01.10.2015 09:47

Խմբագրական. Հայդատականությունը՝ որպես վերջին հանգրվան

Խմբագրական. Հայդատականությունը՝ որպես վերջին հանգրվան

Սահմանադրությունը փոխելու՝ իր համար կենսական գործով գերզբաղված Ս. Սարգսյանը վերջապես ժամանակ գտավ ու արձագանքեց արդեն պատերազմական գործողություններ հիշեցնող սահմանային սրացումներին։ Արձագանքեց  ու ասաց նոր մի միտք. «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է» («Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից է»):

Շատերի համար, թերեւս, ավելորդ է, սակայն ոմանց դեռեւս պետք է հիշեցնել, որ նման դեպքերում գոյություն ունի խնդրի ընկալման երկու հարթություն։ Առաջինը՝ մարդկային զգացական, երկրորդը՝ քաղաքական։ Առաջինը՝ հենվելով, ասենք, պատմական իրողությունների ու պատմական հիշողության վրա, արտահայտվում է որպես համոզմունք, պատկերացում, երազանք, ցանկություն, ձգտում։ Այն կարող է իր արտացոլումը գտնել գեղարվեստական գրականության, լրագրության, հրապարակախոսության, անգամ պատմագրության մեջ։ Այս ասպարեզներում անհատական դրսեւորումները ոչ մի կերպ չեն խանգարում բուն խնդրի գոյությանն ու լուծմանը։ Նույն խնդիրը քաղաքական հարթության վրա բոլորովին այլ եւ խիստ որոշակի տեսք է ստանում։ Դրա ձեւակերպումը պետք է դուրս չգա ընդունված միջազգային իրավունքի, նորմերի, սկզբունքների շրջանակներից։ Այլապես կվտանգվի նույն այդ խնդիրը, նրա երբեւէ լուծման հեռանկարը։

1988 թվականի փետրվարից ծայր առած Ղարաբաղյան շարժման ամբողջ ընթացքում, եւ հատկապես սկզբում, տասնյակ ու հարյուրավոր «պատմական տեղեկանքներ», տարբեր հասցեներով բաց ու փակ նամակներ, մասնագիտական հետազոտություններ եւ այլն, առաջին՝ զգացական հարթության վրա էին, որոնց ընդհանրական իմաստն այլ բան չէր, քան, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական տարածք է եւ, ըստ այդմ՝ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է»։ Մինչդեռ նույն հարցով պաշտոնական փաստաթղթերը քաղաքական հարթության վրա էին, եւ դրանցում, որքան էլ գայթակղիչ ու հնչեղ լիներ, չէր կարելի օգտագործել զգացական լեզուն ու կատեգորիաները։ Այլապես հենց այդ պահին եւ դրանով կտապալեիր քո բարձրացրած ու փայփայած խնդիրը։ Բարեբախտաբար, այդ գիտակցումը եղել է ի սկզբանե եւ արտահայտված է արդեն իսկ ԼՂԻՄ մարզխորհրդի 1988 թ. փետրվարի 20-ին ընդունած որոշման մեջ.

«Լսելով եւ քննարկելով ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ-ի խորհրդի դեպուտատների ելույթները` ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ կազմից Հայկական ՍՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ՍՍՀ եւ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետների առջեւ միջնորդության մասին, ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է.

Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին եւ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին՝ խորին ըմբռնման զգացում դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ՍՍՀՄ Գերագույն սովետի առջեւ՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը դրական լուծելու համար»:

Ուշադրություն դարձրեք՝ սրանում չկա ո՛չ «Մայր հայրենիք», ո՛չ «ստալինյան կամայականություն», ո՛չ «պատմական իրավունք», ո՛չ «անբաժանելի մաս», չկա անգամ «միացում» բառը։ Ամեն ինչ տեղավորվում է ԽՍՀՄ՝ այդ պահին գործող Սահմանադրության եւ օրենքների հասկացությունների ու նորմերի շրջանակներում։ Այսինքն՝ պետական պաշտոնական մարմինն իր ասելիքն ասել է մաքուր քաղաքական հարթության վրա։

Նույնն է Լեռնային Ղարաբաղի հարցով երկրորդ պաշտոնական փաստաթղթում՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1988 թ. հունիսի 15-ի որոշման մեջ։ Ահա դրա ամբողջական տեքստը.

  1. «Համակողմանիորեն ուսումնասիրելով Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական դեպուտատների մարզային սովետի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշումը եւ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ ստեղծված լարված իրավիճակը, ինչպես նաեւ ԼՂԻՄ-ի եւ Հայկական ՍՍՀ հայ բնակչության կամքի արտահայտությունը, ղեկավարվելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի մասին ՍՍՀՄ սահմանադրության 70 հոդվածով, համաձայնություն տալ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ՍՍՀ կազմի մեջ մտնելուն:
  2. Խնդրել ԽՍՀՄ Գերագույն սովետին քննարկել եւ դրականորեն լուծել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի՝ Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ կազմի մեջ անցնելու հարցը:
  3. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը, դիմելով Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին, հույս է հայտնում, որ այդպիսի որոշումը չի խախտի երկու հանրապետությունների միջեւ եղած ավանդական բարիդրացիական հարաբերությունները եւ այն ըմբռնումով կընկալվի ադրբեջանական ժողովրդի կողմից»:

Այստեղ արդեն նշվում է նաեւ կատարված քայլի համար հիմք հանդիսացող ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան հոդվածը՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի մասին։

Եւ դրանից հետո էլ, լինի Լեռնային Ղարաբաղում թե Հայաստանում, ինչպես Շարժման տարիներին (1988-1990), այնպես էլ դրանից հետո, պաշտոնական խոսքը եւ պաշտոնյաների խոսքը կառուցված են եղել այն շրջանակներում, որը քաղաքական հարթության վրա քաղաքական լեզվով կոչվում է ազգի կամ ժողովրդի ինքնորոշման իրավունք, տվյալ դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք։ Սա էր քաղաքականության լեզուն, որով հնարավոր էր խոսել ԽՍՀՄ շրջանակներում։ Առավե՛լ սա է քաղաքականության լեզուն, որով կարելի էր խոսել միջազգային ասպարեզում, եւ որը կարող է հասկանալ միջազգային հանրությունը։ Եւ, ինչպես դեռ ԽՍՀՄ պայմաններում, այնպես էլ դրանից հետո այս լեզվով խոսելով է, որ հնարավոր եղավ հասնել հայտնի քաղաքական արդյունքների։

«Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է» լեզուն, երբ գրական, գեղարվեստական, լրագրական, հրապարակախոսական հարթությունից բարձրացվում է քաղաքական հարթություն, դառնում է այն, ինչը մեր իրականության մեջ հայտնի է հայդատականություն անվամբ։ Դրա բովանդակային թարգմանությունը այլ բան չէ, քան միջազգային իրավունքի եւ միջազգային հանրության համար խոտելի ու մերժելի պահանջատիրությունը։ Կրկին շեշտենք, որ այդ լեզվով խոսելով վաղուց կարելի էր կործանել Ղարաբաղի խնդիրը, եւ այդ գիտակցությամբ է, որ 1988-ի փետրվարից ի վեր հաջողությամբ խույս է տրվել այդ գայթակղությունից։

Առ այսօր Լեռնային Ղարաբաղի հարցով առաջին անգամ, եթե ոչ խոսքով, ապա գործով հայդատականությանը տուրք է տվել Ռ. Քոչարյանը՝ իշխանության գալուց հետո յուրացնելով Լեռնային Ղարաբաղի, որպես հակամարտության կողմի, միջազգայնորեն ճանաչված մանդատը։ Դա ծանրագույն հարված էր Ղարաբաղյան խնդրին ու նրա ինքնորոշման իրավունքի հեռանկարին (ինքնորոշումը պահանջատիրության հակոտնյան է, մեկը բացառում է մյուսը)։ Իսկ դրա իրական շարժառիթը զուտ անձնական էր՝ երկրի ներսում չունեցած օրինակարգությունը արտաքին ուժերի բարեհաճությամբ կոմպենսացնելը։ Նույն այդ նպատակով նա երկրորդ անգամ փարվեց հայդատականությանը՝ ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության մասին ելույթով եւ Ցեղասպանության խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց հռչակելով։ Սրանով էլ պիտի շահեր հայկական միջավայրի քաղաքական նրբություններին քիչ ծանոթ զանգվածի համակրանքը։ Այս քայլի տխուր արդյունքի մասին էլ բազմիցս գրվել է։

Այսինքն, երբ հայդատականությունը որեւէ դրսեւորմամբ բարձրանում է քաղաքական հարթություն, այն անխուսափելիորեն տխուր, ընդհուպ՝ կործանարար հետեւանքներ է ունենում Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Եւ հայդատականությունը քաղաքական հարթություն են բարձրացնում այն ժամանակ, երբ համարում են, որ իրական քաղաքական քայլերն սպառված են, ու պետք է ապավինել հայ հասարակության ներքեւի՝ քաղաքական պատկերացումների ու քաղաքական գիտակցության առավել համեստ մակարդակ ունեցող կամ ընդհանրապես չունեցող շերտին։ Հետո՞ ինչ, որ դրանով հերթական վնասն ու արհավիրքը կարող են բերել նույն այդ ժողովրդին։

Սերժ Սարգսյանի վերջին ելույթում արտահայտած միտքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս լինելու մասին, այս շարքից է։ Դրա քաղաքական մեկնաբանությունը հետեւյալն է։ Սահմանադրությունը փոխելու ավանտյուրայում ամեն ինչ իրականում շատ ավելի վատ է, քան երեւում է կամ կարելի է պատկերացնել։ Այս հայտարարությամբ, Լեռնային Ղարաբաղի հարցն ու ապագան վտանգելու եւ Հայաստանը միջազգային սանկցիաների վտանգի տակ դնելու ռիսկի գնով նա փորձում է իր համար այսօրեական խնդիր լուծել։ Նա հույս ունի իր այս «հույժ հայրենասիրական», «հույժ հերոսական» քայլով հայ հասարակության հատակում գտնվող զանգվածի մոտ «աչոկներ շահել» ու բարենպաստ վերաբերմունքի արժանանացնել իր նախաձեռնությունը։

Աշոտ Սարգսյան