-ն: